Քրիստոնէական և կրօնական դաստիարակութեան կարևորութիւնից ելնելով չորեքշաբթի փետրւարի 24-ին Թունեան տարրական դպրոցում կազմակերպւեց պասի ճաշատեսակների փառատօն:
Բոլոր դասարանների ծնողները պատրաստել էին իրենց դասարանի կրպակը տարբեր գաւառների ճաշատեսակներով զարդարւած, որոնք օգտագործւում են պասի օրերի ընթացքում:
Սոյն օրը հրաւիրւած էին Սրբազան Հայրը, Տէր Կոմիտասը, Կրթական խորհրդի ատենապետ՝ պրն. Սևան Դանիէլեանը, կրթական խորհրդի ներկայացուցիչներ, Սասուն քաղաքամասի պատգամաւորներ ու դպրոցի ծնողներ:
Ծրագրի սկզբում աշակերտուհիները բարի գալուտ մաղթեցին հիւրերին:
Աշակերտներից 7 հոգի հերթաբար պատրաստւած պատկերներով ներկայացրին պասի քառասնօրեայ Մեծ Պահեցողութեան եօթ կիրակիների և իրենց յաջորդող «Աւագ Շաբաթ»-ը: Ապա աշակերտներն իրենց գեղեցիկ կատարումով ներկայացրին «Հայաստան» երգը:
Հիւրերը հերթաբար այցելեցին պատրաստւած կրպակները: Ծնողները գեղեցիկ հայկական տարազներով դիմաւորեցին հիւրերին և բացատրութիւններ տւեցին ճաշատեսակների վերաբերեալ:
Դպրոցի փոխտեսչուհու բացատրութեամբ փառատօնի կազմակերպման նպատակն է եղել նախ աշակերտներին և ծնողներին առաւել ևս ծանօթացնել քրիստոնէական օրէնքներին ու սովորութիւններին, երկրորդ հերթին սերտ կապ հաստատել ծնողների և դպրոցի միջև, նաև նորարութիւն և խանդավառութիւն ստեղծել դպրոցում:
Ծրագրի աւարտին ներկայ հիւրերը հիւրասիրւեցին ճաշատեսակներով՝
Դպրոցիս անձնակազմը և աշակերտներն արժանացան Սրբազան Հօր գովասանքի և գնահատանքի խօսքերին: