ՅՕԴՒԱԾ 104.
Ծխական տուրքի Կենտրոնական մարմինը, սոյն կանոնադրութեամբ ճշտւած թաղերի համար, պատկան թաղի սրտցաւ եւ աշխատունակ ազգայիններից նշանակում է հինգ անդամից բաղկացած ծխական տուրքի Թաղային մարմին՝ երկու տարւայ ժամանակաշրջանով, եւ սոյն մարմինների անձնակազմը հաղորդում Թեմական խորհրդին՝ առ ի հաստատում:
ՅՕԴՒԱԾ 105.
Ծխական տուրքի Թաղային մարմինը, Թեմական խորհրդի հաստատումից անմիջապէս յետոյ, ծխական տուրքի Կենտրոնական մարմնի դիւանի միջոցով ժողովի է հրաւիրւում եւ կատարում իր դիւանի ընտրութիւնը հետեւեալ կարգով՝ մի ատենապետ, մի ատենադպիր եւ մի գանձապահ:
ՅՕԴՒԱԾ 106.
Ծխական տուրքի Թաղային մարմինը, ըստ ծխական տուրքի Կենտրոնական մարմնի տւած ցուցմունքների եւ խորհուրդների, ճշտում է գործնական միջոցներ՝ ծխականների արձանագրութեան եւ ծխական տուրքի գանձումները դիւրին կերպով կատարելու համար:
Ծխական տուրքի Թաղային մարմինը, հարկ եղած դէպքում, կարող է ունենալ գրասենեակային պաշտօնեայ եւ գանձիչ:
ՅՕԴՒԱԾ 107.
Ծխական տուրքի Թաղային մարմինը, գործի անցնելիս, ծխական տուրքի Կենտրոնական մարմնից ստանում է գանձումների արձանագրութեան յատուկ ժապաւինեալ մատեաններ, քարթեր եւ համարակալւած անդորրագրեր:
ՅՕԴՒԱԾ 108.
Ծխական տուրքի Թաղային մարմինը ամէն ամիս իւր կատարած գանձումները մուծում է ծխական տուրքի Կենտրոնական մարմնի հաշւին:
ՅՕԴՒԱԾ 109.
Իւրաքանչիւր տարեվերջին ծխական տուրքի Թաղային մարմինը իր նիւթական գործառնութեան հաշւեկշիռը ներկայացնում է ծխական տուրքի Կենտրոնական մարմնին, որն իր հերթին ներառում է այն Թեմական խորհրդին յղւելիք զեկուցագրի մէջ: