Սիրելի Հայրենակիցներ, ցաւօք պիտի տեղեկացնենք Թեհրանի հայ համայնքում կորոնավիրուսի պատճառով մահերի թիւը 135-ի հասաւ։ Իրանական մորդադ ամսւայ ընթացքում՝ համաճարակի հինգերոդ ալիքի ցունամին մեզնից խլեց 19 հայորդու։
Նկատի ունենալով երկրում տիրող համաճարակային ահաւոր իրավիճակը եւ կորոնավիրուսից վարակւածների ու մահւան աճի արձանագրումը, Թեմիս հաւատացեալ եւ բարեպաշտ զաւակների ուշադրութեանն ենք յանձնում, որ երկու շաբաթ եկեղեցիներում բացառւում է նաեւ դռնփակ կարգով Կիրակնամտի եւ Կիրակնօրեայ Պատարագների արարողութիւնները։
Ցաւով յայտնում ենք, ազգային մեր կառոյցներում երկար տարիների վաստակ ունեցող ազնիւ, բարեսէր եւ հայրենասէր սիրելի Եղիշ Գալստեանի մահը: Եղիշին ճանաչել եմ առաջին անգամ 1990 թ.-ի յունւարին երբ Մեծի Տանն Կիլիկիոյ Երանաշնորհ Գարեգին երկրորդ Կաթողիկոսի հետ Թեհրան այցելեցի, շատ հետաքրքրական կերպով առաջին օրւանից սկսեալ իրար կապւեցինք փոխադարձ համակրանքով, այնուհետ երբ որպէս առաջնորդ Թեհրան փոխադրւեցի նրան ճանաչեցի որպէս ժողովական եւ ազգային հասարակական գործիչ:
Խորը վշտով համակւած գուժում ենք՝ Եղիշ Գալստեանի ցաւալի մահը, որը տեղի ունեցաւ այսօր առաւօտեան՝ օգոստոսի 19-ին Երեւանում: Հանգուցեալը եղել է իրանահայ ազգային-հասարակական գործիչ, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի տարբեր շրջանների անդամ, Հ.Մ. «Սիփան» միութեան հիմնադիրներից՝ եւ նոյն միութեան տարիների նախագահ։
Թող Աստւած լուսեղէն յարկերում բնակեցնի նրան եւ Ս. հոգու մխիթարութիւնը պարգեւի իր հարազատներին:
Վերջին օրերի ընթացքում արտերկրեայ լրատւամիջոցների կողմից Դուլաբի գերեզմանատան կապակցութեամբ հաղորդւած ապատեղեկատւութեան բերումով Համայնքիս մօտ առաջացած մտահոգութիւնները փարատելու նպատակով, երեքշաբթի թւականիս օգոստոսի 17-ին, Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ՝ Ի.Ի. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային Իրանահայութեան պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանի, Խորհրդի անդամ եւ զոյգ Գերեզմանատների կապ՝ պրն. Ռաֆիկ Մելիքսէթեանի եւ Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ՝ պրն. Զօրիկ Կարապետեանի այցելեցին Դուլաբի հայոց գերեզմանատուն։ Սոյն այցելութեանն ընկերակցում էր նաեւ Թեհրանի Քաղաքապետարանի 14-րդ շրջանի երկրորդ բաժնի Քաղաքապետը։
Այս տարի ցաւօք՝ նկատի ունենալով երկրում տիրող համաճարակային ահաւոր իրավիճակը եւ կորոնավիրուսից վարակւածների ու մահւան աճի արձանագրումը, կիրակի 15 օգոստոս 2021 թ.-ին Վերափոխման Ս. Աստւածածնի եւ խաղողօրհնէքի արարողութիւնը կատարւեց Թեհրանի եկեղեցիներում դռնփակ կարգով։ Սուրբ Սարգիս Մայր եկեղեցում կրօնական արարողութեանը նախագահում էր Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը։ Արարարողութիւնը առցանց սփռւեց եկեղեցիների ինստագրամային էջով։Արարողութեանը ներկայ էր Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանը ու ստւարաթիւ հաւատացեալներ:
Այսու անձնապէս եւ յանուն մեր Պատգամաւորական Ժողովի, Կրօնական, Թեմական Խորհուրդների, Հաշւեքննիչ մարմնի եւ ողջ ժողովականութեան խորազգաց ցաւակցութիւնն ենք յայտնում պրն. Մայիս Մինասեանին, Մինասեան, Օհանեան եւ Քեշիշեան ընտանիքներին եւ միւս բոլոր հարազատներին իրենց կրած ծանր ու անփոխարինելի կորստի՝ ՍԻԼՒԱ ՄԻՆԱՍԵԱՆ (ՕՀԱՆԵԱՆ)-Ի ցաւալի մահւան առթիւ:
Այսու անձնապէս եւ յանուն մեր Պատգամաւորական Ժողովի, Կրօնական, Թեմական Խորհուրդների, Հաշւեքննիչ մարմնի եւ ողջ ժողովականութեան խորազգաց ցաւակցութիւնն ենք յայտնում տկն. Ալվարդ Մինասեանին, Մինասեան ընտանիքին եւ միւս բոլոր հարազատներին իրենց կրած ծանր ու անփոխարինելի կորստի՝ ԱԼԲԵՐՏ ՄԻՆԱՍԵԱՆ-Ի ցաւալի մահւան առթիւ:
Օգոստոսի 9-10 2021-ին Ասիայի Եկեղեցիների Խորհուրդի Գործադիր Վարչութիւնը ունեցաւ առ ցանց հերթական իր ժողովը խորհուրդի անդամ եկեղեցիների ներկայացուցիչների մասնակցութեամբ։ Ժողովին մասնակցեց նաեւ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան որպէս մնայուն անդամ Գործադիր Վարչութեան։
Նկատի ունենալով երկրում տիրող համաճարակային ահաւոր իրավիճակը եւ կորոնավիրուսից վարակւածների ու մահւան աճի արձանագրումը, Թեմիս հաւատացեալ եւ բարեպաշտ զաւակների ուշադրութեանն ենք յանձնում, որ յառաջիկայ կիրակի 15 օգոստոս 2021 թ.-ին Վերափոխման Ս. Աստւածածնի եւ խաղողօրհնէքի արարողութիւնը կը կատարւի Թեհրանի Ս. Սարգիս, Ս. Աստւածածին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Ս. Թարգմանչաց եւ Սրբոց Վարդանանց եկեղեցիներում դռնփակ կարգով։