Երեքշաբթի, թւականիս Օգոստոսի 23-ին, Կարիքաւորներին օժանդակող մարմինն իր աշխատանքների շարանում, «Ա. Աւետիսեան» ազգ. բուժարանի Խնամակալ մարմնի համագործակցութեամբ իրականացրեց «Սահակեան» բարեսիրական կենտրոնի բնակիչների բուժզննման աշխատանքը, որտեղ Բուժարանի կողմից ներկայացել էին դոկտ. Հրաչ Խաչատրեանը եւ իր օգնական բուժքոյր՝ տկն. Ժասմէն Իսկանդարեանը:
Երկուշաբթի, թւականիս օգոստոսի 22-ին, Թեմական խորհրդի ատենապետ եւ միութիւնների հետ կապ՝ ճրտպ. Նորայր Արամեանը, Հ.Մ. «Սիփան» միութեան կենտրոնատեղիում, հանդիպում ունեցաւ Վարչութեան անդամների հետ:
Այսու յայտնում ենք Թեհրանի թեմի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ ուրբաթ, օգոստոսի 26-ին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում յաւարտ սուրբ եւ անմահ պատարագի, տեղի է ունենալու հոգեհանգստեան արարողութիւն՝ Երեւանի «Սուրմալու» առեւտրային կենտրոնում, տեղի ունեցած պայթունի հետեւանքով զոհւածների հոգիների խաղաղութեան համար:
Աղօթում ենք, որ Աստւած Ինքը ողորմի բոլոր զոհերի հոգիները, բայց յատկապէս մխիթարութիւն պարգեւի նրանց ընտանեկան պարագաներին ու հարազատներին:
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Երկուշաբթի, թւականիս օգոստոսի 22-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում ընդունեց «Հայ Կին» Միութեան կից «Անահիտ» միութեան նորընտիր վարչութեան անդամներին, ովքեր եկել էին Սրբազան Հօր օրհնութիւնն ստանալու:
Ամիսներ առաջ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու խորհուրդը, Եկեղեցու ժրաջան հոգեւոր Հայրերից Արժ. Տ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանի մատուցած տարիների բարի ծառայութեան առիթով, ազնիւ մտածումն ունեցաւ նամակով խնդրամատոյց լինել Առաջնորդ Սրբազան Հօրը, որպէսզի Քահանայ Հօրը լանջախաչ կրելու իրաւունք շնորհի:
Հինգշաբթի, թւականիս օգոստոսի 18-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն Ազգ. Առաջնորդարանի դահլիճում հանդիպում ունեցաւ Քրիստոնեայ աշխարհի կազմակերպութեան նախագահ՝ Ալէքսի Չէրքիզօֆի եւ իրեն ընկերակցող պատւիրակութեան հետ, ովքեր եկել էին Սրբազան Հօրը հրաւիրելու թւականիս 24-ից-25 սեպտեմբերին՝ Վլադիկովկաս քաղաքում գումարւող համագումարին մասնակցելու եւ ելոյթ ունենալու:
Հինգշաբթի, թւականիս օգոստոսի 18-ին, Թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ Արք. Սարգսեանն ընդունեց Հ.Մ. «Արարատ» Կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան փոխնախագահ Արա Գալստեանին, Մարզական միութեան նախագահ Արբի Սարգսեանին եւ 53-րդ շրջանի համահայկական խաղերի պատասխանատու՝ պրն. Նորայր Մինասեանին:
Հինգշաբթի, թւականիս օգոստոսի 18-ին, Ի.Ի. Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսիոյ Դաշնութեան Արտակարգ եւ Լիազօր դեսպան Լեւոն Ջաղարեանը, իր ողջերթի այցելութիւնը տւեց Առաջնորդ Սրբազան Հօրը:
Չորեքշաբթի, թւականիս օգոստոսի 17-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց՝ «ՀՈՒՍԿ» հաստատութեան հրաւէրով Հայաստանից ժամանած «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպութեան հիմնադիր խմբի ներկայացուցիչներ՝ կովկասագէտ՝ Կարէն Իգիթեանին, թրքագէտ, պատմական գիտութիւնների թեկնածու՝ Վարուժան Գեղամեանին, Իսրայէլի հարցերով մասնագէտ, պատմական գիտութիւնների թեկնածու՝ Սերգէյ Մելքոնեանին եւ քաղաքագէտ՝ Էդգար Էլբակեանին եւ իրենց ընկերակցող՝ բանասիրական գիտութիւնների թեկնածու եւ ԵՊՀ Արեւելագիտութեան ֆակուլտետի իրանագիտութեան ամբիոնի եւ ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայի աշխատակից՝ Արտիոմ Տօնոյեանին եւ իրանահայ ազգային-հասարակական գործիչ՝ Արթուր Յովսէփեանին:
Խոր ցաւով կարդացինք եւ լսեցինք լրատւական միջոցներից Երեւանի «Սուրմալու» առեւտրական կենտրոնում պատահած ողբերգական դէպքի մասին, որին զոհ գնացին աւելի քան 16 հոգի եւ տասնեակ վիրաւորներ:
Այս տխուր առիթով, մեր զօրակցութիւնն ենք յայտնում զոհերի ընտանիքներին եւ մեր ժողովրդին, աղօթելով միանգամայն, որ Աստւած լուսաւորէ հոգիները զոհերի եւ նրանց ընտանեկան պարագաներին պարգեւի Սուրբ Հոգու մխիթարութիւն:
Աղօթում ենք նաեւ մեր հայրենիքի անվտանգութեւն եւ ժողովրդի խաղաղութեան համար:
Այս առիթով, յանուն Թեհրանի Հայոց Թեմի Պատգամաւորական Ժողովի, Կրօնական եւ Թեմական Խորհուրդների, Հաշւեքննիչ մարմնի եւ ողջ ժողովականութեան եւ ժողովրդի, մի անգամ եւս զօրակցում եւ կողքին ենք կանգնում մեր հայրենի ժողովրդին եւ մանաւանդ զոհերի ընտանիքներին:
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ