Սուրբ Սարգիս Զօրավարը կարգւած է համաքրիստոնէական աշխարհի սրբերի դասին։
Ամէն տարի Մեծ պահքից 15 օր առաջ յիշատակւում է Ս. Սարգսի տօնը։ Սուրբ Սարգիսը պատկանում է սրբոց այն փաղանգին, որոնք Սուրբ Առաքեալների շրջանից սկսեալ մինչեւ 5-րդ դար իրենց հաւատքով եւ արեամբ վկայել են Քրիստոսին եւ ամփոփւել են հայրենի հողում։
Կիրակի 13 փետրւար 2022-ի երեկոյեան ժամը 4-ին, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւեց Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակի արարողութիւն:
Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կրօնական արարողութեանց նախագահեց եւ իր պատգամը փոխանցեց թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: Արարողութեանը ներկայ էին նկատառելի թւով հաւատացեալ ժողովուրդ:
Չորեքշաբթի թւականիս փետրւարի 2-ին, Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւեց հերթական հանդիպումը ասորի Քաղդէական կաթոլիկ եկեղեցու եւ Արեւելեան ասորի եկեղեցու ներկայացուցիչների հետ Կրօնի 10-րդ, 11-րդ եւ 12–րդ դասարանների դասագրքերի վերանայման եւ նիւթերի նոյնականացման վերաբերեալ:
Հանդիպմանը ներկայ էին Կրթական խորհրդի ատենապետ Ալֆրէդ Կարապետեանը, Տ. Գրիգորիս քահանայ Ներսէսեանը, Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի նախագահ Անի Մանուկեանը, ասորի Քաղդեական կաթոլիկ եկեղեցու քահանայ՝ հայր Ռայան Իսային, Արեւելեան ասորի եկեղեցու քահանայ՝ տէր Իւբալիթ Ալդոն, Կրօնի ուսուցուհիներ՝ Սիլւա Գրիգորեանը, տկն. Գեանջէն եւ Ժանէթ Խամիս Հեսարը:
Կիրակի թւականիս փետրւարի 6-ին, Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում հիւրընկալեց Հայաստանից ժամանած լրագրողներ պարոնայք՝ Էրիկ Անթառանեանին եւ Արման Նուռին, որոնց ընկերակցում էր «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ պրն. Արամիկ Շահնազարեանը:
Հանդիպման ընթացքում հակիրճ խօսւեց Իրանում հայ համայնքի հասարակական կեանքի եւ Հայաստանի ներքաղաքական հարցերի մասին:
Վերոնշեալ հանդիպմանը յաջորդեց Չինաստանից ժամանած հայ գործարար պրն. Յակոբ Օհանեանի այցելութիւնը Սրբազանին:
Պրն. Յակոբեանը ժամանել է Թեհրան ներկայ լինելու եւ ուսումնասիրելու պետական հովանաւորութեամբ կազմակերպւած «Պլաստիկէ մեքենաների նիւթեր եւ կաղապարներ» խորագրով ցուցահանդէսին: Նշենք, որ նա քրոջ որդին է ազգային բարերար Տիար Գաբրիէլ Չէմպէրճեանի:
Սրբազան Հայրը մեծապէս ողջունեց եւ յաջողութիւն մաղթեց այցելուներին իրենց աշխատանքների շրջագծում:
Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ
Երեքշաբթի թւականիս փետրւարի 8-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը խորհրդակցական հանդիպում ունեցաւ Իրանի Իսլամական յեղափոխութեան 43-րդ տարեդարձի առիթով, Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւելիք «Յեղափոխութիւնից մինչ այսօր» խորագրով ցուցահանդէսի պատասխանատու պրն. Արտոյտ Զոհրաբեանի հետ՝ ծրագրին առնչւող նախնական աշխատանքները ծրագրելու եւ համադրումները կատարելու կապակցութեամբ:
Նշենք, որ համաճարակի վեցերորդ ալիքի բռնկման եւ «Օմիկրոն» շտամի արագ ու համատարած տարածման պատճառով, ցուցահանդէսը կանցկացւի սահմանափակ թւով հիւրերի ներկայութեամբ։
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ
Ժողովուրդների կեանքում կան թւականներ, որոնք ոչ միայն տւեալ ժողովրդի կեանքում, այլեւ շրջանային եւ միջազգային պատմութեան մէջ մնայուն հետք են թողնում եւ միւս կողմից էլ հանդիսանում են մեկնակէտ նոր կեանքի, այլեւ ներշնչման ու զօրութեան աղբիւր, որից բխող սնունդով տւեալ ժողովուրդը իր կեանքը կենսաւորում եւ պայծառակերպում է։ Այդպիսին էր ֆրանսական Յեղափոխութիւնը տասնութերորդ դարի վերջաւորութեան։
1979-ի կէսերից ծայր առած Յեղափոխական շարժումը Իրանում ի վերջոյ 1979-ի սկիզբներից ծաւալւեց եւ իր յաջողութեան գագաթնակէտին հասաւ նոյն թւի Բահման ամսւայ 22-ին, երբ Յեղափոխութեան պայծառ արեւը շողաց Իրանի երկնակամարի վրայ, ջերմացրեց հոգիները ցրտահար ժողովրդի, որ անձկագին սպասում էր Յեղափոխութեան արշալոյսի ծագման։
Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 43-րդ տարեդարձի առիթով, հինգշաբթի, փետրւարի 3-ին համայն երկրում յատուկ արարողութիւն կատարւեց նահատակների յիշատակին եւ ուղղաթիռներով բոլոր գերեզմանատներում նահատակների շիրիմները պատւեցին ծաղիկներով:
Արդէն 16 անընդմէջ տարիներ է ինչ Իրանում կրօնական փոքրամասնութիւններից իւրաքանչիւր մէկի գերեզմանատանը, նահատակների բաժնում յատուկ արարողութիւն է կատարւում պետական հիւրերի եւ կրօնական փոքրամասնութիւնների նահատակների ընտանիքների մասնակցութեամբ:
Այսու յայտնում ենք Թեհրանի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ երկուշաբթի 14 փետրւար 2022 Տեառնընդառաջ է այսինքն Տօն Քառասնօրեայ Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն:
Այս առիթով, կիրակի 13 փետրւար 2022-ի երեկոյեան ժամը 4-ին, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւելու է Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակ:
Տեառնընդառաջի տօնը տօնն է նաեւ ՀԱՅ ՄԱՆԿԱՆ. այսու կոչ ենք անում մեր սիրելի ծնողներին, որ իրենց նորածին երեխաներին այդ օրը՝ կիրակի 13 փետրւար 2022-ի երեկոյեան եկեղեցի բերեն, որպէսզի յընթացս եկեղեցական արարողութեան նորածինների տաճարը ընծայման խորհրդաւոր կարգը ընդունեն:
Յայտնենք, որ Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կրօնական արարողութեանց նախագահելու եւ իր պատգամը փոխանցելու է թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:
Հրաւիրում ենք մեր հաւատացեալ ժողովրդին ներկայ լինելու վերոյիշեալ արարողութեան եւ հաղորդւելու Տեառնընդառաջի խորհուրդով:
Այս առիթով թելադրում ենք մեր միութիւններին, կազմակերպութիւններին եւ ծնողական խորհուրդներին, որ Տեառնընդառաջի առիթով ինչպէս եկեղեցում նոյնպէս միութիւններում եւ դպրոցներում կազմակերպեն աւանդական հրավառութիւն, հայավայել եւ քրիստոնէավայել կերպով, այնպէս ինչպէս մեր հայրերն էին այն տօնում, միաժամանակ բացատրելով տօնին հետ կապւած հրավառութեան իմաստը, պահելով պետական սահմանափակումներով սահմանւած կարգն ու կանոնը։
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Շաբաթ թւականիս փետրւարի 5-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ նոյն խորհրդի անդամ եւ Կրթական խորհրդի հետ կապ տկն. Անի Միրզախանեանի, Ազգային Առաջնորդարանի դահլիճում հանդիպում ունեցաւ Կրթական խորհրդի հետ:
Ազնւափայլ Դոկտ. Արփի Մանուկեան
Հոգեկան ուրախութեամբ իմացանք, որ նշանակւել էք Թեհրանի Բժշկագիտական պետական համալսարանի մանկաբարձութեան եւ բուժքույրութեան ֆակուլտետի միջազգային յարաբերութիւնների բաժնի պատասխանատուի տեղակալ:
Այս ուրախ առիթով շնորհաւորում ենք Ձեզ եւ մեր ջերմ գնահատանքն ու օրհնութիւնը յղում ենք Ձեզ հայցելով Աստծուց Ձեզ համար առողջութիւն, յաջողութիւն եւ արդիւնաւէտ գործունէութիւն:
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ