Ազնւափայլ Դոկտ. Ադրինէ Մելիք-Խաչատրեան
Հոգեկան ուրախութեամբ իմացանք, որ նշանակւել էք «Սանաթի Շարիֆ» պետական համալսարանի ճարտարագիտութեան եւ նիւթագիտութեան ֆակուլտետի ուսանողների եւ մշակութային հարցերի գծով ռեկտորի տեղակալ:
Այսու ուրախութեամբ` մեր ջերմագին շնորհաւորանքներն եւ բարեմաղթանքներն ենք յղում «Սանաթի Շարիֆ» պետական համալսարանի դասախօս դոկտ. Ադրինէ Մելիք-Խաչատրեանին նոյն համալսարանի՝ ճարտարագիտութեան եւ նիւթագիտութեան ֆակուլտետի ուսանողների եւ մշակութային հարցերի գծով ռեկտորի տեղակալ նշանակւելու կապակցութեամբ եւ մաղթում նորանոր նւաճումներ եւ յաջողութիւններ:
Այսու յայտնում ենք մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ երեքշաբթի, 22 փետրւար 2022 տօնն է Սրբոց Ղեւոնդեանց քահանայիցն: Սոյն տօնը տօնն է նաեւ քահանայութեան որով եւ քահանայից: Այս առիթով, երեքշաբթի 22 փետրւար 2022-ին հանդիսաւոր Ս. եւ Անմահ պատարագ է մատուցւելու Սրբոց Թարգմանչաց եկեղեցում։
Այսու յայտնում ենք մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ հինգշաբթի, 24 փետրւար 2022-ին, ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ԶՕՐԱՎԱՐԱՑՆ ՄԵՐՈՑ ՀԱԶԱՐ ԵՐԵՍՈՒՆ ԵՒ ՎԵՑ ՎԿԱՅԻՑՆ, ՈՐՔ ԿԱՏԱՐԵՑԱՆ Ի ՄԵԾԻ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՏՕՆՆ Է: Այս առիթով հանդիսաւոր Ս. եւ անմահ Պատարագ է մատուցւելու Թեհրանի մեր եկեղեցիներում:
Սուրբ Սարգիս Զօրավարը կարգւած է համաքրիստոնէական աշխարհի սրբերի դասին։
Ամէն տարի Մեծ պահքից 15 օր առաջ յիշատակւում է Ս. Սարգսի տօնը։ Սուրբ Սարգիսը պատկանում է սրբոց այն փաղանգին, որոնք Սուրբ Առաքեալների շրջանից սկսեալ մինչեւ 5-րդ դար իրենց հաւատքով եւ արեամբ վկայել են Քրիստոսին եւ ամփոփւել են հայրենի հողում։
Կիրակի 13 փետրւար 2022-ի երեկոյեան ժամը 4-ին, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւեց Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակի արարողութիւն:
Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կրօնական արարողութեանց նախագահեց եւ իր պատգամը փոխանցեց թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: Արարողութեանը ներկայ էին նկատառելի թւով հաւատացեալ ժողովուրդ:
Չորեքշաբթի թւականիս փետրւարի 2-ին, Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւեց հերթական հանդիպումը ասորի Քաղդէական կաթոլիկ եկեղեցու եւ Արեւելեան ասորի եկեղեցու ներկայացուցիչների հետ Կրօնի 10-րդ, 11-րդ եւ 12–րդ դասարանների դասագրքերի վերանայման եւ նիւթերի նոյնականացման վերաբերեալ:
Հանդիպմանը ներկայ էին Կրթական խորհրդի ատենապետ Ալֆրէդ Կարապետեանը, Տ. Գրիգորիս քահանայ Ներսէսեանը, Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի նախագահ Անի Մանուկեանը, ասորի Քաղդեական կաթոլիկ եկեղեցու քահանայ՝ հայր Ռայան Իսային, Արեւելեան ասորի եկեղեցու քահանայ՝ տէր Իւբալիթ Ալդոն, Կրօնի ուսուցուհիներ՝ Սիլւա Գրիգորեանը, տկն. Գեանջէն եւ Ժանէթ Խամիս Հեսարը:
Կիրակի թւականիս փետրւարի 6-ին, Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում հիւրընկալեց Հայաստանից ժամանած լրագրողներ պարոնայք՝ Էրիկ Անթառանեանին եւ Արման Նուռին, որոնց ընկերակցում էր «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ պրն. Արամիկ Շահնազարեանը:
Հանդիպման ընթացքում հակիրճ խօսւեց Իրանում հայ համայնքի հասարակական կեանքի եւ Հայաստանի ներքաղաքական հարցերի մասին:
Վերոնշեալ հանդիպմանը յաջորդեց Չինաստանից ժամանած հայ գործարար պրն. Յակոբ Օհանեանի այցելութիւնը Սրբազանին:
Պրն. Յակոբեանը ժամանել է Թեհրան ներկայ լինելու եւ ուսումնասիրելու պետական հովանաւորութեամբ կազմակերպւած «Պլաստիկէ մեքենաների նիւթեր եւ կաղապարներ» խորագրով ցուցահանդէսին: Նշենք, որ նա քրոջ որդին է ազգային բարերար Տիար Գաբրիէլ Չէմպէրճեանի:
Սրբազան Հայրը մեծապէս ողջունեց եւ յաջողութիւն մաղթեց այցելուներին իրենց աշխատանքների շրջագծում:
Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ
Երեքշաբթի թւականիս փետրւարի 8-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը խորհրդակցական հանդիպում ունեցաւ Իրանի Իսլամական յեղափոխութեան 43-րդ տարեդարձի առիթով, Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւելիք «Յեղափոխութիւնից մինչ այսօր» խորագրով ցուցահանդէսի պատասխանատու պրն. Արտոյտ Զոհրաբեանի հետ՝ ծրագրին առնչւող նախնական աշխատանքները ծրագրելու եւ համադրումները կատարելու կապակցութեամբ:
Նշենք, որ համաճարակի վեցերորդ ալիքի բռնկման եւ «Օմիկրոն» շտամի արագ ու համատարած տարածման պատճառով, ցուցահանդէսը կանցկացւի սահմանափակ թւով հիւրերի ներկայութեամբ։
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ
Ժողովուրդների կեանքում կան թւականներ, որոնք ոչ միայն տւեալ ժողովրդի կեանքում, այլեւ շրջանային եւ միջազգային պատմութեան մէջ մնայուն հետք են թողնում եւ միւս կողմից էլ հանդիսանում են մեկնակէտ նոր կեանքի, այլեւ ներշնչման ու զօրութեան աղբիւր, որից բխող սնունդով տւեալ ժողովուրդը իր կեանքը կենսաւորում եւ պայծառակերպում է։ Այդպիսին էր ֆրանսական Յեղափոխութիւնը տասնութերորդ դարի վերջաւորութեան։
1979-ի կէսերից ծայր առած Յեղափոխական շարժումը Իրանում ի վերջոյ 1979-ի սկիզբներից ծաւալւեց եւ իր յաջողութեան գագաթնակէտին հասաւ նոյն թւի Բահման ամսւայ 22-ին, երբ Յեղափոխութեան պայծառ արեւը շողաց Իրանի երկնակամարի վրայ, ջերմացրեց հոգիները ցրտահար ժողովրդի, որ անձկագին սպասում էր Յեղափոխութեան արշալոյսի ծագման։