Նոյեմբերի 21-ը տօնն է «Տօն ընծայման Ս. Աստւածածնի Երից ամաց ի տաճարն»: Աստւածածնայ նւիրւած վերոյիշեալ տօնին է համընկնում Ս. Աստւածածին Եկեղեցու անւանակոչութեան տօնը:
Այս տարի Ս. Աստւածածնայ Երից ամաց ի տաճարն Ընծայման Տօնի առիթով, երկօրեայ ուխտագնացութիւն և կրօնական յատուկ արարողութիւններ կատարւեցին Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցում, նոյեմբերի 20 և 21-ին:
Երեքշաբթի երեկոյեան, հսկումի արարողութեան նախագահեց և յաւուր պատշաճի քարոզեց Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:
Չորեքշաբթի, 21 հոկտեմբեր 2018-ի առաւօտեան ժամերգութիւնից յետոյ Սուրբ և Անմահ Պատարագը մատոյց և յաւուր պատշաճի քարոզեց Թեմիս Առաջնորդը:
Եկեղեցին ողողւել էր ուխտաւորներով և հաւատացեալ ժողովրդով, որոնք եկել էին վերակենսաւորելու իրենց քրիստոնէական հաւատն ու կապւածութիւնը եկեղեցուն, նաև լսելու օրւայ պատգամը:
Իր խօսքերի սկզբում, Առաջնորդ Սրբազանը նախ բացատրեց տօնակատարութեան առիթը՝ «Քրիստոնէական եկեղեցին նոյեմբերի 21-ին մեծ հանդիսութեամբ, աղօթքով և պատարագի մատուցմամբ, տօնում է Ս. Աստւածածնի 3 տարեկանում տաճարին ընծայման օրը: Ծնողները նրան տաճար ընծայեցին, որպէսզի Աստծու ներկայութեամբ և օրհնութեամբ մեծանայ»:
Իր քարոզի միւս բաժնում Առաջնորդ Սրբազանն աւելացրեց՝ «Աստւածամայրը, ոչ միայն Քրիստոսի եկեղեցու հաւատարիմ մայրն է եղել, այլ ողջ մարդկութեան մայրն է հանդիսացել, իր բարոյական և հաւատքի բարձր նկարագրով, նաև Քրիստոսի հանդէպ ունեցած իր անվերապահ հաւատարմութեամբ»: «Աստւածամայրը, Քրիստոսի եկեղեցու սիւնն է, որովհետև հաւատաց, որ այն ինչ որ Աստւած իրեն խոստացել է, պիտի կատարւի, այլ խօսքով, հաւատաց Աստծուն»:
Սրբազան Հայրն իր քարոզի մի այլ բաժնում ասաց՝ «Ես, Ս. Աստւածածնի Երից ամաց ի տաճարն ընծայման տօնը, ընդունում եմ նաև որպէս ուխտի և նւիրումի տօնակատարութիւն: ուխտ, որ մենք հետևելու ենք Աստւածամօր կեանքի օրինակին, ուխտ, որ մենք նրան պիտի ուղղորդւենք և նաև ուղղորդենք մեր կեանքի մէջ, որպէս օրինակելի մայր: Նւիրւածութիւն, որ մենք այն ինչ որ իրենից վստահում ենք, դրան պիտի կատարենք»:
Իր քարոզի մի այլ մասում Սրբազան Հայրը վեր առաւ Աւտւածածնայ ծնողների նախանձախնդրութիւնը, որով նրանք իրենց երեքամեայ աղջիկը նւիրեցին տաճարին, որպէսզի Աստծու ցնչով մեծանայ: «Այսօր մեր ծնողներից քանի՞ հոգի իրենց երեխաներին եկեղեցի են բերում կամ հետամուտ են լինում նրանց քրիստոնէական դաստիարակութեանը» ասաց Սրբազան Հայրը. «Հայ ծնողները, յատկապէս մայրը, կոչւած է Աստւածամօր ծնողաց օրինակով տէր կանգնելու իրենց զաւակներին»:
Եկեղեցական արարողութեան աւարտին, Ս. Աստւածածին եկեղեցու Եկեղեցական Ւորհրդի միջոցով կազմակերպւել էր հիւրասիրութիւն խորհրդի գրաւենեակում: Ընդունելութեան հրաւիրւած էին Առաջնորդ Սրբազան հայրը, Մեղրիկ Սրբազանը, միւս եկեղեցիների եկեղեցական խորհրդների ատենապետները և եկեղեցու դպրաց դասի անդամները:
Գեղարւեստական յայտագրով յագեցւած էր հիւրասիրութիւնը: Յայտագրի վերջում օրւայ տօնի առիթով արտայայտւեց Սրբազան հայրը գնահատեց կազմակերպողներին և Ս. Աստւածածին Եկեղեցու եկեղեցական խորհրդին և յաջողութիւն մաղթեց բոլորին: