Իրանական ընկերութիւններից մէկը սիրայօժար 18 տոննա հիգիենայի միջոցներ է տրամադրել:
Արցախից բռնի տեղահանւած հայրենակիցներին օգնութիւն տրամադրելու նպատակով, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած յանձնախմբի ջանքերով եւ համայնքի նւիրատւութիւնների շնորհիւ օգնութիւնների երկրորդ բեռնաքանակն արդէն տեղափոխւել է Հայաստան:
Յանձնախմբի անդամ Էդւին Միրզայեանի հաւաստմամբ, երկրորդ բեռնաքանակը պարունակում է 13 տոննա հիգիենայի միջոցներ եւ 300 հատ էլեկտրական ջեռուցման սարքեր (վառարաններ):
Յատկանշական է, որ նմանօրինակ օգնութիւնների շրջանակում, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի փոխատենապետ Վահէ Թարոյեանի անմիջական համադրութեամբ իրանական հիգիենայի միջոցներ արտադրող ընկերութիւններից մէկը, սիրայօժար աւելի քան 18 տոննա հիգիենայի միջոցներ է նւիրել Արցախից տեղահանւած մեր հայրենակիցներին:
Լուրը՝ «Ալիք»-ից