Thursday, 15 June 2023
Այս երեւելի վկաները Հայոց աշխարհի երկնակամարում, որպէս հաւատքի լուսատու աստղեր յայտնւեցին, Հայասանում ՝ Արաբական խալիֆայութեան ժամանակ Հարուն Խալիֆայի (786-809) և Բիւզանդիայի Նիկեփորոս Ա կայսեր (802-811) օրօք: Նրանք զաւակներն էին Կարին քաղաքում բնակւող արաբ իշխան Կայսի եւ բարեպաշտ հայուհի քրիստոնեայի, որին իշխանը չէր արգելել մկրտել եւ քրիստոնեական հաւատով դաստիարակել իր երեք որդիներին: Յովսէփը աւագն էր, Սահակը՝ միջնեկը, բայց կրտսերի անունը մեզ չի հասել: Մանուկ հասակից նրանք վարժւել էին աղօթական և բարեպաշտական կեանքին։ Երեք եղբայրներն էլ առաքինասէր կեանք էին վարում։
Բայց երկրում տիրող հակաքրիստոնէական կարգերի բերումով, նրանք ստիպւած էին թաքցնել իրենց աստւածպաշտութիւնը , բայց երբ հասնում են հասուն տարիքի, որոշում են անկաշկանդ և լիարժէք հոգևոր կեանքով ապրելու համար Բիւզանդիայ գնալ: Յունաց դեսպանի միջոցով նրանք նամակ են ուղարկում Նիկեփորոսին կայսերին, և դրական պատասխան ու հրաւէր ստանալով՝ հօրից թաքուն պատրաստւում են տնից հեռանալ: Բայց Կայսը ուրիշներից տեղեկանում է նրանց նպատակի մասին և բռնութեամբ արգելում որդիներին հեռանալ հայրենիքից: Կրտսեր եղբայրը, կարողանալով փախչել հայրական տնից, հասնում է բաղձալի նպատակին, իսկ միւս եղբայրները որոշում են չհակառակւել հօրը, բայց միառ ժամանակ անց յարմար առիթ գտնելով, դարձեալ դիմում են փախուստի: Այս անգամ նրանց կանխում է Կարինի քաղաքապետի գործակալը, որը յատուկ հսկում էր քաղաքի ելումուտը եւ, կռահելով եղբայրների ուղեւորութեան պատճառը, նրանց բերում է քաղաքապետի մօտ:
Երանելի քրիստոնեաներն իսկոյն Սուրբ Հոգու ազդմամբ հասկանում են, որ Տիրոջ կամքը չէ, որ իրենք հեռանան օտար երկիր: Առանց վարանելու քաղաքապետին խոստովանում են իրենց քրիստոնեայ լինելը: Քաղաքապետը, զարմացած նրանց համարձակութիւնից և խիստ վիրաւորւած իր կրօնի հանդէպ անարգալից վերաբերմունքից, բանտարկում է եղբայրներին, եւ որոշում է յատուկ անձանց բանտ ուղարկել զանազան խոստումներով հրապուրելու և տարահամոզելու համար։ Բայց եղբայրները չեն պատրաստւում ուրանալ Քրիստոնէական հաւատքը: Այն ժամանակ նրանց այցելում է ծերունի հայրը և ողբալով աղաչում, որ գոնէ, խղճալով իրեն, առերես ուրանան եւ շարունակեն ծածուկ պաշտել իրենց Աստծուն: Եղբայրները մերժում են հօր խնդրանքները՝ վկայակոչելով Քրիստոսի խօսքը, թէ՝ «Ով Ինձ կուրանայ մարդկանց առաջ, Ես էլ նրան կուրանամ Իմ Հօր առաջ [Մատթ. 10.33]:
Նրանք մեծ ուրախութեամբ ընդունում են իրենց մահւան դատապարտման լուրը։ Նահատակութիւնից յետոյ նրանց մարմինները նետում են մի ամայի վայր՝ արգելելով բնակիչներին մօտենալ նրանց, որպէսզի, կենդանիների կեր դառնան: Բայց յանկարծ երկնքից լոյս է իջնում սրբերի վրայ՝ զարմանք ու ահ պատճառելով ներկաներին: Ի վերջոյ Կարինի իշխանը զղջալով՝ թոյլատրում է քրիստոնեաներին պատւով վերցնել ու հողին յանձնել սուրբ նահատակների մարմինները, իսկ բանտարկւած միւս քրիստոնեաներին ազատ է արձակում:
Մարտիրոսացած եղբայրների գերեզմանների վրայ որոշ ժամանակ անց վայելուչ վկայարան է կառուցւում, որտեղ նրանց բարեխօսութեամբ բազմաթիւ բժշկութիւններ են կատարւում:
Ս. Սահակի և ս. Յովսէփի նահատակութիւնը տեղի ունեցել 808 թ. հոկտեմբերի 19-ին: Այժմ այն յիշատակւում է Ս. Էջմիածնի տօնին յաջորդող հինգշաբթի օրը:
Յաւիտենական Յիշատակն Արդարոց՝ Օրհնութեամբ Եղիցի