Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Լսատեսողական եւ Երիտասարդական Բաժանմունքների կազմակերպութեամբ թւականիս յուլիսի 14-ից 16-ը տեղի ունեցաւ միջ-թեմական երիտասարդական համագումարը Անթիլիասի Մայրավանքում: Սոյն համագումարին մասնակցել էին աւելի քան 20 հայ երիտասարդ-երիտասարդուհիներ տարբեր երկրներից, նաև Իրանից: Թեհրանի Հայոց Թեմից մասնակցեցին երկու ներկայացուցիչներ՝ Անի-Քրիստի Մանւէլեանը և Շապին Աբրամեանը:
Հինգշաբթի յուլիսի 14-ի առաւօտեան, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան թեմերից ժամանած երիտասարդները Բիքֆայայի Սուրբ Աստւածածին Վանքի Վեհարանի դահլիճում հանդիպում ունեցան Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի հետ: Նորին Սրբութիւնը բարի գալուստ մաղթեց բոլոր մասնակիցներին եւ լուսարձակի տակ առաւ սոյն համագումարի կարևորութիւնը, շեշտելով որ երիտասարդութիւնը պատկանում է ներկային և ոչ թէ ապագային, ու նրա մէջ է կայանում գաղութների վերանորոգման և գոյատևման հրամայականը: Ապա ներկաները շրջագայեցին ու մօտից ծանօթացան Վանքին ու Դպրեվանքին:
Նոյն օրը յետմիջօրէին եւ յաջորդ օրը, ուրբաթ 15 յուլիսին, ներկայացւեցին գլխաւոր երկու զեկոյցներ, առնչւած՝ «Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ամփոփ պատմականը և նրա կարևոր դերակատարութիւնը Սփիւռքի գաղութներում» եւ «Սիսի կաթողիկոսարանի վերադարձը պահանջող դատի մանրամասութիւնները» թեմաներին:
Սոյն երկու օրերի ընթացքին զանազան թեմերից ժամանած ներկայացուցիչները առիթ ունեցան զեկոյցներ ներկայացնելու իրենց թեմերում կատարւած աշխատանքների եւ գործունէութեան մասին: Թեհրանի Թեմից սկզբում Անի-Քրիստի Մանւէլեանը անդրադարձաւ թեմում կրօնական, ազգային և մշակութային աշխատանքների, եւ յատկապէս՝ հայապահպանման ու լեզւապահպանման նպատակով, թէ՛ հայոց դպրոցներում եւ թէ՛ կիրակնօրեայ դպրոցներում կատարւող կրօնի, պատմութեան և հայոց լեզւի դասընթացների դասաւանդման մասին: Նա անդրադարձաւ նաեւ Երիտասարդաց միաւորի և Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբերի գործունէութեան մասին, որոնք անմիջականօրէն աշխատում են տեղւոյն Կրօնական խորհրդի հսկողութեան եւ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հովանաւորութեան ներքոյ:
Ապա Շապին Աբրամեանը սահիկների միջոցով ամփոփ բացատրութիւններ տւեց Թեհրանի տարբեր բարեգործական, մշակութային, մարզական և այլ միութիւնների մասին, անդրադառնալով ի մասնաւորի Հայ Համալսարանականների Ընդհանուր Միութեան աշխատանքներին, որի թիրախն է հայ երիտասարդի ներգրաւումն ու նրա առողջ հայեցի ու ազգային դաստիարակութիւնը:
Վերջում Թեհրանի Թեմի ներկայացուցիչները պատասխանեցին ներկաների և լրագրողների հարցումներին ընդհանրապէս Իրանում եւ յատկապէս Թեհրանում հայ համայնքի առնչւող հարցերին:
Շաբաթ յուլիսի 16-ի առաւօտեան ներկայացւեց երիտասարդական համագումարի «Ընկերային Ցանցերը և Հայ Երիտասրդութիւնը» խորագրով գլխաւոր թեման: Համագումարին ներկայ էին Կաթողիկոսութեան թեմերից ժամանած ներկայացուցիչները և Լիբանանահայ գաղութի գործող երիտասարդական միութիւնների ներկայացուցիչները:
Կիրակի 17 յուլիսի առաւօտեան մասնակիցները ներկայ գտնւեցին Պիքֆայայում Ս. Աստւածածնայ Վանքում տեղի ունեցող պատարագին:
Յիշենք նաեւ, թէ համագումարի մասնակիցները Անթիլիաս իրենց կեցութեան 5 օրերի ընթացքում առիթ ունեցան այցելելու Կաթողիկոսարանի թանգարանն ու մատենադարանը, Ժպէյլ քաղաքում գտնւող Հայոց Ցեղասպանութեան Որբերի «Արամ Պէզիքեան» թանգարանն ու «Թռչնոց Բոյն» որբանոց-հաստատութիւնը, որտեղ իրազեկ դարձան եւ տեղեկացւեցին թանգարանի և հաստատութեան պատմականի եւ ընդհանրապէս նրա գործունէութեան մասին: Մասնակիցները ունեցան նաեւ մի հաճելի եւ լուսաբանիչ հանդիպում-զրոյց Լիբանանի Հայ երիտասարդական համալսարանական ուսանողական միութեան (ՀԵՀՈՄ) անդամների հետ եւ տեղեկութիւն ստացան միութեան կատարած տարիների աշխատանքների ու ապագայի ծրագիրների մասին:
Համագումարի մասնակցողներ
{gallery}201607/2016072701{/gallery}