Հինգշաբթի 3 նոյեմբերի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեան Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական Միութեան ներկայացուցիչներ՝ օր. Նայիրի Յարութիւնեանին և պրն. Հարմիկ Նաւասարդեանին:
Ներկայացուցիչներն եկած էին Սրբազան հօրը հրաւիրելու, մասնակցելու համար նոյեմբերի 11-ին կազմակերպւելիք սկաուտական երդման արարողութեանը և իր հայրական օրհնութիւնը տալու նորակոչիկներին:
Սրբազան հայրը նախ ողջունեց ներկաներին և ջերմօրէն գնահատեց իրենց գործունէութիւնը աւելցնելով, որ սկաուտական շարժումը շատ կարևոր և դաստիարակիչ շարժում է և ինքը շատ ուրախ է, որ Հ.Մ.Ա.Կ.-ը մեծ կարևորութիւն է ընծայում այս շարժումին: