Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Ռոբերտ Բեգլարեանի խորհրդարանական լսումների օրակարգային ելոյթը՝ Արցախում տիրող իրավիճակի վերաբերեալ

«ԻՐԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՅՐԵՐԸ ԹՈՂ ԱՆՏԱՐԲԵՐ ՉՄՆԱՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԲԱՔՒԻ ՑԵՂԱՍՊԱՆ ԿԵՑՒԱԾՔԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ»

Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը երեքշաբթի 20 սեպտեմբեր 2023 թւականին, խորհրդարանական լսումների օրակարգային միջնամասում ելոյթի ժամանակ դիմել է երկրի բարձրաստիճան ատեաններին ու պաշտօնեաներին յորդորելով անտարբեր չմնալ Արցախում տիրող իրավիճակի եւ Բաքւի սանձազերծւած քայլերի նկատմամբ:

Ռոբերտ Բեգլարեանն իր ելոյթում մասնաւորապէս նշել է. «Ես լրջօրէն խնդրում եմ համակարգի իշխանութիւններին անտարբեր չմնալ Լեռնային Ղարաբաղում Բաքւի ռեժիմի պահւածքի նկատմամբ։ Ասում են, որ Ալիեւը կունենայ Միլոշեւիչի եւ Սադդամ Հուսէյնի ապագան: Սա նշանակում է այն, որ մեր ականջի տակ դաւադրութիւնների, կոռուպցիայի, օրինազանցութիւնների եւ յանցագործութիւնների ծիլ է գոյացել: Իսկ ի զարմանս բոլորի, մեր երկրի Անվտանգութեան նախարարը յայտարարում է, որ Ադրբեջանի հետ մեր խնդիրներն այնքան էլ լուրջ չեն»: Նա ելոյթի մեկնարկային բաժնում յաւելել է. «Դժւար է հաւատալ, որ Իրանի Անվտանգութեան նախարարը նման անփոյթ մօտեցում դրսեւորած լինէր, յատկապէս, երկրի նպատակայարմարութեան տեսանկիւնից»:

Ռոբերտ Բեգլարեանն անդրադառնալով Հարաւկովկասեան տարածաշրջանում վերջին երեք տարւայ զարգացումներին, յատկապէս, Հայաստանում եւ Ղարաբաղում յաւելեց. «Ընդամէնը երկու օր առաջ Բաքւի ռեժիմի կողմից Ղարաբաղի հայ բնակչութեան դէմ՝ սկսւած անսանձ ու դաժան յարձակումներն են շարունակւում, այդ էլ, այսպէս կոչւած՝ ռուս խաղաղապահների անտարբեր աչքի առաջ, ինչն այս ելոյթի հիմնական պատճառ հանդիսացաւ»: Ռոբերտ Բեգլարեանն իր ելոյթում, ինչն ուղիղ եթերի կարգով հասանելի էր նաեւ հանրութեանը ընդգծւած նշեց. «Ամէն ինչից առաջ նշեմ, որ կասկածից վեր է, որ (Իրանի) արտաքին քաղաքականութեան հիմքերը, ինչպէս նաեւ համակարգի առանցքային մօտեցումները որոշւում են նրա բարձրաստիճան պաշտօնեաների կողմից, յատկապէս Գերագոյն առաջնորդի հայեցողութեամբ։ Իսկ Արտաքին քաղաքականութեանն առնչւող կառոյցներն ու ԱԳՆ-ը, այդ հայեացքներ իրականացնողներն են»։

Հայազգի պատգամաւորը կարեւորել է այն փաստը, որ նախ որպէս իրանցի, ապա՝ Իսլամական խորհրդարանի ընտրեալ, բնական է, եթէ հետեւելու լինի եւ համահունչ քայլ պահի ուրւագծւած այս ընդհանուր քաղաքականութեանը: «Սակայն մի քանի կարեւոր խնդիրների շուրջ բացատրւելու անհրաժեշտութիւն եմ նկատում»,- նշել է նա եւ անցել բուն ելոյթի, որն ամբողջութեամբ բերւած է նիւթի շարունակութեան մէջ: «Որպէս անձ, ով, հաշւի առնելով ղարաբաղեան երկրորդ պատերազմի, կամ 2020 թւականի սեպտեմբերի 27-ին(1399 թ. մեհր ամսւայ 6-ին) սկսւած 44-օրեայ պատերազմի բերումով ծագած զգայուն վիճակը, ուշադիր հետեւել եմ վերջին երեք տարիների զարգացումներին եւ տասնեակ մարդկանց հետ քննարկել՝ հետեւանքները, ինձ համար պարզ է դարձել, որ հիմնականում, Իրանի Իսլամական Հանրապետութիւնը Հարաւային Կովկասի վերաբերեալ յստակ քաղաքականութիւն չի մշակել առնւազն վերջին երեք տասնամեակների ընթացքում՝ նախքան այդ պատերազմը, եւ, ամենայն հաւանականութեամբ, տարածաշրջանային կարգեր հաստատելու առումով, ժամանակի պայմանների բերումով շահերի հաշւարկի առումով գործը վստահել է ռուսական գործօնին: Մեր հայեացքը կարծես միայն ուղղւած էր Պարսից ծոցին ու Մերձաւոր Արեւելքին։ Այլ հարց, թէ այդ հարցում ո՞ւր ենք հասել: Իրանի ժողովուրդը երբեք տեղեկացւած չի եղել, որ անկախ հակամարտութեան կողմ հանդիսացողների շահերից, ԽՍՀՄ կարգերով հաստատում ունեցած Ղարաբաղի Ինքնավար մարզում բնակւող հայ ժողովուրդը անցկացւած հանրաքւէի հիման վրայ եւ համաձայն ԽՍՀՄ սահմանադրութեանը որոշում է կայացրել անկախ լինել Ադրբեջանի Հանրապետութիւնից: Սա իրականացւել էր մինչեւ Խորհրդային Միութեան փլուզման սկզբնական շրջանում Ղարաբաղի հիմնական հակամարտութեան մեկնարկը: Նրանք (արցախահայութիւնը) անցել էին իրաւական մի գործընթացի՝ ինքնորոշման իրաւունքի հիմնաւորմամբ, իսկ Ադրբեջանի Հանրապետութիւնն էր, որ բռնեց բռնութեան ճանապարհը պարտադրելով պատերազմ՝ խաղաղ լուծման փոխարէն։ Այնուամենանիւ, այդ ընթացքում ձեւաւորւեցին աշխարհաքաղաքական փխրուն հաւասարումներ, իրավիճակն առաւել բարդացնելով Իրանի փոխարէն՝ տարածաշրջանային այլ շահագրգիռ կողմերի ներգրաւմամբ: Այժմ ունենք այն, ինչ ունենք։ Անցած երեք տարիներին Իրանը կարեւորել է երկրների տարածքային ամբողջականութեան սկզբունքը՝ Ղարաբաղը դիտարկելով որպէս Ադրբեջանի Հանրապետութեան մաս: Միաժամանակ Իրանը խստօրէն զգուշացրել է, որ թոյլ չի տայ աշխարհաքաղաքական փոփոխութիւններ տարածաշրջանում, յատկապէս, եթէ դրանք պիտի ազդեն Իրանի ազգային շահերի եւ անվտանգութեան վրայ։ Համակարգը լաւագոյնս է գիտակցում, որ, երբ խօսք է գնում միջազգային սահմանների անքակտելիութեան շուրջ, ապա այդ կարմիր գիծը սահմանւած չէ միայն մէկ երկրի հետ ունեցած սահմանագծով, ինչպիսին Հայաստանի հետ Իրանի սահմանն է: Հիմնականում տարածաշրջանի աշխարհագրութիւնը, յատկապէս Հայաստանի քարտէզն ու տեղագրութիւնն այնպիսին է, որ առանց Սիւնիքի մարզի, հայկական հողի հետ մեր սահմանային կապն անիմաստ է դառնալու։ Այդպիսով Իրանը հեռացել է Ղարաբաղում այս օրերին տեղի ունեցող զարգացումներից ու ողբերգութիւններից եւ առաջնորդւելով իր անվտանգային խնդիրներով ու կարեւորելով տարածքային ամբողջականութիւնն՝ իր անվտանգութիւնը դիտարկում է տարածքային անվտանգութեան մէջ առնչակից լինելով միայն Հայաստանի տարածքի հետ։ Պէտք է յիշեցնեմ, որ ինչպէս Էրդողանը հրապարակաւ յայտարարեց ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի նստաշրջանում, Ղարաբաղի վրայ ներկայիս յարձակումները եւ նրա վերջնական օկուպացումը (որն արւում է նաեւ Ռուսաստանի համաձայնութեամբ) «Թուրանական դալան»-ի, կամ աւելի ճիշտ ձեւակերպմամբ ՆԱՏՕ-ի միջանցքի իրականացման նախերգանքն է։ Հիմա, երբ աշխարհակարգն է անկայուն դարձել՝ մինչեւ նոր համակարգի ձեւաւորումը, վերափոխումներն ընթանում են սրընթաց, իսկ միաժամանակ Ղարաբաղում սկսւել է հայերի ցեղասպանութիւնը։ Պանթուրքիզմը եւ Թուրքիան այժմ վտանգաւոր քայլեր են վերցնում տարածաշրջանում՝ 1915 թւականի էթնիկ զտումներից եւ Ցեղասպանութիւնից յետոյ անեքսիոնիստական (ծաւալապաշտական) յաւակնութիւնների իրականացման ուղղութեամբ։ Երեք տարի առաջ պատերազմի ընթացքում Բաքւի ռեժիմը, որը գիտէր, թէ միայնակ չի կարող անել դա, յաղթանակի հասաւ Թուրքիայի համակողմանի աջակցութեամբ, Ռուսաստանի կանաչ լոյսով, թեքֆիրական վարձկանների օգտագործմամբ եւ իհարկէ սիոնիստական ռեժիմի ռազմական եւ հետախուզական համագործակցութեամբ։ Այդպէս էլ նա կանգ չառնելով ոչինչի առաջ օգտագործել է ֆոսֆորային ռումբեր եւ կատարել պատերազմական-ցեղասպանական յանցագործութիւն։ Բաքւի զօրքերը գլխատում էին գերիներին, ցուցադրելով այդ տեսանիւթերն աշխարհին: Բաքուն սպանդ իրականացրեց խաղաղ բնակչութեան դէմ, ոչնչացրեց ու աւերեց հայերի հնագոյն պատմամշակութային կոթողները, կամ թաղեց իր վայրագ ու քաղաքակրթութեան հետ ոչ մի առնչութիւն չունեցող իր էութեան անդունդում: 2020 թւականի հոկտեմբերի նոյն այդ օրերին, տարածաշրջանի վերաբերեալ իր ելոյթում պարզաբանելով խնդրի վերաբերեալ Իրանի մօտեցումը, Բարձրագոյն առաջնորդը շեշտեց, որ տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու գործընթացում պէտք է երաշխաւորւի տարածաշրջանի հայերի անվտանգութիւնը, ինչպէս նաեւ պահպանւեն միջազգային սահմանները: Այժմ Արտաքին գործերի նախարարութիւնն այս առնչութեամբ ինչ է ձեռնարկում, ինչ է արել, եւ ինչ կարող է կամ ուզում է անել: Կամ հիմնականում ինքը՝ համակարգը ի՞նչ է արել: Ես անկեղծօրէն խնդրում եմ համակարգի այրերին անտարբեր չմնալ Ղարաբաղում Բաքւի ռեժիմի անխոհեմ պահւածքի նկատմամբ եւ թող գիտակցեն, որ գլոբալ հարթակներում ու միջազգային շրջանակներում, Ալիեւի ապագան չափում են Միլոշեւիչի իւ Սադդամի օրինակով: Սա նշանակում է, որ մեր ականջի տակ կոռուպցիայի, օրինախախտումների, յանցագործութիւնների ծիլ է գոյացել, իսկ այս չարորակ ուռուցքը բացայայտւելու շեմին էր, երբ ի զարմանս բոլորի, երկրի Անվտանգութեան յարգարժան նախարարն անփոյթ յայտարարութիւն թոյլ տւեց ասելով, որ Ադրբեջանի (Հանրապետութեան) հետ մեր խնդիրները լուրջ չեն: Ամէն դէպքում, դուք պէտք է իմանաք, որ մենք, ովքեր թիրախաւորում ենք ԴԱԷՇ-ին մինչեւ Իրաքի եւ Սիրիայի խորքերը, դա անում ենք յանուն մեր հողի անվտանգութեանը: Բայց աչք ենք փակել սիոնիստական ռեժիմի հետախուզական լայնածաւալ գործողութիւնների վրայ։ Մենք հանդուրժել ենք թեքֆիրականների ներկայութիւնը եւ խոնարհաբար թոյլ ենք տալիս ստախօսել։ Գիտենք նաեւ, որ 44-օրեայ պատերազմի աւարտից անմիջապէս յետոյ Ռուսաստանը երկրի բարձրագոյն պաշտօնեաներին յայտնել էր այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի մասին, ինչի մասին նշւած չէ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի համատեղ համաձայնագրում: Ընդհանուր հաշւով արձանագրել է պէտք, որ տեսա՞ք, տարածաշրջանում եղաւ պատերազմ, իսկ ձեզ խաբեցին ու դեռ շարունակում են ստել։ Երկրորդ՝ դուք արդէն լաւ գիտէք Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերի եւ թուրանական դալանի մասին: Ուստի կենտրոնանալով պէտք է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, թէեւ յուսով եմ, որ Հայաստանի կառավարութիւնը նոյնպէս նրբանկատութիւն կը դրսեւորի եւ չի անտեսի Իրանի հնարաւորութիւնները։ Երրորդ՝ տեղի են ունենում պատմական նշանակութեամբ զարգացումներ: Եւ հասկանալով Իրանի դիրքորոշումն ու ազգային շահերը, պէտք է ասել, որ ժամանակի կտրւածքով աշխարհասփիւռ հայութիւնն ակնկալում է Իրանի միջամտութիւնը՝ հաւասարակշռող, անվտանգային եւ կենսական իր դերակատարութեամբ։ Իրանը երբեւէ ցեղասպանութիւն չի իրագործել, կամ նման բան հանդուրժող երկիր չի եղել: Այժմ էլ չպէտք է լռի։ Քաղաքակիրթ եւ մշակութաստեղծ Իրանը հիմնւած չէ միայն անցեալի վրայ, կամ պատմական յուշարձանների ու մշակութային շքեղութեան վրայ: Քաղաքակիրթ լինելը բնութագրւում է մարդկային բարձր արժէքներով, նորմերի սահմանմամբ, պայքար յանուն իրաւունքի ու արդարադատութեան, եւ ամուր կանգնելով մարդկային արժանապատւութեան ամրապնդման գործում: Սահմանադրութիւնը նոյնպէս յստակ է մօտեցել այս հարցերում։ Հէնց այս պահին Ղարաբաղում ոտնահարւում է մարդկութիւնն ու մարդկային արժանապատւութիւնը, ինչպէս բազմիցս է այստեղից ասւել, եթէ մենք չպայքարենք ԴԱԷՇ-ի դէմ Սիրիայում, կամ Իրաքի խորքերում, ապա պէտք է կռւենք նրա դէմ Թեհրանում, այնպէս որ պէտք է գիտակցել, որ թեքֆիրականների ու Բաքւի ռեժիմի աչքն ուղղւած է Թաւրիզին, կամ Իրանի հիւսիս-արեւմտեան նահանգներին, նոյնիսկ Թեհրանին ու Ղազւինին։ Չեմ ցանկանում մեր սիրելի Իրանը ներքաշւած տեսնել համաշխարհային ու տարածաշրջանային ճգնաժամերի բերումով հրահրւած պատերազմի մէջ: Սակայն, երբ քննարկւում են համապարփակ ազգային անվտանգային հարցեր, մեր, կամ հարեւան երկրների անվտանգութիւնը միայն դասագրքերում գծւած քարտէզների նկարով չէ, որ հաստատւում է:

«Ալիք»-ից

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 29 Ապրիլի 2024;
Լ օր Յինանց

Երեքշաբթի 30 Ապրիլի 2024;
ԼԱ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ