
Երկուշաբթի 2017 թւի յունւարի 2-ին, Թեհրանի «Սասուն» քաղաքամասի փողոցներից մէկը վերանւանւեց 8-ամեայ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակ զինւոր՝ Հրաչ Թորոսեանի անունով:
Աշխատանքը կազմակերպւել էր «Սասուն» քաղաքամասի Զարքէշ-ի շրջանի թաղային խորհրդի միջոցով, որին ներկայ էին սոյն խորհրդի անդամները և շրջանի քաղաքապետարանի ներկայացուցիչները: Իսկ հայ համայնքի կողմից ներկայ էին Արժ. Տ. Կոմիտաս քհն. Ղարախանեանը և Արժ. Տ. Վրթանէս քհն. Բաբախանեանը, Թեմական Խորհրդի ներկայացուցիչ՝ պրն. Վարդան Բաբախանեանը, անձնուրացների յանձնախմբից պրն. Արման Բանդարին և պրն. Շահէն Միրզայեանսը, նաև այլ հայրենակիցներ:
Նահատակ Հրաչ Թորոսեանի կողմից ներկայ էին նրա քեռին՝ պրն. Լևոն Թորոսեանը և քեռու աղջիկը՝ Ռուբինան իր ամուսնու և դստեր հետ:
Այս ծրագրի սկզբում ելոյթ ունեցան քաղաքապետարանի հոգևորական ներկայացուցիչը, Արժ. Տ. Կոմիտաս քհն. Ղարախանեանը և Վարդան Բաբախանեանը, որոնք դրւատանքի խօսքեր ասացին նահատակ Հրաչի յիշատակին:
Հրաչ Թորոսեանը ծնւել էր 1969 թ. Թեհրանում Արամայիս և Անուշ Թորոսեանների ընտանիքում: Տարրական ուսումը ստացել էր «Թունեան» և «Նայիրի» դպրոցներում, ապա աշխատանքի էր անցել իր հօր մօտ: Նա մարզիկ էր և մի քանի մարզաձևերի վարպետ:
Տարիքը լրանալուն պէս կամաւոր զինւորագրւեց բանակում: Նախնական շրջանը անցկացրեց թեհրանում ապա Գիլանէ Ղարբում և Սումարում շարունակեց ծառայութիւնը պատերազմական թէժ գծում: Նա բանակի ականազերծման ջոկատի (թաքաւարներ) լաւագոյններից էր: Ծառայութիւնից մնացել էր ընդամէնը երկու ամիս, որ նա զոհւեց ականազերծման պահին՝ 1987 թ. Յունիսին (5 Թիր 1366):
«Հ. Թորոսեան» (նախկին 84) փողոցը գտնւում է «Սասուն» քաղաքամասի Նարմաքի շրջանում: Մի կողմից հասնում է Շիրմարդ պողոտային, իսկ միւս կողմից՝ գետափին: Այս փողոցում է գտնւում նախկին Իրան-Փիրուզ դպրոցը:
{gallery}201701/2017010301{/gallery}