Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Կիսասարկաւագական Ու Սարկաւագական Ձեռնադրութիւն Թեհրանում

Աստւածաշնչական հասկացողութեամբ եկեղեցու նիւրապետութիւնը կազմող գլխաւոր կարգերն են՝ սարկաւագութիւնը, քահանայութիւնն ու եպիսկոպոսութիւնը: Յիշեալ  կարգերից խոնարհագոյնն է սարկաւագութիւնը, որին կոչւող թեկնածուն խոնարհութեամբ եւ ազնւութեամբ, մաքուր կենցաղով ու աշխատասիրութեամբ, բծախնդրութեամբ եւ աստւածավայել նախանձախնդրութեամբ իր ծառայութիւնն է մատուցելու Եկեղեցու Սուրբ Սեղանին, որպէս քահանայի օգնական՝ անուշ խունկ մատուցելով, Աստծու Խօսքը՝ Ս. Աւետարանն ընթերցելով եւ պատարագի ընթացքին ընծաների վերաբերումը կատարելով, այլ ծառայութիւնների կողքին:

Առ այդ, թւականիս շաբաթ 7 նոյեմբերի երեկոյեան ժամը 5:30-ին «Կիրակնամուտի» ժամերգութիւնից անմիջապէս յետոյ, Ս. Սարգիս Առաջնորդանիստ մայր Եկեղեցում տեղի ունեցաւ դպիր Յովիկ Խոսրովեանի կիսասարկաւագութեան ձեռնադրութիւնը, որը դպրութեան չորս աստիճանները ստացողին տրւում է, որպէս նախապատրաստութիւն սարկաւագութեան: Ձեռնադրութեան արարողութիւնը կատարեց Թեմիս առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը, խարտաւիլակութեամբ՝ Շահինշահրի հոգեւոր հովիւ՝ Հոգշ. Տ. Անանիա Վրդ. Գուճանեանի: Ձեռնադրութիւնը կատարւեց դասի մէջտեղում, որի ընթացքին թեկնածուին որպէս պաշտօնի բարձրացում՝ նրա ձախ բազուկին անկացւեց բազկուրարը եւ նրան տրւեց դատարկ սկիհն ու մաղզման, պատարագի լման մի զգեստ, մի շուշփայ եւ խորհրդատետրը: Սաղմոսների, աղօթքների, Աստւածաշնչական գրքերի, Աւետարանի ու շարականների ընթերցումից ու կատարումից յետոյ Մակար Սրբազանը յաւուր պատշաճի քարոզեց եւ այդ առիթով իր խրատանին ու քաջալարանքը փոխանցեց ձեռնադրեալին:

Իսկ յաջորդ առաւօտ, կիրակի նոյեմբերի 8-ին, հանդիսաւոր սուրբ եւ անմահ պատարագը մատուցեց եւ Սարկաւագական Ձեռնադրութիւնը կատարեց Թ. Հ. Թ. Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: Սարկաւագական ձերնադրութիւնը տեղի ունեցաւ երկու հանգրւաններով մին «Զի ողորմած եւ մարդասէր ես Աստուած...»ից անմիջապէս յետոյ, ուր Ձեռնադրիչ Սրբազան Հայրը «Ուրախ Լեր Ս. Եկեղեցի» շարականի երգակցութեան ընթացքին, բուրվառը ձեռին խնկարկեց սուրբ Սեղանին եւ ժողովրդին եւ ապա նստեց աջակողմեան բաժնում զետեղւած գահի վրայ: Անմիջապէս յետոյ, Խարտաւիլակ Հոգեշնորհ Տ. Անանիա վարդապետ գուճանեանի առաջնորդութեամբ՝ ընծայեալը դասից, սաղմոսների ընթերցումով, երեք հանգրւաններով ծնկաչօք աստիճաններից դէպի բեմ բարձրացւեց եւ սկսւեց ձեռնադրութեան հոգեպարար արարողակարգը: Որոշ խնդրանքների, հարցադրումների, աղօթքների եւ հաստատումներից յետոյ ընծայեալը մօտեցրին Սրբազանի առջեւ, որ իր աջը դնելով նւիրեալին գլխին աղօթք բարձրացրեց: Ապա դէպի արեւմուտք դառնալով երգւեց «աստւածային եւ երկնաւոր շնորհ» զգայացունց շարականը: Արարողակարգը շարունակւեց մինչեւ Հաւատամքից առաջ Սուրբ աւետարանի ընթերցումը եւ ապա պատարագը բնական ընթացաւ մինչեւ «ողջոյն տուք միմեանց...» բաժինը: Որտեղ սկսւեց ձեռնադրութեան երկրորդ բաժինը, որտեղ երկարաշունչ աղօթքների կատարումից եւ շարականների երգեցողութիւնից յետոյ ձեռնադրիչ սրբազան Հայրը նորոգ ձեռնադրեալ սարկաւագի բազուկից առնելով ուրարը նրա ձախ ուսին դրեց, խորհրդանշելով Քրիստոսի ծառայական քաղցր լուծը կէս չափով կրելու կարողութեանը, ինչպէս նաեւ նրա ձեռքը տրւեց Աւետարանը, որպէս յետ այսու այն կարդալու իշխանութիւն եւ աւարտին էլ Բուրվառը յանձնւեց որպէս հրաման պատարագի եւ այլ խորհրդներին իբրեւ սպասարկութիւն՝ խնկարկելու եւ անուշ հոտ բուրելու:

Առանորդ Սրբազան Հայրը իր քարոզում ընդարձակ խօսելով սարկաւագական կոչումին եւ նրա առաքելութեան առնչւած դերակատարութեան ու պատասխանատւութեանը մասին՝ յայտնեց թէ. «Եկեղեցու սարկաւագ նշանակում է՝ սպասարկող, ծառայ իսկ սարկաւագութիւն նշանակում է սպասարկութիւն և ծառայութիւն եկեղեցուն և եկեղեցու հաւատացեալներին:  Նա յիշեցրեց, թէ ծառայութեան կոչւողը պիտի ամէնից առաջ ունենայ աստւածաշնչական գիտութիւն և Ս. Հոգու շնորհքները, յատկապէս՝ «խոնարհութիւն, համեստութիւն, ծառայելու պատասխանատւութիւն, մարդասիրութիւն և ազնւութիւն»:

Նա իր խօսքը ուղղելով ձեռնադրեալ Յովիկ սարկաւագին, ասաց. «Մենք քեզ հրաւիրեցինք, որպէսզի Աստծու եկեղեցուն ծառայես, այսինքն՝ ժողովրդին ծառայես:  Ծառայես համեստութեամբ, հաւատքով և սիրով:  Աստւած, որ Տէրն է երկնքի և երկրի, ով ամէն ինչով փառաւորւեալ է ու փառքի արժանի, եթէ իր փառքից իջաւ, որպէսզի ծառայի մարդկութեանը, ապա մենք, որ իր ծառաներն ենք, ի՛նչ պաշտօնի, դիրքի և ուսման տէր էլ որ լինենք, պիտի խոնարհութեամբ և համեստութեամբ ծառայենք մեր եկեղեցուն»: Նա շարունակելով իր հայրական խրատը՝ աւելացրեց. «Քո ամենանւիրական գործը պիտի լինի նախ լցւել Աստծու շնչով և գիտութեամբ, Աստւածաշնչի խորագոյն ուսումնասիրութեամբ և ուսումով, որպէսզի առաւելագոյն չափով քո կեանքը հարստացնես Աստւածաշունչ մատեանով:

Սարկաւագութիւնը ամենանւիրական և ամենապատասխանատու աստիճաններից մէկն լինելով, դու մտնում ես Աստծոյ ծառայութեան անդաստան ասաց Սրբազան հայրը: Աւարտելով իր խրատանին, Նա ասաց. «Մենք աղօթում ենք և մաղթում, որ այն ինչ որ քիչ առաջ ձեռնադրութեանդ ժամանակ մենք Աստծուց խնդրեցինք, հայցեցինք, աղօթեցինք ու մաղթեցինք, և դու ծունկի եկած լսեցիր, իրականութիւն դառնայ քո կեանքում և աւելոն՝ դու լցւես Ս. Հոգու շնորհքներով, եւ քո շրջապատն զգայ, որ այսօր քո ձեռնադրութեամբ, քո մէջ ինչ որ բան փոխւեց և այդ փոփոխութիւնը քո կեանքի մէջ իրականութիւն է դառնում»: Ի վերջոյ ծառողի մեծագոյն յաջողութիւնը պիտի լինի այն, երբ նա իր կեանքով, բարի վարքով ու ծառայութեամբ կենդանի օրինակ լինի իր շրջապատի մարդկանց համար:  Սրբազանն եզրափակեց իր քարոզը, ասելով. «Մենք աղօթում ենք, որ Աստւած իր օրհնութիւնն ու շնորհքը առատօրէն քո վրայ պահի, որպէսզի արժանի սպասարկող լինես եւ ապագային, իր կամքի համաձայն նաեւ ստանաս քահանայական օծում ու ձեռնադրութիւն»:

Յետ պատարագի եւ ձեռնադրութեան Առաջնորդարանի դահլիճում նոր ձեռնադրեալ  Բարեշնորհ Յովիկ Սարկաւագ Խոսրովեանը ընդունեց շնորհաւորութիւնները եւ իր կողմից ներկաներին հիւրասիրեց:

 

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երեքշաբթի 20 Սեպտեմբերի 2022;
Սրբոց կուսանացն Փեփրոնեայ, Մարիանեայ եւ Շուշանայ` դստերն Մեծին Վարդանայ Առակներ 23.15-25։ Օսէէ 14.6-8։ Բ Կորնթացիներ 6.16-7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 6.20-23։

Չորեքշաբթի 21 Սեպտեմբերի 2022;
Պահք Բ Կորնթացիներ 11.10-23։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 10.17-23։

Հինգշաբթի 22 Սեպտեմբերի 2022;
Սրբոց հայրապետացն Բարաղամու, Անթիմոսի եւ Երանոսի Իմաստութիւն Սողոմոնի 10.9-12։ Մաղաքիա 2.5-7։ Ա Պետրոս 5.1-7։ Յհ 10.11-16։

Ուրբաթ 23 Սեպտեմբերի 2022;
Պահք Բ Կորնթացիներ 11.30-12.9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 10.28-33։

Շաբաթ 24 Սեպտեմբերի 2022;
Սրբոցն Գէորգայ զօրավարին, Ադոկտոսի եւ Ռոմանոսի երգեցողին Իմաստութիւն Սողոմոնի 8.19-9.5։ Եսայի 42.1-8։ Բ Կորնթացիներ 1.3-7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 12.2-9։

Կիրակի 25 Սեպտեմբերի 2022;
Գ կիրակի զկնի Ս. Խաչին: Տօն է Վարագայ Սրբոյ Խաչի ԱՌԱԿՆԵՐ 3.18-26։ Եսայի 65.22-25։ Գաղատացիներ 6.14-18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 24.30-36։

Երկուշաբթի 26 Սեպտեմբերի 2022;
Սրբոյն Դաւթի Դւնեցւոյն եւ սրբոց վկայիցն Ղամբէոսի եւ Ղամբէուհւոյն ԱՌԱԿՆԵՐ 13.1-7։ Միքիա 7.18-20։ ԹՈՒՂԹ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 12.1-7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 13.22-30։

Երեքշաբթի 27 Սեպտեմբերի 2022;
Սրբոցն Եւստաթէոսի եւ կնոջ նորա Թէոփիստեայ եւ երկուց որդւոցն եւ սրբոց կուսանացն Երմոնեայ եւ Նեքտարինեայ Ողբ 3.22-56։ Բ Տիմոթէոս 3.10-15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.1-12։

Չորեքշաբթի 28 Սեպտեմբերի 2022;
Պահք Բ Կորնթացիներ 12.10-18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 10.35-45։

Ուրբաթ 30 Սեպտեմբերի 2022;
Պահք Բ Կորնթացիներ 12.19-13.4։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 11.15-25։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ