Պահանջատէր հայ ժողովուրդը հայաշխարհում ապրիլի 23-ին եւ 24-ին բողոքի բազմազան միջոցառումներով ոգեկոչեց Հայոց Ցեղասպանութեան Սրբադասւած նահատակների անմեռ յիշատակը:
-Թեհրանում, Ապրիլի 24-ի երեկոյեան մեծ թւով հանդիսատեսներ էին համախմբւել «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» մարզադահլիճում, մասնակիցը դառնալու «ՀՈՒՍԿ» հաստատութեան նախաձեռնութեամբ Ապրիլեան ոգեկոչման կենտրոնական ծրագրին:
Միջոցառումը մեկնարկեց Տէրունական աղօթքով, Իրանի եւ Հայաստանի պետական օրհներգերով: Ծրագիրը մէկտեղւած էր բանախօսական-գեղարւեստական յայտագրով: Օրւայ բանախօս էր հրաւիրւել ՀՀ ԱԺ պատգամաւոր Աննա Գրիգորեանը, ներկաներին իր խօսքը փոխանցեց Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Սարինէ Թորոսեանը ընթերցեց Թեհրանի Հայ Դատի խօսքը, Նայիրի Բալալեանը ընթերցեց Հայ Դատի Միջին Արեւելքի յանձնախմբի խօսքը եւ Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը ընթերցեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի պատգամը: Միջոցառումը համեմւած էր գեղարւեստական յայտագրով եւ վերջում հայ նոր սերնդի երիտասարդ սկաուտները երդւեցին յանուն Աստծու, Հայաստանի եւ Արցախ աշխարհի:
-Գիտակից հայորդիները երէկ՝ ապրիլի 24-ի առաւօտեան ժամը 9:30-ից համախմբւել էին Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ Մայր եկեղեցում մասնակից դառանլու Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին մատուցւող կրօնական արարողութեանը եւ Փառաբանական աղօթքին: Իսկ եկեղեցու շրջափակում գտնւող Բիւրաւոր Նահատակների յուշարձանի մօտ տեղի ունեցաւ Ծաղիկների մատուցման արարողութիւն, եւ բողոքի ու պահանջատիրական համահաւաք: Եղան արտայայտութիւններ, ժողովուրդը վանկարկեց կարգախօսեր, ընթերցւեց օրւայ բանաձեւը:
-Ապրիլի 23-ի երեկոյեան գիտակից հայ նոր սերնդի հայորդիները համախմբւել էին Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում եւ մասնակից դարձան երիտասարդական համահաւաքին: ՀՅԴ «Ռոստոմ» Երիտասարդական միութեան նախաձեռնած միջոցառումը մեկտեղւած էր խօսքերի փոխանցմամբ, տեսաֆիլմի ցուցադրութեամբ եւ գեղարւեստական յայտագրով: Վերջում երիտասարդները բոցավառւած ջահերով անմար պահեցին Հայոց Ցեղասպանութեան մէկուկէս միլիոն նահատակների անմեռ յիշատակը եւ երգեցին յեղափոխական երգեր:
Լուրը՝ «Ալիք»-ից
Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ