Համահայկական ամառային 8-րդ խաղերին մասնակցելու նպատակով, իրանահայ հայոց թեմի մարզական պատւիրակութիւնները օգոստոսի 3-ի առաւօտեան մեկնեցին Հայաստան՝ Գիւմրի, որտեղ տեղի է ունենալու մարզական խաղերի բացման արարողութիւնը:
Թեհրանի մարզական խմբերը նախատեսւած երկու կէտերից շարժւեցին Հայաստան: Սրբոց Թարգմանչաց եկեղեցուց մեկնեցին Արաք եւ Գորգան քաղաքները ներկայացնող խմբերը, որոնք մեծամասնաբար Հ.Մ. «Սիփան» միութեան մարզիկ-մարզուհիներն էին: Տեղի ունեցաւ եկեղեցական բարի երթի արարողութիւն եւ մարզիկներին նւիրեցին խաչեր:
«Արարատ» մարզաւանից մեկնած մարզիկները, Թեհրանի հայոց թեմի մարզական խմբերի անւան տակ են մասնակցելու խաղերին: Երկու մեկման վայրերում էլ խմբերին բարի ճանապարհ եւ յաղթանակներով վերադարձ մաղթեցին Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը եւ Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի ներկայացուցիչները:
Համահայկական ամառային 8-րդ մարզական խաղերին մասնակցում է նաեւ Սպահանի մարզական պատւիրակութիւնը, որը նաեւ օգոստոսի 3-ի առաւօտեան ուղեւորւել է Հայաստան։
Լուրը՝ «Ալիք»-ից