Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի օգոստոսի 30-ին նախատեսւած հերթական նիստը, քւորում չունենալու պատճառով վերածւեց լսարանի:
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի նախագահութեամբ եւ ատենապետութեամբ ճրտգ. Գէորգ Վարդանի նիստը մեկնարկեց Տէրունական աղօթքով եւ «Զգործս ձեռաց մերոց...» յաջողութեան մաղթանքով:
40 րոպէ ուշացումով եւ 23 պատգամաւորների ներկայութեամբ, դիւանը ներկայ պատգամաւորներին առաջարկեց ունկնդրել Թ. Հ. Թ. Կրօնական խորհրդի եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի աշխատանքային զեկոյցները, որն ընդառաջւեց ներկայ պատգամաւորների կողմից:
Թ. Հ. Թ. Կրօնական խորհրդի 5-ամսեայ համապարփակ զեկոյցը սկսեալ մարտի 12-ից մինչեւ օգոստոսի 29-ը, որը ընդգրկում էր եկեղեցական-ազգային տօների եւ ամեակների ոգեկոչումը՝ միջազգային ու երկրի մասշտաբում կայացած համագումարներին, նաեւ Կրօնական խորհրդին առնչակից մարմինների գործունէութեանը, ընթերցեց Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը:
Ապա պատգամաւորները ունկնդրեցին Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի հինգուկէս ամսեայ համապարփակ զեկոյցը սկսեալ մարտի 6-ից մինչեւ օգոստոսի 28-ը, որը ընթերցեց Հրայր Շահնազարեանը: Զեկոյցը պարփակում էր տարբեր գլուխներ՝ կազմակերպական, ազգային մարմինների գործունէութիւն, յանձնախմբերի գործունէութիւն եւ ընթացիկ աշխատանքներ: Զեկոյցի աւարտին պատգամաւորներին առիթ տրւեց հարցումների, որոնք առնչւում էին Հայ ակումբի կարգավիճակին, հայոց դպրոցների որակաւորման, նաեւ մի շարք կալւածների խնդիրներին: Հարցումներին պատասխանում էին Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Կարապետեանը եւ միւս անդամները:
Ժողովի քւորումը չապահովւելու պատճառով, այսօրւայ նիստը եւս յետաձգւեց, մինչեւ Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի նոր յայտարարութիւն:
{gallery}201608/2016083102{/gallery}