Յ. Թովմասեան միջնակարգ օրդ. դպրոցը Թեհրանի մեր լաւագոյն կրթօջախներից, որը ամէն տարի շրջանաւարտուհիների մի ընտիր հոյլ ընծայում է մեր համայնքին:
Չորեքշաբթի 25 նոյեմբեր 2015-ին դպրոցի հանդիսութեանց սրահում տեղի ունեցաւ 2014-2015 դպրոցական տարեշրջանի շրջանաւարտների հանդէսը ծնողների եւ հիւրերի նկատառելի թւով ներկայութեան:
Հանդէսը հովանաւորում եւ իր ներկայութեամբ պատւում էր Թեհրանի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:
Հանդէսը սկսւեց Տէրունական աղօթքով եւ փոխ-տեսչուհու՝ տկն. Հրանուշ Սարգսեանի բացման խօսքով, որից յետոյ անցեալ տարւայ շրջանաւարտուհիները վարեցին գեղարւեստական յայտագիրը, որը յագեցւած էր երգերով եւ ասմունքով: Օրւայ առիթով արտայայտւեց նաեւ դպրոցի տեսչուհի ազնւափայլ տկն. Սաթօ Խաչատուրեանը: Այնուհետ տեղի ունեցաւ վկայականայ բաշխում 50 շրջանաւարտների:
Վկայականայ բաշխումից յետոյ շրջանաւարտներին եւ ներկաներին իր պատգամը փոխանցեց առաջնորդ Սրբազան հայրը, որ իր խօսքը սկսեց հետեւեալ բառերով. «Բեմի վերեւ տեսնում ենք թւականը 2014-2015 դպրոցական տարեշրջան. Ճիշտ հարիւր տարի առաջ նոյն տարւայ այսինքն 1914-1915 դպրոցական տարեշրջանի հայկական դպրոցների շրջանաւարտները ոչ միայն զրկւեցին իրենց վկայականները ստանալուց այլեւ զրկւեցին իրենց կեանքից եւ ամէն ինչից. այսօր՝ հարիւր տարի ետք հազար փառք Աստծու մեր դպրոցների շրջանաւարտները ստանում են իրենց վկայականները եւ ուխտում հաւատարիմ մնալ Հայոց Ցեղասպանութեան զոհ գնացած իրենց հասակակիցների կտակին» ասաց Սրբազան հայրը, «պիտի շարունակէք վառ պահել ձեր սրտում հաւատքն ու սէրը ձեր Աստծուն, հայրենիքին, լեզւին, պատմութեան եւ հոգեւոր ու ազգային բոլոր արժէքներին»:
Իր խօսքի վերջին բաժնում Սրբազան հայրը շնորհաւորեց շրջանաւարտներին, նրանց ծնողներին, դպրոցի տեսչութեան, ողջ անձնակազմին եւ յաջողութիւն մաղթեց բոլորին: