Արցախի անկախութեան 32-րդ տարեդարձի առիթով, կիրակի առաւօտեան, 3 սեպտեմբեր 2023 թւականին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում Սուրբ եւ Անմահ Պատարագից յետոյ կատարւեց Հոգեհանգստեան արարողութիւն Արցախի գոյամարտի ընթացքին նահատակւած հերոսների հոգիների խաղաղութեան համար։
Սուրբ Սարգիս եկեղեցում կրօնական արարողութեանը նախագահում էր Թեմիս Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը։ Պատարագիչն էր Արժ․ Տ․ Սահակ․ քհնյ․ Խոսրովեանը։
Առաջնորդ Սրբազան Հայրը, իր քարոզի ընթացքին արտայայտւեց, որ Հոգեհանգսեան արարողութիւնը Սուրբ Գրային աւանդական սովորութիւն է, որով աղօթք ենք մատուցանում մեր ննջեցեալների, յատկապէս հայրենիքի համար զոհւածների հոգիների հանգստեան համար, որպէսզի Տէրը իրենց հոգիներն Իր երկնային լոյսի խորաններում հանգչեցնի․ Նա յաւելեց, որ Հոգեհանգստեան արարողութիւնը, ըստ մեր հայրերի բացատրութեան՝ այն արարողութիւնն է որ զինւորեալ եւ Անդրանկանց ու յաղթական եկեղեցին միացնում է։ Համաձայն մեր հայրեր տւած բացատրութիւնների երկրի վրայ կենդանիններս մաս ենք կազմում զինւորեալ եկեղեցուն, որ պահում ենք մեր Քրիստոնէական հաւատքը, պայքարում ենք այդ հաւատքի համար, եւ ջանադիր ենք լինում, որպէսզի այդ հաւատքը ամրանայ մեզանից իւրաքանչիւրիս սրտում եւ հոգում ի խնդիր մեր լուսաւոր ապագայի․ իսկ Անդրանկանց եկեղեցին այն է, որի անդամները ժամանակին ապրել, գործել ու պահել են իրենց քրիստոնէական հաւատքը եւ այդ հաւատքի համար նահատակւել են եւ կամ իրենց բարի պատերազմն են պատերազմել եւ այս եկեղեցու մասնիկներն են որ Հոգեհանգստեան ժամանակ միանում են։ Նրանք, ովքեր իրենց հանգուցեալների հոգիների խաղաղութեան համար Հոգեհանգիստ են կատարում, միանում են իրենց ննջեցեալներին, յիշելով նրանց աղօթում են նրանց հոգիների խաղաղութեան համար, եւ այդ աղօթքը կամուրջ է լինում նրանց միջեւ։
Սրբազան Հայրն ասաց.-«Մենք այսօր Հոգեհանգստեան արարողութեամբ հոգեպէս հաղորդւեցինք մեր նահատակների հոգիների հետ, ու նրանց գաղափարական աշխարհը, որ իրենց մղել է նահատակութեան, այսօր մեր մտքերում ու հոգիներում վերակենդանանում են»։ Նա յիշելով այդ նահատակներին յաւելեց․-«Պատկերացնում ենք այն երիտասարդ-ուհիներին, որոնք իրենց զէնքը ձեռքին պատերազմի դաշտում իրենց հայրենիքի ազատութիւնն ու անկախութիւնը կերտեցին եւ մեզի նւիրեցին իրենց արեան գնով»։ Նա նաեւ յաւելեց, որ նրանց յիշատակի ոգեկոչմամբ մենք առաւել եւս ուժեղանում ենք եւ ամրանում։
Առաջնորդ Սրբազան Հայրը, իր խօսքի մի այլ բաժնում ասաց որ նահատակների համար Հոգեհանգստեան արարողութիւն կատարելուն առընթեր մենք աղօթում ենք մեր հայրենիքի, Արցախի եւ հայ ժողովրդի զօրութեան, խաղաղութեան եւ ապահովութեան համար։
Նա յաւելեց.-«Այսօր ոչ միայն Արցախը, այլ Հայաստանը ինքը նաեւ վտանգի մէջ է․ Նա յիշեցրեց հայ անւանի պատմաբան Լէոյի խօսքը, որն ասում է,-«Արցախը ամուր պարիսպ է Հայաստանի ապահովութեան համար, եւ այսօր մենք վկայում ենք իր ասածներին։ Այդ պարիսպը այսօր ասէք թէ կիսաքանդ վիճակի մէջ է եւ դրա համար թշնամին ազատ ու համարձակ մուտք է գործել մեր Հայաստան աշխարհը ու ամէն օր մենք գրեթէ նահատակներ ենք տալիս»: Սրբազան Հայրը աղօթքի կոչ արեց ժողովրդին, որպէսզի Հայաստանի ժողովուրդը եւս սթափւի իր թմբիրից եւ իր կեանքը հեշտասիրութեամբ ու զւարթութեամբ չանցկացնի,այլ ամուր կերպով կառչած մնայ իր հոգեւոր եւ ազգային արժէքներին, որոնցով ազգը կը յարատեւի»։
Սրբազան Հայրը ասաց.-«Մենք պիտի աղօթենք մեր հայրենիքի ժողովրդի համար, որպէսզի իրականութիւնը տեսնելով, ո՛չ ասեն ներկայ իշխանութեան հայադաւ ու յանձնւողական որոշումներին, որով յայտարարում են, որ Արցախը Ադրբեջանի կազմի մէջ է։ Արցախը երբեք ու երբեք Ադրբեջանի մաս չի կազմել եւ պատմութիւնը մեզ յուշում է, որ Արցախը միշտ եղել է հայկական ու Հայաստանի անբաժան բաժինը եւ որպէս այդպիսին մեր ժողովրդի համար եղել է բնօրրան եւ հայրենիք»։
Նա իր խօսքի աւարտին ասաց, որ մենք պիտի տէրը լինենք մեր երկրին ու Արցախին ու երբեք չպիտի զիջենք: Պիտի գայ ժամանակ, որ մեր ժողովուրդը պիտի կարողանայ տիրել իր իրաւունքներին։ Մնում է մեզ որ մենք՝ Սփիւռք, Արցախ եւ Հայաստան նւիրական մեր հաւատքն ու ազգային պատկանելիութիւնը պահենք, պահենք մեր եկեղեցին, մեր լեզուն եւ մեր մշակոյթը, որովհետեւ եռամիսանութիւն է՝ հաւատքը, լեզուն եւ մշակոյթը, որպէս հոգեւոր արժէքներ. նրանց վրայ խարսխւած մեր ժողովուրդը: Մենք պիտի կարողանանք մեր կեանքը շարունակել միշտ տեսիլքովը մեր ամբողջական հայրենիքի, իր ամբողջական ժողովրդով։
Խունկ ու աղօթք մեր նահատակների հոգիներին եւ առաւել ուժ մեր զինւորներին եւ իմաստութիւն մեր ժողովրդին։
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ