Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201608/2016082201
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201608/2016082201

Աստւածածնի Վերափոխման Տօնը Սարի- Գորգանում

Ողջ Քրիստոնեայ աշխարհում եւ տարբեր քրիստոնեայ եկեղեցական ընտանիքներում Աստւածամայրը պատւականագոյն տեղն է գրաւում, եւ ինչպէս քսան դարեր առաջ իր իսկ վկայութեամբ. «...Այսուհետեւ սերունդները բոլոր երանի են տալու ինձ, քանզի հզօր Աստւածն ինձ համար մեծամեծ գործեր արեց...» (Ղկ 1.48-49), նոյնպէս էլ հայ ժողովրդի եկեղեցական ու ազգային պատմութեան մէջ Ս. Կոյս Մարիամ Աստւածածինը բարձրագոյն եւ պատւականագոյն տեղն է գրաւում։

Իր անունով մկրտւած ունենալով բազմահազար հայուհիներ ինչպէս նաեւ՝ օծւած ու նւիրականացած բազմահարիւր տաճարներ, եկեղեցիներ, վանքեր, ուխտատեղիներ ու մատուռներ։ Այս առումով Թեհրանի Թեմն էլ իր շրջաններով միասին բախտաւոր է համարւում, որովհետեւ ինքն էլ Մարիամ Ս. Աստւածածնայ անւան նւիրւած եկեղեցիներ ու մատուռներ ունի։

Ուստի, Ս. Աստւածածնայ Վերափոխման  տօնին կապակցաբար տեղի ունեցող ուխտագնացութիւնների եւ տօնակատարութիւնների շարքում, տարիների աւանդութեան համաձայն Սարի – Գորգան քաղաքների մեր հայ ժողովրդի զաւակները անմասն չեն մնում տւեալ խորհուրդը մարմնաւորող Ս. Պատարագից եւ աւանդական խաղողի օրհնութիւնից։ Ինչպէս նախորդող տարիներին, այս տարի եւս Ս. Աստւածածնի Վերափոխման ուրախ տօնի առիթով յատուկ ուխտագնացութիւն տեղի ունեցաւ դէպի Սարի – Գորգան,  հովանաւորութեամբ ու նախագահութեամբ Թեմիս բարեջան առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, նախաձեռնութեամբ Թ.Հ.Թ. Կրօնական Խորհրդին եւ կազմակերպութեան Թեհրանի եկեկղեցիների եկեղեցական Խորհրդների կողմից կեանքի կոչւած յատուկ ուխտագնացութեան յանձնախմբի միջոցով։

Դէպի Սարի – Գորգան երկօրեայ ուխտագնացութեան մասնակցող ուխտաւորները թւականիս հինգշաբթի 18 օգոստոսի առաւօտեան ժամի 5.ին Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցու բակից հանրակառքով ուղղւեցին դէպի Սարի- Գորգան։ Առաջնորդ  Սրբազան Հօրը ընկերակցում էին առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը, արժ. Տ. Գուրգէն Քհնյ. Ներսիսեանը, զոյգ շրջանների այցելու հովիւ՝ արժ. Տ. Արիստակէս Շամիրեանը ինչպէս նաեւ Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի ատեանպետ Ռուբիկ Կարապետեանը, եւ անդամներ՝ Մարտիկ Միրզաեանն ու Վարդան Բաբախանեանը իրենց կողակիցներով միասին։ Կէս օրւայ մօտ առաջնորդ Սրբազան Հայրը Սարիում դիմաւորւեց տեղւոյն հոգաբարձութեան կողմից եւ ապա ուղղւեց եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան ատենապետ Պրն. Յովիկ Մարտիրոսեանի բնակարան, որտեղ հանդիպում ունեցաւ նրանց հետ եւ ընդհանուր տեղեկութիւններ ստացաւ շրջանի հայութեան ներքին կեանքի կապակցաբար եւ յետոյ իր ընկերակիցների հետ ուղղւեց դէպի «Արարատ» կենտրոնատեղի, հանդիպելու համար այնտեղ հաւաքւած շրջանի հայ ժողովրդի զաւակներին։

Պրն. Յովիկի բարի գալստեան խօսքից յետոյ Առաջնորդ Ս. Հայրը գողտրիկ եւ սրտբաց զրոյց ունեցաւ ներկաների հետ, լսեց նրանց հարցերն ու մտահոգութիւնները եւ հայրաբար ու ամենայն անկեղծութեամբ պատասխաններ տւեց՝ մխիթարելով ու գօտեպնդելով  նրանց։ Թեմականի ատենապետ՝ Պրն. Կարապետեանն էլ իր կարգին  իր շնորհակալութեան եւ երախտագիտութեան խօսքի առընթեր ամփոփ կէտերի մէջ զեկուցեց Թեմական Խորհրդի աշխատանքների մասին ինչպէս նաեւ խորհրդի պատրաստակամութիւնը յայտնեց ըստ կարողութեան օժանդակելու եւ օգտակար հանդիսանալու շրջանի ազգայինների կարիքներին։

Ապա, սրահում ներկաները Սրբազան Հօր եւ հիւրերի հետ միասին սիրոյ սեղանի շուրջ կիսեցին կէսօրւայ ճաշը։ Շուրջ հինգ ժամ հանդիպումից յետոյ առաջնորդ Սրբազան Հայրը իր օրհնութիւնը տւեց ներկաներին եւ յիշատակի նկարն առնելուց յետոյ ուղղւեց դէպի Գորգան յաջորդ առաւօտն իսկ Ղորուղի Ս. Աստւածածնայ Վերափոխման տօնի առիթով կատարւելիք Պատարագին վերստին նրանց տեսնելու յոյսով։

Գորգանի ճանապարհին Սրբազան Հայրը հակիրճ մի այցելութիւն տւեց շրջանում ապրող Սոկրատ Նազարեանին։ Դրանից յետոյ շարունակեց ճանապարհը դէպի  Գորգան, ուր քաղաքի մուտքին դիմաւորւեց տեղւոյն եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան եւ այլ գորգանցիների կողմից ու գիշերն էլ իր ընկերակիցներով, հիւրերով եւ ուխտագնցութեան յատուկ երգեցիկ խմբի անդամներով նրանց ընթրիքի հիւրը եղաւ։

Ուրբաթ թւականիս, 19 օգոստոսի առաւօտեան ժամը 11-ին Ղորողի դրախտանման պարտէզի մէջտեղում կառուցւած  Ս. Աստւածածին մատռան մէջ տեղի  ունեցաւ Ս. Աստւածածնայ Վերափոխման տօնի առիթով կազմակերպւած յատուկ Պատարագը։

Պատարագը մատուցեց Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առընթերակայութեամբ՝ արժ. Տ. Գուրգէն քհնյ. Ներսէսեանի և արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շամիրեանի։ Ուխտաւորները խոր երկիւղով ու հաւատքով մասնակցում էին պատարագին։ Սրբազան Հայրը իր քարոզում խօսելով Աստւածամօր մասին եւ տօնի Աւետարանական հատւածից մեկնելով՝ անդրադարձաւ հոգեմտաւոր արթնութեան եւ գիտակից վերազարթնումի մասին: Որովհետեւ «Մարդկութիւնը այնքան մեղքի տիղմում էր խրւած, այնքան Աստծուց էր հեռացած, որ չկարողացաւ ճանաչել Քրիստոսի, չկարողացաւ իմանալ թէ ծնող մանուկը դարերով սպասւած ու ակնկալւած Մեսիան ու մարդկութեան փրկիչ-ազատարարն էր, որի մասին մարգարէները բազմիցս մարգարէանալով յայտնել էին», ասաց Սրբազան Հայրը: Եւ դարեր առաջ, երբ անժամանակն Աստւած փափագեց ժամանակի մէջ մտնելով՝ մարդանալ ու իր ստեղծածների միջեւ բնակւել, զարմանալիօրէն ո՛չ միայն պանդոկներում իրեն համար տեղ չգտնւեց, այլեւ մարդկանց սրտերում էլ որեւէ տեղ չգտնւեց: Ուստի Սրբազան Հայրը հրաւիրեց ներկաներին, որ չլինենք կարծրասիրտ ու Աստւածամերժ, ինչպէս էր պարագան երկու հազար տարիներ առաջ մեղսասիրութեան եւ աշխարհասիրութեան զոհն ընկած մարդկութեանը, այլ Նա ասաց. «Լինենք Մարիամ Ս. Կոյս Աստւածածնի նման եւ հետեւենք իր օրինակին, որը սիրոյ, յարգանքի, համբերութեան, ծառայութեան, հաւատքի ու առաքինութեան մէջ ինքն իրեն գերազանցեց եւ ոչ միայն Աստւածորդին իր արգանդում ինը ամիսներ կրելու շնորհքին ու պատիւին արժանացաւ, այլեւ իր գրկում սեղմեց Նրան եւ իր շրթներով էլ համբուրեց Անհամբուրելին: Նա ասաց. «Այսօր, սիրելիներ եկէք մենք էլ մեր կարգին խոնարհեցնենք մեր անձերը Աստծու առջեւ եւ բացելով մեր սրտերը հաւատքի զօրութեամբ ընդունենք եւ մեր մսեղէն տաճարներում ընկալենք Քրիստոս Աստւածը եւ աստւածային ու երկնային օրհնութիւններով կենսաւորւած՝ օրհնութիւն եւ բարիք դառնանք թէ՛ մեր հարազատներին եւ թէ՝ մեր շրջապատին»: Նա իր քարոզի վերջում, հայցեց Աստծուց, որ Աստւածամայրը լինի մեր բոլորի բարեխօսն ու հովանաւորը, որպէսզի մենք էլ զարդարւենք նրա կեանքը յատկանշող առաքինութիւններով եւ կարողանանք իբրեւ արժանաւոր զաւակները մեր եկեղեցու՝ վայելել ու փորձարկել այդ բոլորը: Նա նաեւ իր գնահատանքն ու շնորհաւորութիւնները փոխանցեց թէ՝ ուխտաւոր ներկաներին, թէ՝ շրջանի հայ զաւակներին եւ թէ Սարիի ու Գորգանի եկեղեցադպրոցական հոգաբարձութեան անդամներին, իրենց սիրոյն, յարգանքին, ընդունելութեանը եւ համագործակցութեանը համար:   

Պատարագի աւարտին, պարտէզի մէկ բաժնում Սրբազան Հայրը ուխտաւորների ներկայութեան կատարեց աւանդական խաղողի օրհնութիւնը, որը շատ գեղեցիկ տպաւորութիւն թողեց ներկաների վրայ, որովհետեւ մի պահ բոլորի մտքում պատկերեց անցեալին, դարեր առաջ կատարւած խաղողի օրհնութեան եղանակը, երբ մեր նախնիները այն կատարում էին եկեղեցիներից դուրս, այգեստաններում, երբ թափօր կազմած՝ հանդիսաւորապէս ուղղւում էին դէպի այգիներ՝ այնտեղ կատարելով խաղողօրհնութիւնը։

Ընդհանուր արարողութիւնից յետոյ սրահում առաջնորդ Սրբազան Հայրը հանդիպեց շրջանի և մօտակայ այլ քաղաքներից եկած հայորդիների հետ: Նա իր հայրական յորդորների առընթեր նաև ուսուցողական գիտելիքներ փոխանցեց և աւարտին էլ նրանց հետ կէսօրւայ ճաշի հիւրը եղաւ, որը մատուցւեց տեղւոյն եկեղեցադպրոցական հոգաբարձութեան կողմից ի պատիւ Առաջնորդ Սրբազան Հօրն ու իր ընկերակիցներին, օրւայ տօնի ուրախ և բարեբաստիկ առիթով։ Օրւայ առիթով յանուն հոգաբարձութեան բարի գալստեան խօսքն արտասանեց՝ պրն. Վազգէն Բէգլարեանը:

Ճաշից յետոյ Առաջնորդ Սրբազան Հայրը հանդիպեց նաև Թեհրանից ժամանած ուխտաւորներին և նրանց հետ էլ մտերմիկ զրոյց ունեցաւ, և աւարտին յիշատակի նկարից յետոյ հրաժեշտ տալով՝ վերադարձաւ դէպի Թեհրան։ Ճանապարհին Առաջնորդ Սրբազան Հայրը այցելեց նաև Գորգանի եկեղեցադպրոցական հոգաբարձութեան ատենապետ՝ Պրն. Հայկազ Չոլաքեանին, որը արկածի բերումով ոտքի ծանր կոտրւածքի ենթարկւած լինելով՝ չէր կարողացել մասնակցել տօնակատարութեան և արարողութիւններին։

{gallery}201608/2016082201{/gallery}

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ