Անցան դպրոցական եռանդով լի ամիսները և այն էլ այնպէս արագ կարծես թէ դեռ երէկ էր որ մեր փոքրիկները թիթեռնիկների պէս գոյնզգոյն հագուստներով եռանդուն, աշխոյժ և ուրախ մուտք գործեցին «Ալմաստ և Անդռէ Ահարոնեան» մանկապարտէզ:
Առաջին օրերի յուզմունքը և երկմտանքը շուտով փոխւեց ուրախ ծիծաղների և ինքնավստահութեան: Մեր փոքրիկները շատ շուտ հասկացան, թէ իրենց դաստիարակների սիրալից գրկում կը գտնեն նոյնչափ ջերմութիւն և սփոփանք, ինչ հարազատ ընտանիքում և ահա ապացոյցը նրանց վերջին օրւայ յուզւած դէմքերն էր: Նրանք ափսոսանքով թողեցին իրեն հարազատ մանկապարտէզը և իրենց սիրելի դաստիարակներին որտեղ ամիսներ շարունակ ամէն օր ուրախ-ուրախ շտապում էին այնտեղ և մանկական խաղերի, զրոյցների, երգերի և զանազան աշխատանքների ընթացքին սովորում էին իրենց համատարիքների հետ յարաբերւելու և միասին աշխատելու գաղտնիքը:
Այս տարի Ա.Ա.Ահարոնեան ազգային մանկապարտէզ մուտք են գործել 149 3-ից 5 տարեկան մանուկներ որոնք բաժանւել են 7 խմբակների: Մանկապարտէզի օղակի 4 խմբակների դաստիարակներն էին՝ Անէթ Մուշկանբարեանը, Արմանուշ Բաղդասարեանը , Ռուբինա Շահումեանը , Էռլին Աւետիսեանը, Անի Նարթինեանը, Օլգա Յակոբեանը, Ռիմա Յակոբեանը և Գայիանէ Մինայանը:
Իսկ նախակրթարանի 3 խմբակների ուսուցչուհիներն էին՝ Հերմինէ Նազարբէգեանը, Փօլետ Մուրադխանեանը, Լուսինէ Մահմուդեանը և Ստելլա Նազարեանը:
Երգի և երաժշտութեան ուսուցչուհին էր Արսինէ Յովհաննիսեանը իսկ պարի ու մարզանքի ուսուցչուհին էր Անի Ալլահվերդեանը:
Գրասենեակի աշխատանքների պատասխանատուն էր Ովսաննա Նազարեանը:
Մանկապարտէզի տեսչութեան պարտականութիւնները յանձնարարւել էր Անէթ Բաղդասարեանին:
Մանկապարտէզը լինելով մեր փոքրիկների հասարակական կեանքի մէջ մտնելու առաջին միջավայրը առիթ է ստեղծում նրանց համար ձեռք բերելու հասարակական և կենցաղային հմտութիւններ, նրանց մէջ զարգացնելով՝ ընկերասիրութիւն, համագործակցութիւն և կարգապահութիւն:
Մանկապարտէզների աշխատանքների նպատակն է ապահովել երեխաների բազմակողմանի աճը: Այսու շաբաթական աշխատանքներին մաս են կազմում զրոյցներ, գծագրութիւն, թւաբանութեան հասկացութիւնների ուսուցում, նկարչութիւն, ձեռքի աշխատանք, մարզանք, պար, երգ ու երաժշտութիւն: Իսկ զանազան խաղերի միջոցով նրանց մէջ զարգանում է հասարակական և այլ հմտութիւններ:
Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցաւ 2015-2016 ուսումնական տարեշրջանի տարեմուտը: Այդ օրը երեխաները մանկապարտէզ այցելեցին իրենց ծնողների հետ:
Յաջորդ օրը երեխաների համար նախատեսւած էր անակնկալներ նաև նկարչութեան և խաղի կրպակներ:
Սեպտեմբերի 30-ին Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Ս.Արք. Սարգսեանը տարեմուտի առիթով այցելեց Ալմաստ և Անդռէ Ահարոնեան ազգային մանկապարտէզ: Այցելութեան ներկայ էին նաև կրթական խորհրդի ներկայացուցիչները:
Սրբազան հօր յրահանգով դպրոցական տարեմուտի նոր տարւայ և Ս. Զատկական տօների առիթով բոլոր սաները հաղորդութիւն են ստացել Ս.Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում: Շաբաթական աշխատանքներին զուգընթաց մանկապարտէզում իւրայատուկ կարևորութիւն Է տրւում երեխաների ազգային ու կրօնական դաստիարակութեան և տօնւում են բոլոր տօները իրենց համապատասխան սովորութիւններով:
Հոկտեմբերի 4-ից մինչև հոկտեմբերի 7 -ը մանկապարտէզում տօնւեց «Մանուկների շաբաթ»՝ մանուկների համաշխարհային օրւայ առիթով: Առաջին օրը բոլոր երեխաները իրենց միասնական աշխատանքներով զարդարեցին մանկապարտէզի միջանցքը: Երկրորդ օրը երեխաները ստացան իրենց նւէրները որոնք պատրաստւել էին ուսուցիչների միջոցով: Երրորդ օրը երեխաները մասնակցեցին խնջոյքի և բակում նախատեսւած աշխոյժ խաղերի: Վերջին օրը ուսուցիչների միջոցով ներկայացւեց «Կլորիկ գաթան» տիկնիկային թատրոնը:
Հոկտեմբերի 7 -ին Հայ մշակոյթի օրը նշւեց մանկապարտէզում և բոլոր երեխաները այդ օրը խորհրդանշող ձեռքիաշխատանքները իրենց հետ տուն տարեցին:
Այս տարի հայ մշակոյթի օրւայ առիթով կրթական խորհրդի կողմից գնահատագրեր յանձնւեց բոլոր ուսուցչուհիներին իրենց բոլորանւէր աշխատանքի համար:
Նոյենբերին «Ա» տառի սովորելու ուրախ առիթով նախակրթարանի խմբակների համար կազմակերպւել էր խնջոյք: Երեխաները ուրախ երգերով, պարերով և խաղերով տօնեցին իրենց առաջին քայլը դէպի այբուբենի աշխարհ:
Մանկապարտէզում տարբեր առիթներով բեմադրւել են տիկնիկային թատրոններ դաստիարակչական նիւթերով:
Դեկտեմբերի 28-ին տեղի ունեցան մանկապարտէզի ձմեռպապի դիմաւորման ներքին հանդիսութիւնները: Երեխաները ուրախ երգերով ու պարերով դիմաւորեցին ձմեռպապին և ստացան իրենց գեղեցիկ կապոցները:
Փետրւարի 14-ին, Տեառնընդառաջի տօնի առիթով մանկապարտէզի բակում վառւեց աւանդական կրակը և երեխաները դաստիարակների օգնութեամբ ցատկեցին կրակի վրայից: Նոյն առիթով երեխաները ստացել են ծնողակակ խորհրդի միջոցով պատրաստւած աղանձի կապոցները:
Բուն Բարեկենդան և Վարդանանք
Փետրւարի 6, 7 և 8-ին ճոխ տօնակատարութեամբ նշւեց Վարդանանքը և Բուն Բարեկենդանը ծնողների ներկայութեամբ:
Ծրագրի առաջին բաժնում կարճ բացատրութիւններ տրւեցին Վարդանանքի մասին և երեխաները երգեցին Վարդան Զօրավարի երգը ու արտասանեցին օրւան պատշաճ ոտանաւորներ: Ծրագիրը շարունակւեց խաղերով՝ դիմակախաղ, տարբեր հմտութիւններ զարգացնող մանկական ռիթմիք խաղեր և խաղեր ծնողների մասնակցութեամբ:
Այս տարի, գեղարւեստական բաժնից յետոյ, նախակրթարանի ծնողների համար կազմակերպւել էին այլ խաղեր: Ծնողները իրենց երեխաների հետ միասին բաժանւեցին երեք խմբերի՝ աղցանի, դիմակի և դեսերի պատրաստելու խմբերի:
Այդ հաճելի պահերը վայելելով բոլորը խանդավառւած թողեցին մանկապարտէզը:
Փետրւարի 3-ից մինչև 10-ը կազմակերպւել էր նկարչութեան ցուցահանդէս Վարդանանքի նիւթով:
Ապրիլի 19-ին , տեղի ունեցաւ Ապրիլ 24-ի բիւրաւոր նահատակների յիշատակին նւիրւած ծաղկեմատոյցի ծրագիրը Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում:
Նոյն նիւթով մանկապարտէզում պատրաստւել էր միասնական աշխատանք:
Համադպրոցական Խաղեր
Այս տարի առաջին անգամը լինելով համադպրոցական խաղերի մէջ նկատի էր առնւել նաև 3-ից 6 տարեկան մանկապարտէզների երեխաների համար խաղեր:
«Ա.Ա.Ահարոնեան» ազգային մանկապարտէզը ընդառաջելով կազմակերպիչ յանձնախմբի հրաւէրը 61 սաներով մասնակցեց սոյն խաղերին: Խաղերի փակումը տեղի ունեցաւ մարտի 4-ին և բոլոր մասնակիցներին յանձնւեց գնահատագրեր և շքանշաններ:
Առողջապահական
Կարևորելով երեխաների առողջապահական խնդիրները մանկապարտէզի բոլոր երեխաների ատամները ստուգման են ենթարկւել ատամնաբոյժ Դոկտ. Եստեր Բաղումեանի միջոցով:
Նոյեմբեր ամսին ուսուցիչների միջոցով կատարւեց երեխաների աչքի ծուլութեան (ամբլեօփի) ախտորոշում:
Ծնողներ և մանկապարտէզ
Ծնողներին մանկապարտէզի աշխատանքներին ծանօթացնելու նպատակով Նոյեմբեր և յունւար ամիսների ընթացքին մանկապարտէզի և նախակրթարանի եօթ դասարանների ծնողները առիթ ունեցան այցելել մանկապարտէզ և մասնակցել դասարանային աշխատանքներին ու խաղերին : Ծնողները իրենց երեխաների հետ միասին նաև պատրաստեցին ձեռքի աշխատանքներ:
Կազմակերպւել են նաև դասախօսութիւններ դաստիարակչական նիւթերով:
Ձեռնարկներ
Մանկապարտէզի ծնողական խորհուրդը տարբեր առիթներով կազմակերպել էր հասոյթաբեր ձեռնարկներ որոնք են եղել՝ դաշտահանդէս, ճաշկերոյթ, նորտարւայ բազար , ձմեռպապի դիմաւորում
Արարատ մարզաւանում, տարազահանդէս բուն բարեկենդանի առիթով և «Փիցցա Փարթի» Սուքերեան սրահում :
Հ.Մ.Մ. «Նայիրի» Միութեան «Նայիրի» պարախմբի համագործակցութեամբ կազմակերպւել էր գեղարւեստականն ձեռնարկ: Ծրագրի մէջ ներառւած էր պարեր և մանկապարտէզի արտադասարանային որֆի դասընթացների խմբերի ելոյթները:
Փետրւարի 25 -ին, ծնողների և մանկապարտէզի նւիրատուների մասնկցութեամբ կայացաւ մանկապարտէզի տարեկան ընթրիք-երեկոն, Արարատ մարզաւանի՝ Վաչիկ Ղարաբէգեան սրահում:
Մանկապարտէզի հայրիկների ֆուտբոլի խումբը մասնակցել է «Նւարդ Գուլբենգեան» դպրոցի միջոցով կազմակերպւած ֆուտբոլի մրցութիւններին:
Այս տարի ևս կազմակերպւել են արտադասարանային դասընթացներ երաժշտական խաղերի, լէգօյի և օրֆի բնագաւառներում:
Մայիսի 8-ին, կազմակերպւել էր շնորհակալական թէյասեղան նախաճաշի հերթապահ և օժանդակ ծնողների համար:
Շրջագայութիւններ
Այս տարի նախակրթարանի սաները այցելեցին Ֆարամուզ կենտրոնը, այնտեղ երեխաները մասնակցեցին նախատեսւած տարբեր կրպակների աշխատանքներին ինչպիսին էր՝ հեքիաթի,ցեխագործութեան, կենտրոնացման , անտառի և տիկնիկախաղի կրպակները:
Մայիսի 11-ին, կազմակերպւել էր զբօսանք Արարատ մարզաւանում:
Այդ օրը երեխաները վայելեցին գարնանային հաճելի օրը տարբեր խաղերով և ճոխ ուտելիքներով: Երեխաները նաև այցելեցին Ս. Խաչ մատուռը: Բոլոր երեխաները խանդավառւած թողեցին Արարատ մարզաւանը իրենց հետ տանելով վառ յուշեր :
Մայիսի 15-ին, կապոյտ , մանուշակագոյն և կանաչ խմբակները այցելեցին Դարաբադի չորացրած կենդանիների թանգարանը և վայելեցին այնտեղի գարնանային բնութիւնը:
Այլ Աշխատանքներ
Մանկապարտէզում Մայիս ամսւայ ընթացքին երեխաները ունեցան ցեխագործութեան և ազատ ջրաներկի միասնական աշխատանքներ:
Այս տարի նախակրթարանի սաների համար կազմակերպւեց համակարգչի հետ ծանօթացման աշխատանք:
Մայիսի 2-ին ճոխ խաղերով ու խնջոյքով նախակրթարանի սաները տօնեցին տառերի աւարտը:
Մայիսի 4-ին, համբարձման տօնի առիթով, մանկապարտէզում կազմակերպւել էր խնջոյք և այլ խաղեր: Երեխաների համար պատրաստւել էր ջանգիւլումներ որոնք պարունակում էին ժողովրդական ասացւածքներ և խրատական խօսքեր:
Հանդէսներ
Մանկապարտէզում տարւայ ընթացքին կազմակերպւում են երկու արտաքին հանդէսներ ձմեռային և տարեվերջի հանդէսներ:
Դեկտեմբերի 23, 24 և 25-ին տեղի ունեցան մանկապարտէզի ձմեռային հանդէսները:
Հանդէսները սկսւեցին Ս. Ծնունդի պատկերի ներկայացումով , մանկապարտէզի սաների միջոցով: Առաջին բաժինը շարունակւեց մանկապարտէզի օղակի խմբակների ձմեռային և նորտարւայ նիւթերով ուրախ երգերով ու ոտանաւորներով, իսկ երկրորդ բաժնում նախակրթարանի սաները բեմադրեցին «Նոր տարի, ուրախ տարի» պարային պիեսը:
Մայիսի 22- ից մինչև 31-ը, եօթ գիշերներ տեղի ունեցան մանկապարտզի տարեվերջի հանդէսները որոնք բաղկացած էին երեք բաժիններից:
Մանկապարտէզի Վարդագոյն խմբակը իր հանդէսի առաջին բաժնում ներկայացրեց երկու պարեր՝ «Մռութիկ» և «Սասնայ պար» և « Բարի նապաստակը» թատրոնը:
Մանուշակագոյն , Կապոյտ և կանաչ խմբակները իրենց հանդէսի առաջին բաժնում ներկայացրեցին «Պապն ու Շաղգամը» պարային պիեսը:
Նախակրթարանի Դեղին, Կարմիր և Նարնջագոյն խմբակները ծրագրի առաջին բաժնում ներկայացրեցին երեք պարեր Զուռբա՝ յունական, Կազաչոկ՝ ռուսական և Զարթօնք՝ հայկական պարերը: Ապա «Հայաստանը մերն է» ոտանաւորների շարանով և ցոյցով աւարտւեց հանդէսների առաջին բաժինը:
Հանդէսների երկրորդ բաժնում երեխաները բեմ են բարձրացել հարւածային նւագարանների ելոյթով, որին յաջորդեց խմբական երգերն ու ոտանաւորները:
Նախակրթարանի սաները հանդէսի աւարտին ստացան իրենց հայերէնի վկայականները:
Յունիսի 1-ին, բոլոր երեխաները ստացան իրենց տարեկան աշխատանքների թղթապանակները: Ծնողական խորհուրդը ևս կազմակերպել էր դաշտահանդէս և երեխաները ուրախ մթնոլորտում հրաժեշտ տւեցին իրենց դաստիարակներին, ընկերներին և հարազատ մանկապարտէզին: Նրանք այժմ թողնում են մանկապարտէզը իրենց հետ տանելով այնպիսի գիտելիքներ և հմտութիւններ որոնք իրենց պիտի առաջնորդեն դէպի նորանոր յաջողութիւններ:
Թող միշտ կանգուն մնան մեր կրթական օջախները յատկապէս մանկապարտէզները որտեղ ձևաւորւում են մեր փոքրիկների անհատական առանձնայատկութիւնները և հիմք է դրւում նրանց հոգևոր կրօնական և ազգային դաստարակութեան:
Շնորհակալութիւն ենք յայտնում այս աստւածահաճոյ գործին իրենց մասնակցութիւնը ցուցաբերած բոլոր կազմերին՝ դաստիարակներին, ծնողական խորհրդին և բարերար անհատներին և ծնողներին որոնք իրենց բարոյեական և նիւթական օժանդակութեամբ նեցուկ են հանդիսացել մեզ:
Յոյսով ենք « Ա.Ա.Ահարոնեան » մանկապարտէզը ինչպէս միւս ազգային մանկապարտէզները խրոխտ քայլերով կը շարունակի իր ընթացքը և երկար տարիներ կը ծառայի մեր փոքրիկների դաստիարակութեան գործին:
«Ա.Ա.Ահարոնեան» Ազգային Մանկապարտէզի փոխտեսչութիւն
{gallery}201607/2016071202{/gallery}