Էջ 15, 24-ից
Գերեզմանատան Վարչութիւն
ՅՕԴՒԱԾ 91.
Թեհրան քաղաքում գտնւող ազգային գերեզմանատների գործերը վարելու համար՝ Թեմական խորհուրդը սոյն կանոնադրութեան ՅՕԴՒԱԾ 42-ի տրամադրութեան համաձայն կեանքի է կոչում 5-7 ազգայիններից բաղկացած մի վարչութիւն՝ երկու տարւայ ժամանակաշրջանով:
Թեմական խորհրդի դիւանը ժողովի է հրաւիրում վերոյիշեալ վարչութեան անդամներին, որոնք իրենց դիւանի ընտրութիւնը կատարում են հետեւեալ կարգով՝ մի ատենապետ, մի ատենադպիր եւ մի գանձապահ:
Գերեզմանատան վարչութիւնը ստանձնելով իր պաշտօնը՝ այնուհետեւ իր ժողովներն է գումարում ազգային առաջնորդարանում եւ վերահասու լինում իր խնամքին յանձնւած գերեզմանատների աշխատանքներին:
- Ծանօթ.
Շրջաններում գերեզմանատան վարչութեան աշխատանքները վարում են Եկեղեցա-դպրոցական հոգաբարձութիւնները:
ՅՕԴՒԱԾ 92.
Գերեզմանատան վարչութեան պարտականութիւններն ու իրաւասութիւնները հետեւեալներն են.
- ա- Վերահսկում է գերեզմանատան պատասխանատու պաշտօնեաների եւ աշխատաւորների կանոնաւոր յաճախման, սպասարկութեան ձեւին եւ հանրութեան հետ ունեցած իրենց շփման եւ վարւեցողութեան:
- բ- Հոգում է պաշտօնեաներին ու աշխատաւորներին տրւող ընկալեալ օժանդակութիւնները: Թերացման կամ անաշխատունակութեան պարագայում՝ արձակում է նրանց եւ համապատասխան թեկանածուներ գտնելով՝ Թեմական խորհրդին տեղեակ պահում այդ մասին:
- գ- Խնամք է տանում գերեզմանատների մաքրութեան եւ բարեկարգման: Յատուկ քարտէզների վրայ նշանակում է գերեզմանների, ընտանեկան դամբարանների, շարուղիների եւ ջրատար առուների վայրն ու դիրքը: Ժամանակին կպրապատում է ուղիները եւ քարերով կամ բետոնով շրջափակում փորւելիք գերեզմանները:
- դ- Համապատասխան կարգադրութիւն է անում՝ ժամանակին ապահովելու սպառւելիք պիտոյքները, ինչպէս՝ խունկ, ածուխ, կրակամաններ եւ այլն:
- ե- Ուսումնասիրում է դիակառքին, գերեզմանաքարերին ու դագաղներին վերաբերող հարցեր՝ ի հարկին ինքը ստանձնելու համար պատասխանատւութիւնը:
- զ- Գերեզմանատան բարեկարգման համար՝ վերահասու է լինում էլեկտրականութեան, ջրի, ջրատար խողովակների եւ առուների կանոնաւորութեան վրայ: Համապատասխան եղանակին հոգ է տանում՝ ծառատնկման եւ չորացած տունկերը նորերով փոխարինելու: Այս նպատակով՝ վարձում է գործունեայ պարտիզպաններ եւ յարատեւօրէն հետեւում նրանց տարած աշխատանքներին:
- է- Պատրաստում է յատուկ երկպատճէն անդորրագրեր, կնքւած ու համարակալւած՝ տրամադրում է գերեզմանատան վարիչին, որը պարտաւոր է անւանագրել եւ յանձնել խունկ եւ կրակ ցանկացող ազգայիններին:
- ը- Պատրաստում է յատուկ ժապաւինեալ մատեաններ, որոնց մէջ գերեզմանատան վարիչը արձանագրում է ննջեցեալի ինքնութեան մանրամասնութիւնները եւ գերեզմանի համարը՝ ըստ եղած քարտէզի:
- թ- Յատուկ ուշադրութիւն է դարձնում գերեզմանատան մատուռների եւ դիարանների մաքրութեան, լոյսերի, ջերմութեան, նստարանների, սեղանի եւ այլ գոյքերի անվթար պահպանման եւ պէտք եղած պարագայում՝ կատարում է հարկաւոր նորոգութիւնները:
- ժ- Վերահասու է լինում գերեզմանատների շրջափակում գտնւող քարտաշների բարեխիղճ սպասարկութեան եւ նրանցից գանձում իրենց յանձնառութիւնները:
- ժա- Գերեզմանատների վարիչներից եւ քարտաշներից գանձում է եղած գումարները, Թեմական խորհրդից ստանում է, ըստ ցանկի պաշտօնեաների ամսավճարները եւ նախատեսւած կամ պատահական ծախսերի գումարը եւ իր գանձապահի միջոցով կատարում համապատասխան վճարումները:
- ժբ- Առնւազն ամիսը մէկ անգամ այցելում է գերեզմանատները եւ մօտկից ծանօթանում եղած կարիքներին եւ տարւած աշխատանքներին:
ՅՕԴՒԱԾ 93.
Գերեզմանատան վարչութիւնն իր գործունէութեան շրջանի ամէն տարեվերջին իր միամեայ գործունէութեան զեկոյցն ու յաջորդ տարեշրջանի նախահաշիւը, համապատասխան առաջարկներով ներկայացնում է Թեմական խորհրդին: