Սրանից 40 տարիներ առաջ Թեհրանի Զէյթուն քաղաքամասը համալրւեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիով, որը դարձաւ քաղաքամասի հաւատացեալ հայրենակիցների հոգեւոր սնունդը ապահովող եկեղեցի: Ահաւասիկ եկեղեցու օծման 40-ամեակին նւիրւած միջոցառում էր կազմակերպւել թւականիս՝ դեկտեմբերի 22-ին, նոյն եկեղեցում:
Կիրակի, 24 դեկտեմբեր 2023 թւականին, Թեհրան նահանգի քաղաքների Նահատակների Հիմնարկի (Բոնեադ Շահիդ) տնօրէն՝ Աբասալիէ Ռէզայի հրաւէրով, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանի մասնակցել է յիշեալ Հիմնարկի կենտրոնում կազմակերպւած հանդիպմանը, որտեղ նաեւ ներկայ են եղել Ի. Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը եւ Իրանում կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչները:
Շաբաթ, 23 դեկտեմբեր 2023 թւականին, Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի բնակարանում իրեն այցելութեան էին եկել Իրանի Իսլ. Խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը եւ Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, որին յաջորդեց Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանի այցելութիւնը, ովքեր Սրբազան Հօրը բարի եւ արագ ապաքինում մաղթելով, յոյս յայտնեցին, որ շուտով կրկին կը վայելեն Սրբազան Հօր ներկայութիւնը՝ Ազգ. Առաջնորդարանում:
Մտահոգութեամբ եւ սրտի խորը կսկիծով հետեւում ենք Պաղեստինի ժողովրդի դէմ իրականացւող դաժան ռմբակոծութիւններին, որին զոհ գնացին աւելի քան 20000 անմեղ մարդիկ:
Այսօր Գազայի հատւածում տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանութիւն եւ մարդկութեան դէմ յանցագործութիւն, որի անտեսումն ու դրա նկատմամբ անտարբեր մօտեցումը հակասում է բոլոր Աստւածային կրօնների ուսուցումներին եւ ցուցմունքներին։
Որպէս ցեղասպանութեան արհաւիրքն ապրած ժողովրդի ներկայացուցիչներ, բուռն կերպով դատապարտում ենք իսրայէլական հակապաղեստինեան այս անմարդկային արշաւանքն ու ռմբակոծումը եւ կոչ ենք անում միջազգային ատեաններին համախմբելու բոլոր ջանքերը կասեցնելու համար Գազայի հատւածում տեղի ունեցող աղէտը։
Իւրաքանչիւր վայրկեանի վատնումը եւ կորուստը կարող է անվերադարձ հետեւանքներ ունենալ ճիշտ այնպէս, ինչպէս դա տեղի ունեցաւ Արցախում, որի արդիւնքում աւելի քան 120 հազար արցախահայեր ստիպւած եղան լքել իրենց պատմական հայրենիքն ու տարագրւել։
Զգում ենք դառնութիւնն եւ կսկիծը Պաղեստինի ժողովրդի եւ խորապէս զօրակցում ու ցաւակցում ենք Պաղեստինի ազնիւ եւ մարտունակ ժողովրդին:
ԱՂՕԹԱՐԱՐ՝
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Այսու Թեհրանի մեր սիրելի ժողովրդին յայտնում ենք, որ գեղեցիկ եւ դաստիարակիչ աւանդութեան համաձայն, կիրակի, դեկտեմբերի 31-ի կէս գիշերւայ ճիշդ ժամը 12:00-ին Նոր տարւայ առիթով՝ մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ Անմահ Պատարագ, Թեհրանի՝ Ս. Սարգիս, Ս. Աստւածածին, Սրբոց Վարդանանց, Սրբոց Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում:
Առ ի տեղեկութիւն՝ մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ Թեհրանի բոլոր եկեղեցիներում ս. պատարագ է մատուցւելու նաեւ երկուշաբթի 1 յունւար 2024 թւականիի առաւօտեան ժամը 10:30-ին:
Արդարեւ մեր հաւատացեալ ժողովրդին կոչ ենք ուղղում, որ ներկայ գտնւեն Ս. Պատարագի եւ սկսւող 2024 Նոր տարւայ առաջին րոպէները անցկացնեն եկեղեցում՝ եւ Աստծու ներկայութեան մէջ, միաժամանակ աղօթելու աշխարհի խաղաղութեան, մեր ժողովրդի, եկեղեցու եւ հայրենիքի յաւերժութեան համար:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Այսու մեր սիրելի հաւատացեալ ժողովրդին յայտնում ենք, որ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու օծման 40-ամեակի առիթով բարձր հովանաւորութեանբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի ուրբաթ, դեկտեմբեր 22-ին, 2023թ. Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում տեղի է ունենալու յոբելեանի նշում հետեւեալ կարգով.
Առաւօտեան ս. եւ անմահ պատարագի մատուցում: Յաւարտ ս. պատարագի ի Տէր հանգչած եկեղեցուս բարերարների եւ սպասաւորների հոգիների խաղաղութեան համար տեղի կունենայ հոգեհանգստեան արարողութիւն:
Տօնի առիթով պատարագելու եւ քարոզելու է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան միաբան՝ Հոգեշնորհ Տ. Վիգէն վրդ. Տալգլըճեանը.
Նոյն օրը ժամը 17:30-ին, տօնակատարութեան յատուկ միջոցառում՝ գեղարւեստական յայտագրով:
Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ ԵԿԵՂԵՑՈՒ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Այսու Թեհրանի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ յառաջիկայ երկուշաբթի 25 դեկտեմբեր 2023-ին, Սրբոյն Ստեփանոսի նախասարկաւագին եւ առաջին մարտիրոսին տօնն է: Այս տօնը մեր թեմում յայտարարւած է որպէս Սարկաւագաց եւ դպրաց դասերի օր:
Արդարեւ այս առիթով, հովանավորութեամբ Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, երկուշաբթի 25 դեկտեմբեր 2023-ի առաւօտեան Ս. Մինաս Եկեղեցում մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ անմահ պատարագ:
Պատարագելու եւ քարոզելու է՝ հիւրաբար քաղաքս գտնւող Հոգեշնորհ Տ. Վիգէն Վրդ. Տալգլըճեանը:
Սկիզբ ժամերգութեան ժամը 9:00
Ս. պատարագ ժամը 10:00
Քարոզ ժամը 11:00
Յաւարտ Ս. պատարագի տեղի է ունենալու հոգեհանգստեան յատուկ արարողութիւն ի տէր հանգուցեալ սարկաւագների, դպիրների եւ երգեցիկ խմբերի հանգուցեալ անդամ-անդամուհիների հոգիների խաղաղութեան համար:
Հրաւիրում ենք մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, ներկայ լինելու Ս. պատարագին, հաղորդւելու համար Ս. Ստեփանոսի նահատակութեան խորհուրդով:
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Այս օրերին, որոշ անհատներ եւ խմբեր անձնական հաշւեհամարներ ներկայացնելով, հանդէս են եկել յայտարարութիւններով՝ կարիքաւոր ընտանիքներին օժանդակելու նպատակով, նիւթական գանձումներ կատարելու, որոնք որեւէ առընչութիւն չունեն ու հաշւետու չեն Ազգ. Առաջնորդարանին եւ առ այդ համայնքիս անհատների եւ պատասխանատու անձանց բողոքի տեղիք են տւել:
Հարկ ենք համարում նշել, որ Թեմիս կանոնագրութեան համաձայն բարեսիրական բնագաւառում աշխատանքներն ընթանում են Կարիքաւորներին Օժանդակող Մարմնի միջոցով, որն իր առաքելութիւնը, ըստ հիմունքների եւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի հովանաւորութեան ներքոյ, կանոնաւոր կերպով շարունակում եւ իր ծառայութիւնն է մատուցում Թեմիս կարիքաւոր ընտանիքներին:
Ուստի այլ անւանումների ներքոյ իրականացւող բարեսիրական բոլոր աշխատանքները եւ ներկայացւած անհատական հաշւեհամարները անվաւեր ճանաչելով յայտնում ենք, որ Թեմիս Ազգային Առաջնորդարանը, որեւէ պատասխանատւութիւն չի ստանձնելու հետեւանքների համար:
Յատկանշական է, որ բարեսիրական նպատակով Ձեր նիւթական նւիրատւութիւնները կարող էք փոխանցել հետեւեալ հաշւեհամարին՝
بانک تجارت
شماره کارت 7571-0711-8370-5859
بنام شورای خلیفه گری ارامنه تهران و شمال
Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Դեկտեմբերի սկզբին համաձայն մեր եկեղեցու ծիսական օրացոյցի՝ քրիստոնէական եկեղեցու 4-րդ դարի մեծագոյն սրբերից՝ Ս. Մինասի եւ իր նահատակակից ընկերների՝ Եւգրափոսի եւ Երմոգինէսի յիշատակի օրն է:
Սոյն տօնը համընկնում է նաեւ Վանաքի Ս. Մինաս եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Արդարեւ այս առիթով, երկուշաբթի, 11 դեկտեմբեր 2023 թւականին, համանուն եկեղեցում մատուցւեց Ս. եւ Անմահ պատարագ եւ տօնակատարւեց Ս. Մինասի եւ համանուն եկեղեցու անւանակոչութեան տօնը։
Արցախից տեղահանւած մեր հայրենակիցներին աջակցելու նպատակով, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած յանձնախումբը երկուշաբթի թւականիս դեկտեմբերի 11-ին, Հայ հասարակական միութեան (Հայ ակումբ) յարկի տակ գումարած իր նիստի ընթացքում, որին ներկայ էին Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը եւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը, համապարփակ գծերով անդրադարձ կատարեց մինչ այժմ կատարւած աշխատանքների մասին: