ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Հոգևորական-Ծնողք Հանդիպում

Նախորդ տարւայ փորձառութեան լոյսի տակ, այս տարի եւս, շաբաթ մարտի 10-ի առաւօտեան դպրոցիս տեսչուհու խնդրանքով՝ Թ. Հ. Թ. Առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը այցելեց Հայոց ազգային «Արաքս» դպրոց և խորհրդակցական հանդիպում ունենեցաւ աշակերտների ծնողների հետ։

Հանդիպումը մեկնարկեց «Տէրունական» աղօթքով, որից յետոյ բարի գալստեան խօսքով հանդէս եկաւ դպրոցի տեսչուհի՝ Օրդ. Անի Մանուկեանը, որ իր ուրախութիւնն ու գոհունակութիւնը յայտնեց կրկին անգամ Սրազան Հօր օրհնաբեր այցելութիւնն ու ներկայութիւնը վայելելու դպրոցի յարկի ներքոյ, ինչպէս նաեւ ամփոփ անդրադառնալով հանդիպման նպատակին, որն էր՝ աշակերտների կեանքում ու ծնողների համար բազում անպատասխան մնացած կրօնական ու բարոյական, քրիստոնէական ու ընկերային հարցերի, դժւարութիւնների ու անորոշութիւնների մասին լուսաբանիչ պատասխաններ ու բացատրութիւններ ստանալ, ինչպէս նաեւ՝ որոշ թիւրիմացութիւնների պարզաբանութիւններն ունենալ, հրաւիրեց Սրբազան Հօրը, որ ծնողներին փոխանցի իր խօսքը։

Սրբազան Հայրը սկզբում շնորհաւորեց մարտի 8-ը, որպէս կանանց համաշխարհային օր, եւ ամենաբարին ու լաւագոյնը մաղթեց հայ մայրերին եւ ուսուցչուհիներին։ Եւ ապա բաւական ընդարձակ բացատրութիւն տւեց քրիստոնէական կրօնի որոշ ուսուցումների ու վարդապետութիւնների մասին, ինչպէս՝ հրեշտակների, յաւիտենական կեանքի, մեղքի, շնորհի, մահւան, յաւիտենական կեանքի ու դժոխքի, մեղքի գիտակցութեան ու անդրադարձի, զղջումի, ապաշխարութեան ու ներումի անհրաժեշտութեան մասին, յիշեցնելով այն հանգամանքը, որ ընդհանրապէս հոգևոր հանդիպումների ընթացքում արծարծւում են հարցեր, որոնց պատասխանելու համար եկեղեցու հայրերը պարտաւորւում են ուղղակի պատասխանել՝ իհարկէ նկատի ունենալով աշակերտների տարիքային տարբերութիւնը և ըմբռնելու կարողութիւնը, եւ չնայած որ ոմանց մօտ յառաջանում է վախ, սակայն այդ երբէք պատճառ չպէտք է լինի, որ հաւատքի հիմնական հարցերը որպէս ճշմարտութիւն չներկայացւեն ու չբացատրւեն, եւ ինչ որ դժբախտաբար ընդհանրացած կարծիքի է վերածւել՝ պարզապէս հերքւեն կամ մերժւեն եւ կամ էլ բնաւ դրանց մասին չանդրադառնալ։ Ինչպէս օրինակ, երբ խօսւում է Աստծու գոյութեան, կամ մահւան եւ կամ սատանայի ու դժոխքի մասին։

Առիթը պատեհ համարելով Սրբազան Հայրը մանրամասն բացատրեց Սատանայի հասկացողութեան մասին, դրա սխալ ըմբռնումին, որը պատճառ է դառնում շատ յաճախ վախ ու սարսափ յառաջացնելու պատանիների, երեխաների եւ նոյնիսկ մեծերի մօտ, կենտրոնանալով Եսայիի եւ Եզեկիէլի մարգարէութիւններում յիշւած պատկերների ինչպէս նաեւ՝ Յայտնութեան գրքում նկարագրւածի վրայ, նրա նախապէս որպէս քերովբէ ստեղծման եւ ապա հպարտութեան պատճառով անկման ու սատանայի վերածման, այսինքն՝ հակառակորդի, չարախօսի, զրպարտողի, ընդդիմացողի, ստախօսի, սպանողի եւ նրա աշխատանքին ու թիրախին՝ որը մարդս շարունակ մեղքի առաջնորդելով եւ իրեն ենթարկելով՝ մահւան դատապարտելն է։ Որի մասին նա ասաց, որ մեր զաւակները յստակ եւ ամբողջական պատկերացում պէտք է ունենան, որպէսզի իմանան թէ ի՛նչպէս են ապրելու իրենց կեանքը եւ ի՛նչ ուղղութեամբ դրսեւորելու են իրենց քայլերը։

Իր խօսքի երկրորդ բաժնում Սրբազան Հայրը կենտրոնացաւ ու կարեւորութեամբ շեշտեց ծնողական եւ ընտանեկան դաստիարակութեան անհրաժեշտութեանը վրայ։ Նա յիշեցրեց, որ մեր զաւակների կրօնական ու ազգային, մշակութային եւ հոգեւոր, ազգային ու հայրենասիրական սերմերի սերմանելն ու տունկերը տնկելը ոչ թէ դպրոցում, եկեղեցում, միութիւնում կամ ակումբում է սկսելու, այլ՝ ընտանիքում, տնում եւ աւելին՝ մօրն ու հօրը գրկում։ Նա ասաց, որ երեխան հարենիքի սէրը, հայոց պատմութեան արժէքը, Աստծու հայրութիւնը, Աստծւածաշնչի քաղցրութիւնը, Քրիստոսի զօրութիւնը, սրբերի ու նահատակների ներկայութիւնը, հայերէն երգն ու բանաստեղծութիւնը, աղօթքն ու շարականը, ամէն բանից առաջ իր մօր կաթը խմած ժամանակ պիտի լսի, զգայ, սովորի ու փորձարկի։ Սրբազան Հայրն յիշեցրեց, որ Աստւածաշունչ կարդալը, եկեղեցի յաճախելը, հայ լեզւի ու գրականութեան, հայ արւեստի ու մշակոյթի նկատմամբ սէրն ու կառչւածութիւնը իր ծնողքից պիտի սովորի եւ նրանցից օրինակւի, այլապէս՝ եթէ մանուկը կամ պատանին մինչեւ 12-13 տարեկան տնում վերոյիշեալ ճշմարտութիւններով չդաստիարակւեց՝ ապա դրանից յետոյ շատ դժւար է, որ նրանից գիտակցութիւն, հաւատ, կրօնասիրութիւն, Աստւածպաշտութիւն, հայրենասիրութիւն, կրօնական ու ազգային հոգեւոր ու մշակութային արժէքների կապւածութիւն եւ կառչւածութիւն ակնկալել եւ սպասել։ Սրբազան Հայրը ասաց. «Եթէ մանուկը փոքրուց իր ծնողքից Աստծուց երկիւղել չսովորի, նրա ձեռքից բռնած եկեղեցի գնալ եւ աղօթել ու Աստւածաշունչ կարդալ չսովորի, աստւածային ճշմարտութիւններին հաղորդ չդառնայ, մեր սրբազան հայրերի հոգուն եւ մտքի գանձերին չընտելանայ, ապա մեծանալուց յետոյ չակնկալենք՝ որ մեր զաւակը հաւատարիմ մնայ իր ընտանեկան, կրօական, ընկերային, ազգային ու հայրենական եւ մշակութային արժէքներին։

Երրորդ բաժնում նա խօսեց Աստւածաշնչի կարեւորութեան մասին եւ նրա իւրաքանչիւրի կեանքում ունեցած յոյժ կարեւոր դերակատարութեանը։ եւ ծնողներից հնչած որոշ հարցումների որպէս պատասխան նա ակնարկեց, որ Աստւածաշունչը իր Հին ու Նոր Կտակարաններով գրւել է շուրջ 1500 տարիների ընթացքում, աւելի քան 40 Աստծու Հոգով ներշնչւած հեղինակների կողմից։ Նա յիշեցրեց, թէ պարզ է, որ այնտեղ հանդիպենք որոշ արձանագրւած ճշմարտութիւնների, որ շատ յաճախ այսօրւայ մտածողութեամբ, երբ մօտենում ենք մի քիչ կարող է խրթին, անորոշ կամ անհասկանալի թւայ մեզ, սակայն Աստւածաշնչին մօտենալու համար պէտք է նկատի ունենանք հետեւեալը նաեւ, թէ դա սկսել է գրի առնւել սրանից երեք հազար հինգ հարիւր տարիներ առաջ և Հին Կտակարանը գրւել է արևելեան մտածողութեան լոյսի տակ այն ժամանակւայ աշխարհաքաղաքական, ընկերային եւ կրօնական ընդհանուր այդ մտածողութեամբ և բառապաշարով, եւ եբրայերէնով, իսկ Նոր Կտակարանը՝ յունարէնով և թարգմանւել զանազան լեզուների նրանց կարգին նաեւ՝ Հայերէնի։ Ուրեմն, Աստւածաշունչը կարդալիս վստահաբար որոշ բաներ անհասկանալի պիտի լինեն, սակայն դա չպէտք է վհատեցնի մեզ կամ գայթակղեցնի եւ կամ նրա վաւերականութեան հանդէպ կասկած արթնացնի մեր մէջ, այլ պէտք է մղի մեզ լրացուցիչ բացատրողական ու մեկնողական գրքեր կարդալու եւ ամենապարզ պարագային, դիմելու եկեղեցական հայրերին, որպէսզի լրացուցիչ եւ լուսաբանական պատասխաններ տան մեզ, ասաց Սրբազան Հայրը, եւ ոչ թէ քմահաճ եւ անձնական բացատրութիւնների կամ եզրահանգումների դիմենք, որը անկասկած հաւատքի շրջագծում մեր երեխաների ինչու չէ նաեւ՝ մեզ համար կործանարար հետեւանքներ կարող են ունենալ։

Չորրորդ բաժնում Սրբազան Հայրը անդրադարձաւ ընտանեկան, ընկերային, կրօնական եւ ազգային արժէքների ինչպէս նաեւ աստւածային ու բարոյական չափանիշերի՝ արդարութեան, ճշմարտութեան, սրբութեան, հաւատքի, ճշմարիտ քաջութեան, իրաւունքի, փոխադարձ յարգանքի, զիջողութեան եւ հասկացողութեան, իրաւունքների պաշտպանութեան եւ այլ երեւոյթների մասին եւ կարեւորութեամբ յիշեցրեց, որ դրանք են կազմելու մեր անհատական եւ հաւաքական կեանքի կայունութեան, յաջողութեան եւ առողջ վիճակի գոյատեւման երաշխիքը եւ աւելացրեց՝ որ ներկայ աշխարհայնացման ու արեւմտեան աշխարհից եկող անաստւածութեան, ապաբարոյականացման, ապազգայնացման, արժէքները ոտնակոխելու, սրբութիւնները պղծելու, ընտանեկան առողջ կառոյցի եւ ընկերաբարոյական հիմքերը խորտակելու հոսանքը զօրեղ կերպով իր հետ աւելում ու տանում է ամէն ինչ, ընդ որում նաեւ մեր նոր սերնդի առողջ նկարագիրն ու հոգեիմացական ու բարոյական զօրութիւնը։ Այս իրավիճակի դիմաց մեր զաւակներին պիտի ներկայացնենք կրօնաբարոյական ճշմարտութիւնները և յստակ նրանց առաջ դնենք Աստւածաշնչեան երկու ճանապարհները եւ մարգարէի ասածի համաձայն սովորեցնենք նարնց, որ իրենք կեանքի ճանապարհը ընտրեն եւ ոչ թէ մահւան։ Եւ նրանց մէջ խորապէս արմատաւորենք պատասխանատւութեան եւ հաշւետւութեան գիտակցութիւնը, բացատրելով՝ որ ընտրութիւնը իրենց տրւած աստւածապարգեւ իրաւունքն է, բայց միաժամանակ, իւրաքանչիւր անձ պիտի պատրաստ լինի իր որոշումների, մտածումների եւ արարքների հետեւեանքները կրելու եւ պատասխանատւութիւնը ստանձնելու։

Հինգերորդ կէտում Սրբազան Հայրը գեղեցկօրէն բացատրեց սէր, սիրել եւ սիրով յարաբերւելու ճշմարիտ հասկացողութիւնը։ Նա անդրադառնալով սիրոյ չորս ըմբռնումների մասին, էրոս որ մարմնական սէրն է, ստորգէ, որ ծնողական և ընտանեկան սէրն է, ֆիլոս որ ընկերասիրութիւն է և ագապէ, որ աստւածային սէրն է, շեշտը դրեց չորրորդ հասկացողութեան մասին, հրաւիրելով ծնողներին, որ իրենց զաւակների մէջ խթանեն չորրորդ տեսակի սիրոյ գիտակցութիւնը, որը աստւածային սէրն է, քրիստոնէական կրօնի ճամփով մեզ փոխանցւող սէրն է, այլ խօսքով՝ իսկական եւ յաւիտենական սէրն է, որի կատարեալ մարմնացումը հանդիսացաւ ինք՝ Յիսուս Քրիստոս, ասաց Սրբազան Հայրը։

Վեցերորդ բաժնում սրբազան Հայրը խօսեց բարին գործելու անհրաժեշտութեան մասին, ինչպէս նաեւ լուսաբանեց ու բացատրութիւն տւեց զոյգ կարեւոր ճշմարտութիւնների մասին, որոնք շատ յաճախ մարդկանց եւ ի մասնաւորի՝ աշակերտների մտքում շփոթ եւ կասկած են արթնացնում Աստծու անձի ու գործելաձեւի մասին. դրանք են՝ Աստծու կամքն ու կանխագիտութիւնը։ Սրբազան հայրը գործնական օրինակներով բացատրեց սոյն իրողութիւնը, որը մեծապէս օգտակար եղաւ ծնողների համար, որպէսզի իմանան թէ ի՛նչ են պատասխանելու իրենց զաւակների հարցերին, յատկապէս՝ երբ անգիտակցաբար մարդկանց չար արարքների հետեւեանքները վերագրում են Աստծուն, ասելով՝ եթէ Աստւած բարի է, եթէ Աստւած ողորմած է, եթէ Աստւած մարդասէր է, եթէ Աստւած իմանում է, ապա ինչո՞ւ թոյլ է տալիս, որ այս կամ այն բաները պատահեն աշխարհում, մեզ կամ ընդհանրապէս մարդկանց կեանքում, եւ այլն։

Եօթերորդ կէտում Սրբազան Հայրը կրկին անգամ կարևորեց տան դաստիարակութիւնը, որին զուգահեռ պէտք է ընթանայ կրօնական և ազգային դաստիարակութիւնը, համոզւած լինելով՝ որ եթէ երեխան մինչև 12-13 տարեկան տանը ստանայ ծնողական ճիշտ դաստիարակութիւնը, ապա հնարաւոր է յետագային այն աճեցնել, զարգացնել և նրան փոխանցել անհրաժեշտ գիտելիքները, նաև կարևոր է քաջալերել զաւակներին, որ Աստւածաշունչ ընթերցեն և եկեղեցի յաճախեն, քանի որ Աստւածաշունչ կարդալով մարդս բարոյապէս, հոգեպէս եւ մարմնապէս աւելի մաքուր, գիտակից և հասուն է լինում, եւ իր կեանքի ընթացքում չի ձախողւում այն զաւակը՝ որ մանկուց ստանում է կրօնական-Աստւածաշնչական դաստիարակութիւն, իսկ եթէ հակառակը կատարւի, ասաց Սրբազան հայրը, ապա ո՞րտեղից մեր զաւակը պիտի սովորի Աստծուն սիրել, ի՞նչպէս պիտի կազմւի նրա նկարագիրը և ո՞րտեղից մեր զաւակի սրտում պիտի աճեն հոգևոր և ազգային արժէքները։

Սրբազան հայրը եզրակացրեց նաև այն հանգամանքը, որ ինչքան էլ դարը զարգացած լինի միևնոյնն է՝ Աստւածային արժէքները չեն փոխւում և ճշմարտութիւնը մնում է ճշմարտութիւն իսկ չարիքը՝ չարիք:

Հարկ է նշել նաև որ հանդիպման վերջում ծնողների կողմից եղան բազմաթիւ հարցումներ, որոնց պատասխանեց Սրբազան Հայրը։ Հանդիպումը փակւեց Սրբազան Հօր «Պահպանիչով»:

Հայոց ազգ. «Արաքս» դպրոց, համագործակցութեամբ Թ.Հ.Թ. Քրիստոնէական Դաստիարակութեան Յանձնախմբի

Մարտ 2018

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com