Էջ 11, 24-ից
Տնտեսական Մարմին
ՅՕԴՒԱԾ 70.
Թեմական ընդհանուր տնտեսական վիճակը բարելաւելու, ազգապատկան կալւածները լաւագոյնս օգտագործելու եւ թեմի նիւթական կարիքները հոգալու նպատակով՝ հասութաբեր միջոցառումների համար պէտք եղած ուսումնասիրութիւնները կատարելու եւ Թեմական խորհրդին պատշաճ խորհուրդներ տալու եւ ծրագրւած առաջարկներ ներկայացնելու համար՝ Թեմական խորհրդի կողմից կեանքի է կոչւում մի Տնտեսական մարմին՝ բաղկացած 5-7 լաւատեղեակ ու փորձառու ազգայիններից:
Տնտեսական մարմնի գործունէութեան ժամանակաշրջանը երկու տարի է:
ՅՕԴՒԱԾ 71.
Տնտեսական մարմինը Թեմական խորհրդի խորհրդատուն է տնտեսական մարզերում եւ ունի հետեւեալ պարտականութիւնները.
- ա- Վերահասու է լինում թեմիս ազգապատկան կալւածներին ու դրանց լաւագոյնս օգտագործման, բարեփոխման եւ առաւելագոյն նիւթական շահերն ապահովելու նպատակով՝ խորհուրդներ է տալիս Թեմական խորհրդին եւ առաջարկներ ներկայացնում:
- բ- Ցուցակագրում է թեմիս ազգապատկան բոլոր անշարժ ու շարժական կայքերն ու գոյքերը եւ կազմւած ցանկը համապատասխանեցնում հետագայ բոլոր փոփոխութիւններին:
- գ- Ուսումնասիրում է եւ ծրագրւած առաջարկներ ներկայացնում Թեմական խորհրդին՝ բարելաւելու համար թեմիս նիւթական վիճակը, աւելացնելու համար եկամուտներն ու յատկապէս ապահովելու համար ծխական տուրքի կանոնաւոր գանձումները:
- դ- Ուսումնասիրում է եւ ծրագրւած առաջարկներ ներկայացնում թեմիս ազգային մարմինների եւ հաստատութիւնների ու նամանաւանդ ազգապատկան դպրոցների նիւթական կարիքները հոգալու եւ բացը լրացնելու միջոցերի եւ հնարաւորութիւնների մասին:
- ե- Ուսումնասիրում եւ ծրագրւած առաջարկներ է ներկայացնում Թեմական խորհրդին՝ ուղղակիօրէն կամ անուղղակի կերպով ձեռնարկելու համար հասութաբեր տարբեր աշխատանքների:
- զ- Խորհուրդ է տալիս Թեմական խորհրդին այն բոլոր տնտեսական բնոյթ ունեցող հարցերի առնչութեամբ, որոնք Թեմական խորհրդի կողմից յղւում են Տնտեսական մարմնին՝ պատշաճ ուսումնասիրութիւններ կատարելու եւ առաջարկներ ներկայացնելու նպատակով:
ՅՕԴՒԱԾ 72.
Տնտեսական մարմնի կողմից ծրագրւած եւ ներկայացւած առաջարկները, Թեմական խորհրդի վաւերացումն ստանալուց յետոյ, գործադրւում են պատկան ազգային մարմինների եւ կամ ուղղակիօրէն Տնտեսական մարմնի միջոցով:
ՅՕԴՒԱԾ 73.
Տնտեսական մարմինը առանձին նիւթական գործունէութիւն չունի, նրա նիւթական գործունէութիւնը կատարւում է Թեմական խորհրդի միջոցով:
ՅՕԴՒԱԾ 74.
Տնտեսական մարմինը իր գործունէութեան շրջանի ամէն տարեվերջին իր միամեայ գործունէութեան ամբողջական զեկոյցը ներկայացնում է Թեմական խորհրդին: