Նիկոլ Փաշինեանի՝ մայիսի 22-ի ծայրայեղ վտանգաւոր մամլոյ ասուլիսից յետոյ, յայտարարում ենք, որ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին հակազգային յայտարարութիւնները ոչ միայն անընդունելի են, այլեւ՝ դրանք հակասում են ՀՀ անկախութեան հռչակագրին եւ Սահմանադրութեամբ ամրագրւած Արցախի մասին յօդւածին՝ հատելով համայն հայութեան ազգային-պետական բոլոր կարմիր գծերը։
Ուստիեւ, ՀՀ վարչապետի պաշտօնը զբաղեցնող անձի կողմից Արցախի Հանրապետութեան անկախութիւնը եւ արցախահայութեան ինքնորոշման անքակտելի իրաւունքն անտեսող ստորագրւած որեւէ փաստաթուղթ մերժելի է, եւ չի կարող ունենալ որեւէ իրաւական արժէք։
Անհրաժեշտ է ողջ հայութեան ուժերի համխմբմամբ կասեցնել ՀՀ գործող իշխանութիւնների ոչ հայանպաստ եւ ազգակործան գործողութիւնների ընթացքը։
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Մայիս 2023
Թեհրան
Մեր եկեղեցու տօնացոյցի համաձայն թւականիս հինգշաբթի մայիսի 18-ը մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի երկինք Համբարձման տօնն է:
Համբարձումը քրիստոնէական կրօնը իմաստաւորող եւ արժեւորող կարեւորագոյն տօներից մէկնն է, ընդ որում պարփակւում են յաւիտենական կեանքի գերագոյն եւ անխորտակելի յոյսը, Քրիստոսի երկրորդ գալստեան երաշխիքն ու մարմինների յարութեան ու երկնքի արքայութիւն մուտք գործելու բացարձակ ճշմարտութիւնը եւ Քրիստոսի իր հաւատացեալներին տւած լիարժէք խոստումների մեկնարկը:
Անզալիի Սուրբ Աստւածածին եկեղեցու շրջափակում գտնւող Հայոց ազգ. առաջնորդարանի շէնքում բռնկւած հրդեհից պատճառւած վնասների վերականգնողական աշխատանքների կարգաւորման գործընթացին հետամուտ լինելու ուղղութեամբ, շաբաթ, 13 մայիս 2023-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ խորհրդի փոխատենապետ Վահէ Թարոյեանի միօրեայ այցով մեկնեցին Անզալի քաղաք եւ Կուսակալութեան կենտրոնում հանդիպում ունեցան՝ Անզալիի կուսակալ՝ Մոհամադ Փուռէ Խոշսաադաթի, Անզալիի Մշակութային ժառանգութեան տնօրէն՝ Փէյման Թանգբրիսի եւ Իսլ. Խորհրդարանում Անզալիի Պատգամաւոր Ահմադ Դոնեամալի հետ: Սոյն հանդիպման ներկայ է եղել նաեւ Անզալի շրջանի եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան ատենապետ Սիմոն Տէր Յովսէփեանը:
Չորեքշաբթի, 17 մայիս 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց՝ «Համազգային» Հայ կրթական եւ մշակութային միութեան ատենապետ Զաքար Քեշիշեանին, որը քաղաքվարական այցելութեամբ հանդիպեց Սրբազան Հօր հետ:
Այսու Թեհրանի հայոց թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ կիրակի, 28 Մայիս 2023-ի առաւօտեան Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում յընթացս Ս. Պատարագի, տեղի է ունենալու հանրապետական մաղթանք եւ դրօշի օրհնութիւն Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրութեան 105-րդ տարեդարձի առիթով:
Ի գիտութիւն մեր համայնքի սիրելի ժողովրդի յայտնում ենք, որ իւրաքանչիւր ուսումնական տարեշրջանի աւարտին, Կրթական խորհուրդը դպրոցների աշակերտութեան թւային պատկերների եւ առկայ հնարաւորութիւնների հիման վրայ ուսումնասիրում եւ նախատեսում է նոր ուսումնական տարեշրջանի համար գործունէութեան ծրագիր: Այս տարի, հաշւի առնելով դպրոցների վերադասաւորման անհրաժեշտութիւնը, Թեմական եւ Կրթական խորհուրդների ներկայացուցիչների մասնակցութեամբ կեանքի կոչւած յանձնախումբն անցեալ ամիսների ընթացքում մանրազնին ուսումնասիրել է դպրոցների ապագայ հեռանկարը:
Հարկ է նշել, որ դպրոցների համար նախատեսւած որեւէ փոփոխութեան գործադրում պէտք է ներկայացւի Պատգամաւորական ժողովին:
Ուստի, հերքելով այս ուղղութեամբ համայնքում շրջանառւող անհիմն եւ իրականութեանը չհամապատասխանող լուրերը, յայտնում ենք, որ այս պահին փոփոխութեան որեւէ ծրագիր չի յստակեցւել, եւ վերջնական որոշման մասին համայնքին կը տեղեկացւի Պատգամաւորական Ժողովի հաստատումից յետոյ՝ Թեմական խորհրդի պաշտօնական յայտարարութեամբ:
Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Չորեքշաբթի, 17 մայիս 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Լուսանկարիչ Հրայր Բազէ Խաչերեանին, ընկերակցութեամբ Իրանի Պատմական Եկեղեցիների Կենտրոնի տնօրէնուհի ճրտ. դոկտ. Շերլի Աւետեանի:
Երկուշաբթի, 15 մայիս 2023 թւականին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի նախկին անդամ՝ պրն. Թովմաս Թովմասեանը քաղաքավարական այցելութեամբ հանդիպեց Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին:
Երկուշաբթի, 15 մայիս 2023 թւականին, Ազգ. Առաջնորդարան այցելեցին պաշտօնական այցով Թեհրան ժամանած Արեւելքի Ասորի եկեղեցու պատրիարք Մարաւա Ռուիլ երրորդի գլխաւորած պատւիրակութիւնը, որտեղ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային Իրանի իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի, Ազգ. Իշխանութեան ներկայացուցիչների եւ Քահանայից դասի ուղեկցութեամբ Ս. Սարգիս մայր եկեղեցի մուտք գործելով, աղօթեցին եւ ապա մօտենալով Եկեղեցու շրջափակում Հայոց Մեծ Եղեռնի նահատակների յուշարձանին՝ յարգեցին յիշատակը Հայոց Ցեղասպանութեան սրբադասւած նահատակների:
Այսու մեր սիրելի ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ յառաջիկայ հինգշաբթի, 18 մայիս 2023-ին, Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի Համբարձման տօնի առիթով Թեհրանի՝ Ս. Սարգիս, Ս. Աստւածածին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Սրբ. Թարգմանչաց, Սրբ. Վարդանանց եւ Ս. Մինաս եկեղեցիներում մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ անմահ պատարագ: