Կրթական խորհրդի Մշակութային յանձնախմբի անդամները, աշակերտների մօտ առկայ մշակութային նախասիրութիւնները պարզելու եւ դպրոցներում մշակութային կեանքն աշխուժացնելու նպատակով, հարցաթերթիկներ էին պատրաստել դպրոցների փոխտեսուչների եւ աշակերտների համար եւ լրացւած հարցաթերթիկների միջոցով կատարել են ուսումնասիրութիւններ, որոնց արդիւնքները ներկայացնելու եւ քննարկելու նպատակով ցանկութիւն էին յայտնել հանդիպում ունենալ հայոց դպրոցների փոխտեսուչների եւ ծնողական խորհրդի անդամների հետ:
Սոյն թւականի յուլիսի 5-ին եւ յուլիսի 13-ին տեղի ունեցան խորհրդատւական եւ խորհրդակցական հանդիպումներ՝ հայոց ազգային «Մարիամեան», «Նայիրի-Սողոմոնեան» եւ «Արարատ», «Թունեան-Թովմասեան» դպրոցների 9-րդ դասարանն աւարտած աշակերտների ծնողների հետ, 10֊րդ դասարանի ուսման բնագաւառի եւ համապատասխան դպրոցի ընտրութեան թեմայով։
Կիրակի թւականիս յուլիսի 24-ին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում տօնակատարւեց Յիսուս Քրիստոսի պայծառակերպութեան տօնը:
Երկուշաբթի թւականիս յուլիսի 25-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Կրթական խորհրդի ներկայացուցիչներ՝ տկն. Կարինէ Բալըքճեանին եւ տկն. Մելինդա Քարիմ Մասիհին, ովքեր եկել էին Սրբազան Հօր տեսակէտն ստանալու Քրիստոնէական կրօն դասանիւթի դասաւանդման համար նոր ուսուցիչներ համագործակցութեան հրաւիրելու թեկնածուների վերաբերեալ:
Երկուշաբթի թւականիս յուլիսի 25-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում ընդունեց «Հայ Կին» Միութեան նորընտիր վարչութեան անդամներին, ովքեր եկել էին Սրբազան Հօր օրհնութիւնն ստանալու:
Շաբաթ թւականիս յուլիսի 23-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը Ազգ. Առաջնորդարանում հանդիպում ունեցաւ Ղարաղան շրջանի Ս. Սարգիս եկեղեցու խորհրդի ներկայացուցիչներ պարոնայք՝ Մարթին Սաֆարեանի եւ Անդրանիկ Աբնուսիի հետ:
Շաբաթ թւականիս յուլիսի 23-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում հիւրընկալեց Ի.Ի. Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ եւ Լիազօր դեսպան Արսէն Աւագեանին:
Հայոց առաքելական եկեղեցին՝ միւս եկեղեցիների նման, Ս․ Զատկից 98 օր յետոյ տօնում է Յիսուս Քրիստոսի պայծառակերպութեան տօնը։
2021-2022 ուս. տարեշրջանի աւարտին՝ ի շարունակութիւն դպրոցների այցելութեան ծրագրի, չորեքշաբթի թւականիս յուլիսի 13-ին, «Նայիրի-Սողոմոնեան» տղ. միջն. դպրոց այցելեց Թեմական խորհուրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը, ընկերակցութեամբ Կրթական խորհրդի անդամ պրն. Խաչատուր Խաչատրեանի:
Այսու յայտնում ենք Թեհրանի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ կիրակի 24 Յուլիս 2022 Տօն է Այլակերպութեան Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի (Վարդավառ): Այլակերպութեան տօնը մեր եկեղեցու հինգ մեծ տօներից է: Արդարեւ այս առիթով, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում մատուցւելու է հանդիսաւոր ս. եւ անմահ Պատարագ:
Սկիզբ ժամերգութեան ժամը 9:00
Ս. պատարագ ժամը 10:00
Քարոզ ժամը 11:00
Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կրօնական արարողութեանց նախագահելու եւ քարոզելու է թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։
Այսու հրաւիրում ենք մեր եկեղեցու հաւատացեալներին ներկայ լինելու ս. պատարագի արարողութեան, հաղորդւելու համար Քրիստոսի Պայծառակերպութեան խորհրդով եւ վերակենսաւորելու քրիստոնէական իր հաւատքը եւ լսելու Սրբազան հօր պատգամը:
Նաեւ յայտնում ենք, որ երկուշաբթի 25 Յուլիս 2022 Յիշատակ Մեռելոց է:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ