Դ դարասկզբին Հռոմէական կայսրութիւնը Արեւելքում նոր նւաճումների շրջան է թեւակոխում: Պայքար էր մղւում նաեւ խղճի եւ կրօնների ազատութեան համար:
Կոստանդիանոս Մեծը (ծնւած մօտ 275 թւականին եւ մահացած 337-ին), 306 թւականից սկսած Հռոմի արեւմտեան աշխարհի կայսրն էր, 312 թւականին Հռոմի պարիսպների առաջ տարած յաղթանակը քրիստոնէութեան թշնամի Մաքսենսի (Maxence) դէմ, վճռական է լինում քրիստոնէութեան հաստատման համար եւ ի նպաստ նրա պաշտօնական հաստատման, որովհետեւ 313 թւականին Միլանում ստորագրւած հրովարտակը այնուհետ ազատութիւն պիտի շնորհէր կրօններին, այդ թւում նաեւ քրիստոնէութեանը:
Կոստանդիանոս Մեծը 325 թւականին վերջ է դնում նաեւ Արեւելքի Լիկիանոս (Licinius) զօրավարի ինքնիշխանութեանը. Կայսրութեան միութիւնն ի կատար է ածւում: Այնուհետեւ թագաւորը (323-325 թւականների միջեւ) անձամբ քրիստոնէութիւն է ընդունում, դէպք եւ թւական, որոնք կապ չունեն 313 թւականին քրիստոնէութիւնն ազատ կրօն հռչակելու յիշեալ հրովարտակի հետ: Այնուհետ կրօնական տիեզերաժողով է հրաւիրում 325 թւականին, Նիկիայում, որպէսզի այնտեղ լուծւեն ստեղծւած դաւանաբանական վէճերը:
Ահա այս կայսեր մայրն է սրբուհի Հեղինէն (Sainte Helene), որի մասին ասւում է, թէ իր զաւակի բարի գործերի մղիչ ոգին է եղել եւ որՆիկիայի ժողովից մէկ տարի յետոյ` 326 թւականին, իբրեւ կայսերամայր եւ հեղինակութիւն, գնում է Երուսաղէմ` կարեւոր գաղափարներն ու յղացումներն իրագործելու:
Սրբուհի Հեղինէն Յիսուսի գերեզմանափոսի վրայ Ս. Յարութեան տաճարն է կառուցել տալիս, միեւնոյն ժամանակ հետեւելով հնագէտ, բանգէտ Յուդա անունով հրեայ մի անձնաւորութեան մատնանշումներին, պեղումների շնորհիւ գտնում են Յիսուսի եւ երկու աւազակների խաչափայտերը:
Դժւար չի եղել ճշտել Յիսուսի համար գործածւած Խաչը: Ըստ աւանդութեան, նոր մահացած մի պատանու են բերում եւ յաջորդաբար դնում գտնւած երեք խաչերի վրայ: Եւ երբ պատանին դրանցից մէկին դիպչելով յարութիւն է առնում, գտնւած է համարւում Ճշմարիտ ԽԱՉԸ:
Հրեայ բանգէտը հիանում է եւ ինքը եւս քրիստոնեայ դառնում: Նւիրւում է անդուլ քարոզչութեան եւ ապա կրօնական ասպարէզում բարձրանում եպիսկոպոսութեան աստիճան. նշանաւոր Կիւրեղ եպիսկոպոսն էր նա:
Այսպէս իսկական Խաչափայտը իր պատւաւոր տեղն է գտնում Քրիստոսի գերեզմանի վրայ կառուցւած Ս. Յարութեան մեծ տաճարում. քրիստոնեայ եկեղեցիներն այդ բացառիկ առիթով իսկական Խաչափայտից մասունքներ են ստանում:
Այս գիւտն է եւ գիւտով խանդավառւած Խաչը բարձրացնելու, պատւելու մեծ շարժառիթն է ահա ԳԻՒՏ ԽԱՉ տօնը, որն իբրեւ Երկրորդ դրւագ է հանդիսանում Ս. Խաչի պատմութեան մէջ:
Դարեր շարունակ այն կամ մեծ բաժինը իսկական Խաչից մնում է այնտեղ` Ս. Յարութեան տաճարի գանձատանը, երբ պատմութեան մէջ հզօր ուժերը (պարսկաբիւզանդական) այն ձեռքից ձեռք են փոխանցում:
Այս տօնն իր իմաստի եւ կարեւորութեան կարգով, յոյները նոյնացրել են Խաչվերացի հետ: Գիւտի նշումը կատարւում է առանձին` հոկտեմբերի վերջին կամ Խաչվերացից 6 շաբաթ յետոյ:
Գիւտ Խաչի տօնը՝ Պատւական անունը կրողների անւանակոչութեան օրն է:
Այստեղ պէտք է նշել, որ իրապէս Խաչի պատմութեան մէջ Գիւտը կարեւորագոյն իրողութիւն է եւ թերեւս արդար է, որ այն դասւած լինի մեծ տօների շարքում: