Չորեքշաբթի 6 հոկտեմբեր 2021 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Սրբ. Թարգմանչաց եկեղեցու խորհրդի ատենապետուհի՝ Քառոլին Մանդանեանին եւ Խորհրդի անդամներ՝ տկն. Ժաքլին Շահմիրեանին եւ պրն. Ջանսէն Յակոբեանին: Հանդիպման ներկայ էր նաեւ քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու՝ տկն. Շաքէ Եղիայեանը:
Այսու յայտնում ենք մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ շաբաթ 9 հոկտեմբեր 2021-ին տօնն է ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՎԱՐԴԱՊԵՏԱՑՆ ՄԵՐՈՑ՝ ՄԵՍՐՈՊԱՅ, ԵՂԻՇԷԻ, ՄՈՎՍԻՍԻ ՔԵՐԹՈՂԱՀՕՐՆ, ԴԱՒԹԻ ԱՆՅԱՂԹ ՓԻԼԻՍՈՓԱՅԻՆ, ԳՐԻԳՈՐԻ ՆԱՐԵԿԱՑՒՈՅՆ եւ ՆԵՐՍԻՍԻ ԿԼԱՅԵՑՒՈՅՆ: Սրբոց Թարգմանչաց տօնը համընկնում է Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Կիրակի 3 հոկտեմբեր 2021 թւականին Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ Արա Շահվերդեանին եւ Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր՝ Ռոբերթ Բեգլարեանին:
Պատգամաւորները եկած էին քաղաքավարական այցելութիւն տալու, ցաւակցելու եւ իրենց վշտակցութիւնն յայտնելու Սրբազան Հօր շարժավար եւ Ազգ. Առաջնորդարանի պաշտօնեայ` Հանգուցեալ Ալֆրէդ Շահմիրեանի մահւան համար:
Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ
Երկուշաբթի 4 հոկտեմբեր 2021 թւականին Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Պատգամաւորական ժողովի ատենապետ՝ Վահիկ Աղաքեանին։
Հանդիպումը առիթ եղաւ քննարկելու պատգամաւորական ժողովի գումարւած նիստին կապւած հարցերը եւ գնահատումը կատարւեց տեղի ունեցած ընտրութիւնների:
Տեղի ունեցաւ նաեւ կարծիքների փոխանակում յառաջիկայ աշխատանքների մասին։
Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ
Առ ի գիտութիւն յայտնում ենք Թեհրանի թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ Թ.Հ.Թ. 16-րդ Պատգամաւորական ժողովը Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի նախագահութեամբ եւ պրն. Ժոզէֆ Մեհրաբեանի եւ պրն. Վահիկ Աղաքեանի ատենապետութեամբ թւականիս սեպտեմբերի 29-ին, 30-ին, հոկտեմբերի 1-ին եւ 2-ին, գումարւած իր հերթական նիստերում ունկնդրեց շրջանաւարտ Թ.Հ.Թ Կրօնական եւ Թեմական խորհուրդների եւ Հաշւեքննիչ մարմնի 28-ամսեայ գործունէութեան զեկոյցը։
Շաբաթ թւականիս հոկտեմբերի 2-ի գումարւած ընտրական նիստին մասնակցեց Ներքին գործոց նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների, միութիւնների եւ քաղաքական հարցերով հիմնարկի նախագահ՝ պրն. Հեշմաթեանը։
Աշխարհը տագնապի մատնած, կեանքը դառնացուցած թագաժահր համաճարակը մօտաւորապէս երկու տարուց ի վեր մանգաղը ձեռքը առած հնձում է իր առջեւ ելած ամէն ինչ յատկապէս մարդ էակը։ Միլիոնաւոր մարդիկ զոհ են եղել եւ դեռեւս զոհ են գնում վերոյիշեալ համաճարակից։
Համաճարակի զոհերից եղաւ մեր սիրելի Մեսրոպը, մարդ որ մարդու տեսակի ամենալաւերից էր. մի մարդ, որի սիրտը փափախում էր իր ընտանիքի, ընտանիքի հարազատների սիրով, մի մարդ, որ իր ծնողներից ժառանգած ՛՛բալու՛՛ական բարութեամբ, անկեղծութեամբ ու հարազատութեամբ ազնւութիւն էր բուրում, սէր ու նւիրում էր բաշխում իր սիրելիներին, հայրենակիցներին։
Չգիտեմ ինչպէս սկսեմ …։
Գրասենեակում նստած, գրասեղանիս առաջ կարծում եմ, որ հիմա ներս ես մտնելու եւ ասես.«Սրբազան մի բան ուզում էք»։ Իզուր եմ դուռին նայում, միայն քո ստւերն եմ տեսնում եւ յանկարծ ժպտում եմ եւ դէմքդ ուրւագծւում է մի պահ. հեռաձայնի զանգը սթափեցնում է ինձ… սառն ու դառն իրականութիւն… Ալֆրէդը չկայ։ Չկայ իր պայծառ ու խնդումերես դիմագծով, իր քաղցր ժպիտով ու ծառայելու պատրաստակամ ոգիով։ Չկայ իր հաճելի ու դիւրահաղորդ ներկայութեամբ։
Երեքշաբթի թւականիս սեպտեմբերի 28-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Բժշկագիտական համալսարանի դասխօս եւ Բժշկական գիտութիւնների ակադեմիայի մնայուն անդամ՝ Դոկտ. Մոհամմադ Հոսէյն Նիքնամիին, որը եկած էին քաղաքավարական այցելութիւն տալու Առաջնորդ Սրբազանին:
Երեքշաբթի թւականիս սեպտեմբերի 28-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Հ.Մ. «Րաֆֆի» միութեան վարչութեան ներկայացուցիչներին, որը եկած էին քաղաքավարական այցելութիւն տալու Առաջնորդ Սրբազանին:
Թեմիս Առաջնորդ Սրբազան Հայրը եւ Ազգ. Առաջնորդարանի ողջ պաշտօնէութիւնը, խոր վշտով գուժում են Ազգ. Առաջնորդարանի երկարամեայ պաշտօնեայ (Սրբազան Հօր շարժավար)՝ ԱԼՖՐԷԴ ՇԱՀՄԻՐԵԱՆԻ մահը, որը տեղի ունեցաւ շաբաթ 2 հոկտեմբեր 2021 թ. առաւօտեան:
Խորապէս ցաւակցում ենք իր ընտանիքին՝ Տիկնոջը, Դստեր, Ծնողքին եւ Եղբայրներին:
Թաղման հետ կապւած մանրամասնութիւնները շուտով կը ծանուցւեն:
ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ ԻՐ ՀՈԳՈՒՆ
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ