Կիրակի թւականիս ապրիլի 17-ին, Ս. Սարգիս մայր եկեղեցում մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Հրաշափառ Յարութեան տօնի առիթով Թեմակալ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի մատուցեց Սուրբ եւ Անմահ Պատարագ՝ սպասարկութեամբ՝ Տէր Արիստակէս քհնյ. Շահմիրեանի եւ Տէր Սահակ քհնյ. Խոսրովեանի իսկ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում պատարագեց Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը:
Շաբաթ թւականիս ապրիլի 16-ին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ ճրագալոյցի արարողութիւն եւ Ս. Պատարագ, որին յաջորդեց մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Հրաշափառ Յարութեան տօնը:
Այս առիթով Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում պատարագեց եւ իր հայրական պատգամը փոխանցեց թեմակալ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իսկ Սրբ. Թարգմանչաց եկեղեցում պատարագեց Անթիլեասից քաղաքս հիւրաբար գտնւող Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը:
Կիրակի թւականիս Ապրիլ 24-ի առաւօտեան, Ազգային Առաջնորդարանի դահլիճում, նախաձեռնութեամբ Թեմիս Յարաբերական մարմնի եւ համագործակցութեամբ Հայոց Ցեղասպանութեան 107-րդ տարելիցը նշող Կենտրոնական յանձնախմբի՝ կազմակերպւել էր մամլոյ ասուլիս: Ասուլիսի ընթացքում Թեմակալ Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը եւ Հայկական հարցերի Ուսումնասիրութեան կենտրոն «ՀՈՒՍԿ» հաստատութեան նախագահ Իսիկ Իւնանէսեանը անդրադառնալով Հայոց Ցեղասպանութեան իրողութեանը եւ ներկայ կարգավիճակին պատասխանեցին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին:
Նոյն օրը Ս. Սարգիս եկեղեցում նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի մատուցւեց Ս. եւ Անմահ պատարագ: Կրօնական արարողութեան պատարագիչն էր Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը, սպասարկութեամբ՝ Տէր Արիստակէս քհնյ. Շահմիրեանի եւ Տէր Սահակ քհնյ. Խոսրովեանի։ Յաւարտ Ս. պատարագի տեղի ունեցաւ Հոգեհանգստեան արարողութիւն՝ Հայոց դատը օտար ազգերին ներկայացնող Թաւրիզահայ հայորդի հանգուցեալ Վարդան Գրիգորեանի, որից յետոյ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի գլխաւորած թափօրը հայկական միութիւնների հայ սկաուտների կազմած շարքերից անցնելով, մօտեցաւ Հայոց Մեծ Եղեռնի Սրբադասւած նահատակների յուշարձանին, ուր եւ տեղի ունեցաւ բարեխօսական աղօթք, որից յետոյ Սրբազան Հայրն օրւայ առիթով իր պատգամը փոխանցեց:
Երկուշաբթի 25 Ապրիլ 2022-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն Ազգային առաջնորդարանի դահլիճում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Սիրիայի Արաբական Հանրապետութեան դեսպան Դոկտ. Շաֆիք Տաիուպին։
Հայոց Ցեղասպանութեան 107-րդ տարելիցի ոգեկոչման առիթով, շաբաթ թւականիս ապրիլի 23-ի երեկոյեան, Թեհրանի Ս. Սարգիս, Սրբ. Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր լուսաւորիչ եկեղեցիներում տեղի ունեցաւ մոմավառութիւն, խնկարկում եւ ծաղիկների մատուցում:
«Որովհետեւ Աստւած մեզ իր հոգին տւեց, որպէսզի յաղթահարենք վախկոտութիւնը, զօրանանք, լցւենք սիրով եւ զգաստ մի կեանք վարենք»։ (Բ.Տմ 1։7)
Քրիստոնէական վարդապետութեան մեծագոյն տարածիչներից Պօղոս առաքեալի վերոյիշեալ խօսքերը կեանքի իմաստութեամբ օծուն եւ մարդս առ Աստւած հաւատքով առաջնորդող պատգամներ են, որոնք մարդու կեանքը պտղաբերում եւ արգասաւորում են։
Աստւած մեզ իր հոգով զօրացնում է, որպէսզի կարողանանք յաղթահարել վախկոտութիւնը եւ իր սիրով զօրացած մեր կեանքով հաւատարիմ մնանք Քրիստոս- Աստծուն։ Առաքելական այս յորդորը կազմում է առանցքը մեր հաւատքին, որը ծնունդ է առնում լսելուց. «Հաւատը ծնունդ է առնում քարոզչութիւնը լսելիս, իսկ քարոզչութիւնը հաւատ է արթնացնում, երբ Քրիստոսի խօսքերն են քարոզւում»(Հռ. 10։17)։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին կաթողիկոսը 2022 թւականը հռչակել է որպէս «ՍՓԻՒՌՔԻ ՏԱՐԻ», այդ իսկ առիթով թւականիս ապրիլի 19-ին Վեհափառ Հօր գլխաւորութեամբ եւ պատւոյ նախագահութեամբ «Սփիւռք-Երիտասարդութիւն» թեմայով գումարւեց խորհրդակցական հանդիպում։ Հանդիպմանը մասնակցել էին զանազան թեմերի եւ շրջաններից երիտասարդ-ուհիներ: Թեհրանի թեմից նաեւ իրենց մասնակցութիւնն էին բերել բարեշնորհ սարկաւագուհի Անի Քրիստի Մանւէլեանը, օր. Մինէ Սարգսեանը եւ պրն. Մհեր Օհանեանը:
Աւագ Ուրբաթը Յիսուս Քրիստոսի չարչարանցի, խաչելութեան, մահւան ու թաղման յիշատակութեան օրն է: Այդ օրը առաւօտեան շատ կանուխ եկեղեցիներում կատարւում է Խաչելութեան կարգ, որի ընթացքում կարդացւում են Յիսուսի` Պիղատոսի մօտ տարւելու, Գողգոթայի վրայ խաչւելու, մահւան, արեւի խաւարման աւետարանական հատւածները:
Երեկոյեան ժամերգութիւնից յետոյ նախատօնակի արարողութեան ընթացքին «Թաղման կարգ» է կատարւում, երբ Յիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ դրւում է եկեղեցու դասում ի տես հաւատացեալ ժողովրդի։
Հայոց առաքելական եկեղեցին այս տարի Յիսուս Քրիստոսի երկրային կեանքի վերջին շաբաթը՝ Աւագ շաբաթը եզրափակող արարողութիւններից Սուրբ հաղորդութեան խորհուրդի հաստատման, Ոտնալւայի ու Խաւարման կարգը վերապրեց Ապրիլի 14-ին։
Այս առիթով, Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ յաւուր պատշաճի արարողութիւն։ Ս. Սարգիս եկեղեցում կրօնական արարողութեանը նախագահեց եւ Ոտնալւայի կարգը կատարեց թեմակալ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իսկ Ս. Գրիգոր լուսաւորիչ եկեղեցում կրօնական արարողութիւնը նախագահեց եւ Ոտնալւայի կարգը կատարեց տօնական օրերի առիթով Անթիլեասից քաղաքս հիւրաբար գտնւող Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը:
Այսու յայտնում ենք Թեհրանի մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ յառաջիկայ կիրակի 24 Ապրիլ 2022-ին, Հայոց Ցեղասպանութեան 107-րդ տարելիցի առիթով մատուցւելու է Ս. եւ անմահ պատարագ Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում։ Պատարագելու եւ քարոզելու է քաղաքս հիւրաբար գտնւող՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը:
Յաւարտ Ս. եւ անմահ պատարագի տեղի է ունենալու սրբախօսական աղօթք, որով հայցելու ենք մեր նահատակ սրբերի բարեխօսութիւնը մեր ժողովրդի եւ հայրենիքի բարօրութեան եւ խաղաղ կեցութեան համար։
Հրաւիրում ենք մեր ժողովրդի զաւակներին ներկայ գտնւելու Ս. պատարագին ու բարեխօսական աղօթքին եւ վերանորոգելու իրենց պահանջատիրական պայքարի ուխտը յանուն մէկ եւ ամբողջական հայրենիքի։
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ