Երեքշաբթի 14 փետրւար 2017-ի երեկոյեան Առաջնորդ Սրբազան հայրը ընդունեց տարածաշրջանից Թեհրան ժամանած մի խումբ երիտասարդներ, որոնք եկած են մասնակցելու Յովնան Դաւթեան Ուսանողական Միութեան կողմից կազմակերպւած խորհրդաժողովին։
Երիտասարդները եկել էին Հայաստանից, Արցախից, Սուրիայից եւ Լիբանանից։ Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց նրանց, յաջողութիւն մաղթեց բոլորին միաժամանակ շեշտելով, որ որեւէ մի ժողովրդի հարստութիւնը իր երիտասարդութիւնն է, գիտակից իր առաքելութեան եւ կոչումին երիտասարդութիւն, որ միաժամանակ ապրում եւ գործում է իր ժողովրդի անկատար երազների, իղձերի եւ տեսիլքների իրականացման հեռանկարով։ Սփիւռքահայ երիտասարդը կոչւած է ամրօրէն կառչած մնալու իր ազգային իտէալներին, իր հայրենիքին եւ քրիստոնէական իր ինքնուրոյնութեան։ Այնուհետ Սրբազանը որոշ բացատրութիւններ տւեց իր հիւրերին եւ լսեց նաեւ նրանց, յատկապէս Հալէպից եկած երիտասարդներին, որոնք յոյսով ու հաւատքով շարունակում են կապւած մնալ Հալէպահայ գաղութիւն։