Հայաստանի Օլիմպիական կոմիտէի նախագահ, քաղաքական գործիչ և ազգային բարերար՝ Գագիկ Ծառուկեանը, չորեքշաբթի սեպտեմբերի 14-ին այցելեց Ազգային Առաջնորդարան:
48-րդ Համահայկական Խաղերի և Ալիք» օրաթերթի 85-ամեակի առիթով, Թեհրան է ժամանել Հայաստանի Հանրապետութեան սպորտի բարձրաստիճան պատւիրակութիւնը, գլխաւորութեամբ՝ Գագիկ Ծառուկեանի:
Պատւիրակութիւնը հիւրընկալւեց Թեհրանի հայոց թեմի Ազգային Առաջնորդարանի դահլիճում, հանդիպելով Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեան և Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանին, Իրանի Իսլամական Խորհրդարանի Իրանահայութեան զոյգ պատգամաւորները, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի, Կրօնական և Թեմական խորհուրդների, Ս. Սարգիս եկեղեցու եկեղեցական խորհուրդի, ազգային մարմինների և 48-րդ շրջանի Համահայկական Խաղերի Վարչութեան ներկայացուցիչներին:
Թեմակալ Առաջնորդը ջերմօրէն ողջունեց ՀԱՕԿ-ի նախագահ՝ պրն. Գագիկ Ծառուկեանին, իր ուրախութիւնն ու գոհունակութիւնն արտայայտեց այս այցելութեան առթիւ և մեծապէս դրւատեց նրան իր կատարած մարդասիրական, հայրենասիրական ու քրիստոնէաբոյր աշխատանքների համար, ապա հակիրճ բացատրութիւններ փոխանցեց համայնքի ազգային կառոյցների եւ ծաւալւող աշխատանքների մասին:
Ապա պրն. Ծառուկեանը բարձր գնահատելով իրանահայ համայնքի հայեցի դաստիարակութիւնը և հայկականութեան գոյապահպանումը, գոհունակութիւն և ուրախութիւն յայտնեց, որ առիթ է ունեցել մօտիկից շփւելու և ծանօթանալու իրանահայ համայնքին, մարզամշակութային միութիւններին, նաև ազգային, հասարակական միաւորների հետ: Հիմա բնականաբար, աւելիով է պատկերացում կազմել մեր համայնքի հնարաւորութիւնների և կարողականութիւնների մասին:
Ապա յուշանւէրներ փոխանցւեցին: Այնուհետև եկեղեցու շրջափակում գտնւող Բիւրաւոր Նահատակների յուշարձանի մօտ տեղի ունեցաւ բարեխօսական աղօթք և ներկաները ծաղիկներ մատուցեցին յուշարձանին՝ որպէս յարգանքի տուրք Հայոց Ցեղասպանութեան զոհ գնացած մեր սրբազան նահատակների յիշատակին:
Վերջում ներկաները այցելեցին Սուրբ Սարգիս մայր եկեղեցին: Պրն. Ծառուկեանի նւիրած գեղեցիկ «Խաչ»-ը փոխադրւեց Ս. Սարգիս եկեղեցի, որը օրհնւելուց յետոյ կը տեղադրւի նոյն եկեղեցու տաճարում:
{gallery}201609/2016091501{/gallery}