Թեհրանի «Սաադ Աբադ» թանգարանային համալիրի տարազների բաժնում մեկնարկել է հայկական աւելի քան 25 պատմական տարազների ցուցահանդէսը, որոնք ներկայացնում են թէ՛ պատմական Հայաստանի կանանց, եւ թէ՛ իրանահայ կանանց ժամանակի տարազները:
Այսու յայտնում ենք մեր հաւատացեալ ժողովրդի սիրելի զաւակներին, որ յառաջիկայ հինգշաբթի 26 Մայիս 2022-ին Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի Համբարձման տօնի առիթով Թեհրանի հետեւեալ եկեղեցիներում մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ անմահ պատարագ:
- Ս. Սարգիս եկեղեցի
- Ս. Աստւածածին եկեղեցի
- Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի
- Սրբ. Թարգմանչաց եկեղեցի
- Սրբ. Վարդանանց եկեղեցի
Հրաւիրում ենք մեր ժողովրդի զաւակներին ներկայ լինելու Ս. պատարագին եւ հաղորդւելու մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Համբարձման խորհուրդով:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Այսու յայտնում ենք Թեհրանի թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ 29 Մայիս 2022-ի առաւօտեան Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում յընթացս Ս. Պատարագի, տեղի է ունենալու հանրապետական մաղթանք եւ դրօշի օրհնութիւն Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրութեան 104-րդ տարեդարձի առիթով:
Իսկ յաւարտ Ս. Պատարագին էլ կը կատարւի հոգեհանգստեան յատուկ արարողութիւն Ղարաքիլիսէի, Բաշաբարանի, Սարդարապատի եւ այլ վայրերում տեղի ունեցող ճակատամարտերում զոհւած նահատակների հոգու խաղաղութեան համար։
Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կրօնական արարողութեանց նախագահելու եւ յաւուր պատշաճի քարոզելու է թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։
Հրաւիրում ենք մեր ժողովրդի զաւակներին ներկայ լինելու կրօնական արարողութեանց եւ հաղորդւելու հայրենիքի ազատութեան համար նահատակւած հայորդիների նահատակութեան խորհուրդով։
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Տարիներ ի վեր Ուսանողների գնահատման ծրագիրն իրականացւում էր Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդի բարձր հովանավորութեամբ՝ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից, սակայն վերջին տարիներին այս գեղեցիկ աւանդոյթի իրականացումը յանձնարարւել է Թ.Հ.Թ. Կրթական խորհրդին, որն էլ իրականացնում է այն մեծ պատասխանատւութեամբ:
Ուրբաթ թւականիս մայիսի 6-ին, Հ.Մ. «Սիփան» միութեան «Նորայր Էլսայեան» դահլիճում Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ, Հայ մշակութային «Սիփան» եւ Հայ համալսարանականների ընդհանուր միութիւնների համագործակցութեամբ կազմակերպւեց եւ իրականացւեց մի ձեռնարկ, որտեղ գնահատւեցին անցեալ ուսումնական երկու տարեշրջաններում համալսարաններ ընդունւած աշակերտները:
Երկուշաբթի ապիլի 18-ին, մեռելոցի օրը Սուրբ եւ Անմահ Պատարագ Մատուցւեց Նոր Բուրաստանի Ս. Ստեփանոս մատուռում նախագահութեամբ Թեմակալ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի ու ձեռամբ Արժ. Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանի, իսկ Դուլաբի գերեզմանատան Ս. Յովհաննէս Մկրտիչ Մատուռում նախագահութեամբ Գերշ. Տ.Մակար Ս. Եպս. Աշգարեանի եւ ձեռամբ Արժ. Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեանի:
Պատարագի աւարտին տեղի ունեցաւ հոգեհանգստեան յատուկ արարողութիւն հայ ազգի բոլոր հին ու նոր ննջեցեալների, ինչպէս նաեւ արցախեան եռեակ պատերազմների նահատակների հոգիների խաղաղութեան համար։
Կիրակի թւականիս ապրիլի 17-ին, Ս. Սարգիս մայր եկեղեցում մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Հրաշափառ Յարութեան տօնի առիթով Թեմակալ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի մատուցեց Սուրբ եւ Անմահ Պատարագ՝ սպասարկութեամբ՝ Տէր Արիստակէս քհնյ. Շահմիրեանի եւ Տէր Սահակ քհնյ. Խոսրովեանի իսկ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում պատարագեց Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը:
Շաբաթ թւականիս ապրիլի 16-ին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ ճրագալոյցի արարողութիւն եւ Ս. Պատարագ, որին յաջորդեց մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Հրաշափառ Յարութեան տօնը:
Այս առիթով Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում պատարագեց եւ իր հայրական պատգամը փոխանցեց թեմակալ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իսկ Սրբ. Թարգմանչաց եկեղեցում պատարագեց Անթիլեասից քաղաքս հիւրաբար գտնւող Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը:
Կիրակի թւականիս Ապրիլ 24-ի առաւօտեան, Ազգային Առաջնորդարանի դահլիճում, նախաձեռնութեամբ Թեմիս Յարաբերական մարմնի եւ համագործակցութեամբ Հայոց Ցեղասպանութեան 107-րդ տարելիցը նշող Կենտրոնական յանձնախմբի՝ կազմակերպւել էր մամլոյ ասուլիս: Ասուլիսի ընթացքում Թեմակալ Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը եւ Հայկական հարցերի Ուսումնասիրութեան կենտրոն «ՀՈՒՍԿ» հաստատութեան նախագահ Իսիկ Իւնանէսեանը անդրադառնալով Հայոց Ցեղասպանութեան իրողութեանը եւ ներկայ կարգավիճակին պատասխանեցին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին:
Նոյն օրը Ս. Սարգիս եկեղեցում նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի մատուցւեց Ս. եւ Անմահ պատարագ: Կրօնական արարողութեան պատարագիչն էր Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը, սպասարկութեամբ՝ Տէր Արիստակէս քհնյ. Շահմիրեանի եւ Տէր Սահակ քհնյ. Խոսրովեանի։ Յաւարտ Ս. պատարագի տեղի ունեցաւ Հոգեհանգստեան արարողութիւն՝ Հայոց դատը օտար ազգերին ներկայացնող Թաւրիզահայ հայորդի հանգուցեալ Վարդան Գրիգորեանի, որից յետոյ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի գլխաւորած թափօրը հայկական միութիւնների հայ սկաուտների կազմած շարքերից անցնելով, մօտեցաւ Հայոց Մեծ Եղեռնի Սրբադասւած նահատակների յուշարձանին, ուր եւ տեղի ունեցաւ բարեխօսական աղօթք, որից յետոյ Սրբազան Հայրն օրւայ առիթով իր պատգամը փոխանցեց:
Երկուշաբթի 25 Ապրիլ 2022-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն Ազգային առաջնորդարանի դահլիճում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Սիրիայի Արաբական Հանրապետութեան դեսպան Դոկտ. Շաֆիք Տաիուպին։
Հայոց Ցեղասպանութեան 107-րդ տարելիցի ոգեկոչման առիթով, շաբաթ թւականիս ապրիլի 23-ի երեկոյեան, Թեհրանի Ս. Սարգիս, Սրբ. Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր լուսաւորիչ եկեղեցիներում տեղի ունեցաւ մոմավառութիւն, խնկարկում եւ ծաղիկների մատուցում: