Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԽՈՐՀՈՒՐԴ ԾՆՆԴԵԱՆ

Մի անգամ եւս սրբազան շարականագրի բառերով եկեղեցին շարականով աւետում է ծնունդը Աստւածորդուն. «Խորհուրդ մեծ եւ սքանչելի, որ այսօր յայտնւեց» (Շարական): Այո՛, մի անգամ եւս աշխարհը, մթնոլորտը օծւում է Աստւածայայտնութեան խորհուրդով:

Արդարեւ պատմութիւնը մեզ յուշում է, որ Քրիստոսի ծննդեան օրերին աշխարհը լի էր ապականութեամբ, Հռոմի իշխանաւորները այդ օրերին աշխարհը իրենց տիրապետութեան տակ առած մարդկային ընկերութեան կեանքը վերածել էին քաոսի:

Նիւթական շւայտութեամբ յղփացած աշխարհը անհրաժեշտօրէն կարիքը ունէր փրկութեան, փրկութիւն, որ պիտի գար երկնքից: Մարգարէները ի սկզբանէ Եսայի յայտնատեսի բառերով գուշակել էին աշխարհի Փրկչի գալուստը: Միքիէ մարգարէն ինքն էլ մարգարէացել էր յիշեցնելով, որ Բեթղեհէմից կգայ սպասւած Փրկիչը. «Եւ դու Բեթղեհէ՛մ, Եփրաթայի սակաւամարդ տուն, կը լինես Յուդայի երկրի հազարաւորների մէջ: Քեզնից կելնի ինձ համար Իսրայէլի մի իշխան եւ նրա ծագումը աշխարհի սկզբի օրերից է» (Միք. 5:2):

Յովհաննէս Աւետարանիչ գրում է. «Աշխարհի ստեղծագործութիւնից առաջ գոյութիւն ունէր Բանը: Բանն Աստծու հետ էր եւ Բանը Աստւած էր» (Յվ. 1:1): Մատթէոս Աւետարանիչը ասում է. «Նա մի որդի պիտի ծնի, եւ նրա անունը Յիսուս պիտի դնես, որովհետեւ նա իր ժողովրդին պիտի փրկի իր մեղքերից» (Մտ. 1:21):

Աստւածորդու գալուստով աշխարհը մի նոր սկզբի առաջ է, աշխարհ՝ փրկւած ու սրբւած մեղքից եւ վերագտած իր աստւածային այն պատկերը, որ մեղքի պատճառով աղաւաղած էր, քանի որ մեղքը մարդս հեռացնում էր իր կոչումից եւ նրան վերածում մեղքի շտեմարանի: Այլ խօսքով մեղքը մարդս առաջնորդում է փորձութեան. փորձութիւնը մեր հեռացումն է Աստծուց: Անհնազանդութիւնը Աստծու կամքին մեղք է: Հետեւաբար հարկ է յիշել Տէրունական աղօթքի այն տողերը, որ ասւած է. «Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ ի չարէն»:

Աստւածորդու ծնունդով աշխարհը նոր շունչ, ոգի ու կերպարանք ստացաւ: Աշխարհը Քրիստոսի սիրով ողողւեց:

Այդպէս է նաեւ ժողովուրդների կեանքը: Մեծագոյն եւ ճակատագրական յեղաշրջումներն ու մեծ իրագործումները արդիւնք են մեծ սէրերին եւ այդ սէրերով արտայայտւող կեանքի:
Աստւածային սիրոյն իբրեւ արտայայտութիւն աշխարհը նոր իմն կերպարանափոխւեց, մարդ արարածը ինքն էլ վերանորոգւեց: Առաքեալի բառերով. «Որեւէ մէկը, որ միացած է Քրիստոսին նոր արարած է, նա այլեւս այն չէ ինչ որ նախապէս էր, որովհետեւ նա ամբողջութեամբ նորոգւեց» (Բ. Կրն. 5:17): Քրիստոսի ծնունդով վերանորոգւած մարդը մի կողմից իր մէջ վերակենդանացնում է Աստծու անաղարտ պատկերը, միւս կողմից էլ պարտականութիւն է ստանում իր շրջապատում լինել սիրոյ եւ խոնարհութեան, հեզութեան եւ մարդկանց միջեւ հաճութեան սերմնացանը:

Պօղոս առաքեալը Կորնթացիներին գրած իր երկրորդ նամակում հայտաբար իր նորահաստատ եկեղեցու անդամներին թելադրում է, որ միշտ հետամուտ լինեն Քրիստոսի ներկայութեանը եւ նրա ուսուցումների գործադրութեան, որովհետեւ Քրիստոս ինքն է նորոգութեան աղբիւրը: Հայոց Շնորհալի հայրապետի բառերով. «Հնութիւնների նորոգողն է, որին դիմում է մարդ արարածը յարատեւօրէն նորոգւելու յոյսով»:

Քրիստոսով վերանորոգւած մարդը առաւել զօրացած, ամրացած ու բիւրեղացած սիրոյ ողջոյնով մեր սիրտն ու հոգին լցնում են ներողամտութեան, փոխադարձ յարգանքի զգացումներով, այլեւ կապւած կը լինեն միմեանց, մեր հայրենիքին, լեզւին, մշակոյթին, բռնագրաւած Արցախին վերատիրանալու անվրէպ յոյսին:

Քրիստոսի հրաշափառ ծննդեան եւ Աստւածայայտնութեան «մեծ եւ սքանչելի խորհուրդը» դարերով փառաբանւած, ամէն տարի աւելի կենդանի գիտակցութեամբ, յարաճուն հաւատքով ու վերանորոգ կամքով զրահաւորում է բոլոր նրանց, ովքեր տեսնում ու ապրում են սէր Աստծու մարդեղութեան խորհուրդը եւ բարի հովիւների նախանձախնդրութեամբ շտապում են տեսնելու նորածին մանուկ Փրկչին:

Այս խոհերով շնորհաւորում եմ մեր թեմի հաւատացեալ քոյրերին եւ եղբայրներին, ինչու չէ նաեւ մեր ժողովրդի բոլոր զաւակներին, որտեղ որ կան:

Աղօթում ենք նաեւ իրանահայ մեր քոյր թեմերի թեմակալ առաջնորդներին եւ հաւատացեալ ժողովրդին՝ բոլորին մաղթելով անամպ կեանք եւ գործերի յաջողութիւն Աղօթում եմ վասն խաղաղութեան՝ հայոց աշխարհի, վիրաւոր Պաղեստինի, բռնագրաւած վիրաւոր Արցախի եւ արցախահայութեան:

Ո՛վ Օծեալ Փրկիչ Բեթղեհէմեան քո լոյսով իմաստութիւն տուր բոլոր նրանց ովքեր յանուն խաղաղութեան եւ իրենց իրաւունքների ձեռքբերման անդուլ պայքար են մղում:
Խաղաղութիւն պարգեւիր ո՛վ Տէր ողջ աշխարհին եւ նաեւ հայոց աշխարհին եւ Իրանին. Ամէն:

ԱՂՕԹԱՐԱՐ`

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ