Սոյն թւականի նոյեմբերի 24-ին «Շանթ-Մարիամեան» դպրոցի սրահում, Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր խորհրդատւական-տեղեկատւական հանդիպում՝ 8-րդ եւ 9-րդ դասարանների աշակերտների եւ նրանց ծնողների համար «Ծանօթացում 10-րդ դասարանի ուսումնական ճիւղերի հետ» թեմայով՝ ( و هشتم هدایت تحصیلی و تعیین رشته پایه نهم):
Հանդիպմանը ներկայ էին՝ Կրթական խորհրդի անդամներ՝ Կարինէ Մանուչարեանը եւ Մարլէն Աշուղեանը: Կարինէ Մանուչարեանը ողջունելով ներկաներին, հակիրճ ներկայացրեց հանդիպման նպատակն ու կարեւորութիւնը:
Խորհրդատւական հանդիպմանը դասախօսութիւնը վարելու նպատակով, Կրթական խորհրդի կողմից հրաւիրել էր մասնագիտութեամբ՝ հոգեբանական համակարգի կազմակերպութեան անդամ եւ խորհրդատու՝ դոկտ. Զահեդին, որն էլ բացատրութիւններ ներկայացրեց «Ծանօթացում 10-րդ դասարանի ուսումնական ճիւղերի հետ» թեմայով: Նա մանրամասնօրէն անդրադարձաւ միջնակարգ Բ օղակում դասաւանդւող ճիւղերին: Դասախօսութեան սկզբում տեստային հարցման միջոցով, փորձեց աշակերտներին աւելի մօտեցնել իրենց հոգեհարազատ ճիւղին եւ աշակերտները ինքնաճանաչողական տեստի միջոցով կարողացան աւելի ճիշտ հասկանալ իրենց նախասիրութիւնները:
Հանդիպումը, որը տեւեց մօտ մէկ ու կէս ժամ, դասախօսը մի շարք տեղեկութիւններ յայտնեց ծնողներին, թէ ինչպէս կարողանան մինչեւ ուսումնական տարւայ աւարտը կողմնորոշւել աշակերտի նախասիրած, մասնագիտական ճիւղի ընտրութեան հարցում:
Նոյեմբերի 25-ին, Կրթական խորհուրդը նմանատիպ մի հանդիպման առիթ ստեղծեց նաեւ 10-րդ, 11-րդ եւ 12-րդ դասարանների աշակերտութեան եւ նրանց ծնողների համար: Դասախօս՝ դոկտ. Զահեդին ելնելով այն հանգամանքից, որ այս հանդիպմանը աւելի մօտիկից, մանրակրկտօրէն ծանօթացնելու էր համալսարանի մուտքի քննութիւններին եւ ճիւղերին, 9-րդ դասարանի աշակերտներին եւ նրանց ծնողներին եւս յորդորել էր մասնակցելու սոյն դասախօսութեանը:
Խորհրդատւական հանդիպման ընթացքում նա ներկայացրեց մի քանի ճիւղեր եւ աշակերտներին յորդորեց, որ բաղձալի նպատակին՝ սիրած մասնագիտութեանը հասնելու համար անհրաժեշտ է ծրագրւած առաջնահերթ քայլերի յաջորդականութիւն, հետեւողականութիւն, նպատակասլացութիւն եւ աշխատասիրութիւն ու այս բոլորը ի մի բերելով միայն աշակերտները կը կարողանան յաջող մասնակցել համալսարանի մուտքի քննութիւններին: Հանդիպումների ընթացքում դասախօսի կողմից սպառիչ պատասխաններ տրւեց նաեւ ծնողների յուզող հարցերին:
Դոկտոր Զահեդին հոգեբանութեան եւ ճիւղերի ընտրութեան վերաբերեալ ծանօթացրեց մի շարք գրքերի հետ, որոնք ցանկացողները հնարաւորութիւն ունեցան ձեռք բերելու հանդիպումների աւարտին:
Հանդիպումների արդիւնաւէտութիւնը գնահատելու նպատակով Կրթական խորհրդի կողմից հարցաթերթիկներ տրւեց ծնողներին եւ աշակերտներին: Նրանց տեղեկութիւններ տրւեց նաեւ հայկական դպրոցների, միջնակարգ Բ օղակում առկայ ճիւղերի վերաբերեալ, աշակերտներին ուղղորդելով դէպի հայկական դպրոցներ:
Տեղեկատւական, խորհրդակցական նմանատիպ հանդիպումները հնարաւորութիւն են ընձեռնում աշակերտներին տեղեկացւած լինելու եւ ճիշտ կողմնորոշւելու ապագայ մասնագիտութիւնների ընտրութեան հարցում:
Կրթական խորհուրդը շնորհակալութիւն է յայտնում դոկտ. Զահեդիից, «Շանթ-Մարիամեան» դպրոցի փոխտեսչից եւ ծնողական խորհրդի անդամներից, հանդիպման նախապատրաստական աշխատանքներին իրենց ցուցաբերած օժանդակութեան համար:
Թ. Հ. Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ