Այսու Թեհրանի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ չորեքշաբթի, 14 փետրւար 2024 թւականը Տեառնընդառաջ է, այսինքը Տօն Քառասնօրեայ Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն:
Այս առիթով՝ երեքշաբթի 13 փետրւար 2024 թւականին, ժամը 16:00-ին, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւելու է Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակ:
Տեառնընդառաջի տօնը տօնն է նաեւ ՀԱՅ ՄԱՆԿԱՆ. այսու մեր սիրելի ծնողներին կոչ ենք ուղղում, որ իրենց նորածին երեխաներին այդ օրը՝ երեքշաբթի 13 փետրւար 2024 թւականի երեկոյեան եկեղեցի բերեն, որպէսզի յընթացս եկեղեցական արարողութեան՝ նորածինների տաճարը ընծայման խորհրդաւոր կարգը ընդունեն:
Յայտնենք, որ Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կրօնական արարողութեանց նախագահելու եւ իր պատգամը փոխանցելու է թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:
Մեր հաւատացեալ ժողովրդին հրաւիրում ենք՝ ներկայ լինելու վերոյիշեալ արարողութեանը եւ հաղորդւելու Տեառնընդառաջի խորհրդով:
Այս առիթով մեր միութիւններին, կազմակերպութիւններին եւ ծնողական խորհուրդներին թելադրում ենք, որ Տեառնընդառաջի առիթով ինչպէս եկեղեցում նոյնպէս միութիւններում եւ դպրոցներում կազմակերպեն աւանդական հրավառութիւն, հայավայել եւ քրիստոնէավայել կերպով, այնպէս ինչպէս մեր հայրերն էին այն տօնում, միաժամանակ բացատրելով տօնի հետ կապւած հրավառութեան իմաստը:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ