Կիրակի թւականիս փետրւարի 6-ին, Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում հիւրընկալեց Հայաստանից ժամանած լրագրողներ պարոնայք՝ Էրիկ Անթառանեանին եւ Արման Նուռին, որոնց ընկերակցում էր «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ պրն. Արամիկ Շահնազարեանը:
Հանդիպման ընթացքում հակիրճ խօսւեց Իրանում հայ համայնքի հասարակական կեանքի եւ Հայաստանի ներքաղաքական հարցերի մասին:
Վերոնշեալ հանդիպմանը յաջորդեց Չինաստանից ժամանած հայ գործարար պրն. Յակոբ Օհանեանի այցելութիւնը Սրբազանին:
Պրն. Յակոբեանը ժամանել է Թեհրան ներկայ լինելու եւ ուսումնասիրելու պետական հովանաւորութեամբ կազմակերպւած «Պլաստիկէ մեքենաների նիւթեր եւ կաղապարներ» խորագրով ցուցահանդէսին: Նշենք, որ նա քրոջ որդին է ազգային բարերար Տիար Գաբրիէլ Չէմպէրճեանի:
Սրբազան Հայրը մեծապէս ողջունեց եւ յաջողութիւն մաղթեց այցելուներին իրենց աշխատանքների շրջագծում:
Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ
Երեքշաբթի թւականիս փետրւարի 8-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը խորհրդակցական հանդիպում ունեցաւ Իրանի Իսլամական յեղափոխութեան 43-րդ տարեդարձի առիթով, Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւելիք «Յեղափոխութիւնից մինչ այսօր» խորագրով ցուցահանդէսի պատասխանատու պրն. Արտոյտ Զոհրաբեանի հետ՝ ծրագրին առնչւող նախնական աշխատանքները ծրագրելու եւ համադրումները կատարելու կապակցութեամբ:
Նշենք, որ համաճարակի վեցերորդ ալիքի բռնկման եւ «Օմիկրոն» շտամի արագ ու համատարած տարածման պատճառով, ցուցահանդէսը կանցկացւի սահմանափակ թւով հիւրերի ներկայութեամբ։
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ
Ժողովուրդների կեանքում կան թւականներ, որոնք ոչ միայն տւեալ ժողովրդի կեանքում, այլեւ շրջանային եւ միջազգային պատմութեան մէջ մնայուն հետք են թողնում եւ միւս կողմից էլ հանդիսանում են մեկնակէտ նոր կեանքի, այլեւ ներշնչման ու զօրութեան աղբիւր, որից բխող սնունդով տւեալ ժողովուրդը իր կեանքը կենսաւորում եւ պայծառակերպում է։ Այդպիսին էր ֆրանսական Յեղափոխութիւնը տասնութերորդ դարի վերջաւորութեան։
1979-ի կէսերից ծայր առած Յեղափոխական շարժումը Իրանում ի վերջոյ 1979-ի սկիզբներից ծաւալւեց եւ իր յաջողութեան գագաթնակէտին հասաւ նոյն թւի Բահման ամսւայ 22-ին, երբ Յեղափոխութեան պայծառ արեւը շողաց Իրանի երկնակամարի վրայ, ջերմացրեց հոգիները ցրտահար ժողովրդի, որ անձկագին սպասում էր Յեղափոխութեան արշալոյսի ծագման։
Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 43-րդ տարեդարձի առիթով, հինգշաբթի, փետրւարի 3-ին համայն երկրում յատուկ արարողութիւն կատարւեց նահատակների յիշատակին եւ ուղղաթիռներով բոլոր գերեզմանատներում նահատակների շիրիմները պատւեցին ծաղիկներով:
Արդէն 16 անընդմէջ տարիներ է ինչ Իրանում կրօնական փոքրամասնութիւններից իւրաքանչիւր մէկի գերեզմանատանը, նահատակների բաժնում յատուկ արարողութիւն է կատարւում պետական հիւրերի եւ կրօնական փոքրամասնութիւնների նահատակների ընտանիքների մասնակցութեամբ:
Այսու յայտնում ենք Թեհրանի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ երկուշաբթի 14 փետրւար 2022 Տեառնընդառաջ է այսինքն Տօն Քառասնօրեայ Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն:
Այս առիթով, կիրակի 13 փետրւար 2022-ի երեկոյեան ժամը 4-ին, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւելու է Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակ:
Տեառնընդառաջի տօնը տօնն է նաեւ ՀԱՅ ՄԱՆԿԱՆ. այսու կոչ ենք անում մեր սիրելի ծնողներին, որ իրենց նորածին երեխաներին այդ օրը՝ կիրակի 13 փետրւար 2022-ի երեկոյեան եկեղեցի բերեն, որպէսզի յընթացս եկեղեցական արարողութեան նորածինների տաճարը ընծայման խորհրդաւոր կարգը ընդունեն:
Յայտնենք, որ Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կրօնական արարողութեանց նախագահելու եւ իր պատգամը փոխանցելու է թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:
Հրաւիրում ենք մեր հաւատացեալ ժողովրդին ներկայ լինելու վերոյիշեալ արարողութեան եւ հաղորդւելու Տեառնընդառաջի խորհուրդով:
Այս առիթով թելադրում ենք մեր միութիւններին, կազմակերպութիւններին եւ ծնողական խորհուրդներին, որ Տեառնընդառաջի առիթով ինչպէս եկեղեցում նոյնպէս միութիւններում եւ դպրոցներում կազմակերպեն աւանդական հրավառութիւն, հայավայել եւ քրիստոնէավայել կերպով, այնպէս ինչպէս մեր հայրերն էին այն տօնում, միաժամանակ բացատրելով տօնին հետ կապւած հրավառութեան իմաստը, պահելով պետական սահմանափակումներով սահմանւած կարգն ու կանոնը։
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Շաբաթ թւականիս փետրւարի 5-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ նոյն խորհրդի անդամ եւ Կրթական խորհրդի հետ կապ տկն. Անի Միրզախանեանի, Ազգային Առաջնորդարանի դահլիճում հանդիպում ունեցաւ Կրթական խորհրդի հետ:
Ազնւափայլ Դոկտ. Արփի Մանուկեան
Հոգեկան ուրախութեամբ իմացանք, որ նշանակւել էք Թեհրանի Բժշկագիտական պետական համալսարանի մանկաբարձութեան եւ բուժքույրութեան ֆակուլտետի միջազգային յարաբերութիւնների բաժնի պատասխանատուի տեղակալ:
Այս ուրախ առիթով շնորհաւորում ենք Ձեզ եւ մեր ջերմ գնահատանքն ու օրհնութիւնը յղում ենք Ձեզ հայցելով Աստծուց Ձեզ համար առողջութիւն, յաջողութիւն եւ արդիւնաւէտ գործունէութիւն:
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Մեծարգոյ Պրոֆ. Գէորգ Կարապետեան
Այսու հոգեկան գոհունակութեամբ եւ առ Աստւած առաքւած գոհաբանութեամբ իմացանք, որ Դուք Ամիր-քաբիր արդիւնաբերական համալսարանի Էլեկտրատեխնիկական ֆակուլտետի որպէս դասախօս եւ Էներգահամակարգերի ոլորտում հանրայայտ հետազօտող, Ձեր մեծ ներդրումն էք ունեցել Բաշխիչ ցանցերում միկրոցանցերի յաճախականութեան վերահսկման բարելւաման ուսումնասիրական գործում եւ Համաշխարհային ճարտարագիտական մեծագոյն ասոցիացիայի՝ Էլեկտրական եւ էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտի (IEEE) կողմից ճանաչւել էք իբրեւ ականաւոր հեղինակ։
Այս ուրախ առիթով շնորհաւորում եւ օրհնում ենք Ձեզ սիրելի Պրոֆ. Գէորգ Կարապետեան եւ աղօթում, որ ամենաբարին Աստւած ձեզի շնորհի առաւել իմաստութիւն գիտական ասպարէզի մէջ, որով կը կարողանաք առաւել մասնակցութիւնբերել Իրանի գիտական աշխարհին։
Յատկանշական է որ Պրոֆ. Կարապետեանը եղել է ժամանակի Պատգամաւորական Ժողովի եւ նաեւ Կրթական Խորհրդի անդամ։
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Այսու յայտնում ենք Թեհրանի Հայոց Թեմի մեր հաւատացեալ ժողովրդին, որ շաբաթ 12 Փետրւար 2022-ի Ս. Սարգիս Զօրավարի եւ իր որդուն՝ Մարտիրոսի տօնն է: Յայտնենք, որ Ս. Սարգիս Զօրավարի տօնը համընկնում է Ս. Սարգիս Առաջնորդանիստ մայր եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Հինգշաբթի թւականիս փետրւարի 3-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Իրանի Պատմական Եկեղեցիների Կենտրոնի տնօրէնուհի ճրտ. դոկտ. Շերլի Աւետեանին, ով եկել էր Սրբազան Հօրը փոխանցելու ՄԱԿ-ի կրթութեան, գիտութեան եւ մշակոյթի կազմակերպութեան կողմից հաստատւած Ս. Թադէի վանքի ԻՒՆԵՍԿՕ-ի պատմական յուշակոթողների շարքին ընդգրկման եւ գրանցման վկայագիրը: