ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Պատմարժէք «Հանգիտագիրք»-ի շնորհանդէսը «Շաղուլեան» սրահում

Թեհրանի Փերիոյ Կրթասիրաց միութեան նախաձեռնութեամբ յուլիսի 19-ի երեկոյեան, Թեհրանի Ս. Թարգմանչաց եկեղեցուն կից «Շաղուլեան» սրահում տեղի ունեցաւ Ստեփանոս Երէցի «Հանգիտագիրք» պատմագրքի շնորհանդէսը: Կոթողական այս  աշխատութեան հիմքում ընկած է Ստեփանոս Երէցի ձեռագիր մատեանը, որը պահպանւում է Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի մատենադարանի ձեռագրերի բաժնում:

Սա մեզ համար սպասւած մեծ աշխատութիւն է, որը գրւել  է 1787-1789 թւականներին Իրանի Սպահանի շրջանի Փերիոյ գաւառի Հազարջրիբ  երբեմնի հայաբնակ գիւղում՝ Ստեփանոս Երէցի միջոցով:

Գիրքը լոյս է տեսել Թեհրանի Փերիոյ Կրթասիրաց միութեան ջանքերով եւ ինչ խօսք՝ այն իրականութիւն չէր դառնայ առանց բարերարների, ովքեր լաւագոյնս գիտակցելով աշխատութեան պատմական նշանակութիւնը չեն խնայել ոչինչ:

Միջոցառման բացման խօսքով հանդէս եկաւ միութեան վարչութեան փոխատենապետ Մելինա Մանգասարեանը: 

Ապա գրքի հրատարակման պատասխանատու Գասպար Ամիրխանեանը հակիրճ տողերով ներկայացրեց աշխատութեան ստեղծման անցած ողջ ճանապարհը եւ կարեւորութեամբ շեշտեց, որ գիրքը հրատարակւել է ՀՀ Մատենադարանի երաշխաւորութեամբ եւ լոյս է տեսել «Ալիք» հաստատութեան տպարանում: Իր խօսքի աւարտին նա բեմ հրաւիրեց թարգմանիչ, գրականագէտ Գարուն Սարգսեանին, ով  ընդհանուր գծերի մէջ, բայց խօսուն վկայութիւններով ներկայացրեց գիրքը: Այնուհետեւ պատկերասփռւեց գրքի թարգմանիչներ՝ Երեւանի Մատենադարանի գիտաշխատողներ Թ. Մինասեանի, Լ. Թումանեանի եւ Յ. Կիրակոսեանի ողջոյնի խօսքը: 

Ապա հրաւիրւեց ասմունքող Հրանուշ Սարգսեանը, ով ընթերցեց հատւածներ Ստեփանոս Երէցի գրքից:

Նախաձեռնութեան մասին հրաւիրւեց արտայայտւելու օրաթերթիս գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանը, ով նշեց, որ ձեռագրերի արժեւորումը մեր իրականութեան մէջ դարերի պատմութիւն ունի եւ յիշատակեց, որ դեռ 100 տարի առաջ Ատրպատականի շուկաներում հայերից խլւած ձեռագիր մատեանները, որոնք վաճառքի էին հանւել, գնւել են մեր մտաւորականների կողմից եւ տեղափոխւել Էջմիածին: «Ահա նման հասկացողութեամբ ենք մենք մօտեցել մեր պատմական արժէքներին ու նման աշխատութեան հրատարակումը  գնում է միանալու Էջմիածնում ու Մեսրոպ Մաշտոց Մատենադարանում պահպանւող հազարաւոր ձեռագիր մատեանների բոյլին»,- նշեց պրն. Մելիքեանը:

Նոր Ջուղայից՝ Սպահանի հայոց Թեմական խորհրդի կողմից միջոցառմանը ներկայ էր խորհրդի ներկայացուցիչ Սոնիկ Բաղումեանը, ում որպէս երախտագիտութիւն յանձնւեց յուշանւէր-շնորհակալագիր, որից յետոյ նա հանդէս եկաւ շնորհաւորական խօսքով:

Վերջում բեմ հրաւիրւեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, յուշանւէրներ յանձնելու բարերարներին եւ արտայայտւելու օրւայ առիթով:

Սրբազան Հայրը օրհնեց աշխատութեան օրինակը եւ յուշանւէրներ յանձնելուց յետոյ իր խօսքում որպէս բացառիկ աշխատանք գնահատեց այս աշխատութիւնը եւ մատնանշեց յատկապէս կարեւորութիւնը՝ ձեռագիր մատեանի եւ հոգեւորական գործչի թողած ժառանգութեան պահպանումը, որպէս պատմագիրք, մեզ թողած ժառանգութեան աւանդ համարեց:

Միջոցառման աւարտին եկեղեցու բակում ներկաների համար կազմակերպւել էր ընդունելութիւն:

Նշենք, որ ձեռնարկին ներկայ էին նաեւ ԻԻՀ Մեջլիսի իրանահայ պատգամաւորներ՝ դոկտ. Կարէն Խանլարեանն ու Ժորժիկ Աբրահամեանը, ԻԻՀ-ում՝ ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական վարչութեան քաղաքական ժողովի անդամ ճրտգ. Վարդան Վարդանեանը, ակադեմիկոս Մկրտիչ Թումանեանը, առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանը, Թ. Հ. Թ. Պ. Ժ.-ի ատենապետ Ժոզէֆ Մեհրաբեանը, Թեհրանի հայոց Թեմական խորհրդի անդամ Սերոժ Մատթէոսեանը, «Ալիք» օրաթերթի տնօրէն Արա Շահնազարեանը:

Ներկայ էին նաեւ մարզամշակութային միութիւնների ներկայացուցիչներ եւ մտաւորականներ:

Նիւթը քաղւած է «Ալիք» օրաթերթից

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com