Ողջունում ենք Հայաստանի առաջին հանրապետութեան հիմնադրման 100 ամեակը:
Հարիւր տարի առաջ՝ 1918 թւականի մայիսի 28-ին, հռչակւեց Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը: Մայիսեան յաղթանակով վերականգնւեց հայ ժողովրդի` դարեր առաջ կորցրած անկախութիւնը:
Մայիսեան հերոսամարտերը ապացոյցը դարձան հայ ժողովրդի ապրելու և յարատևելու անխափան կամքի ու վճռականաութեան:
Հայ մշակոթը, հայ ժողովրդի գոյատևման ամենաէական ու կարևոր ազդակներից է թէ՝ Հայաստանում և թէ՝ Սփիւռք աշխարհում: Իսկ եթէ նրա վրայ չդրւէր Մաշտոցի կնիքը, պարզ է, որ այսօր կարող էր և չլինէր հայը:
Մենք ապրեցինք և յաւերժացանք մեր այբուբէնով, հազարամեակների խորքից եկած ու Մաշտոցով դրոշմւած մեր ոսկեղնիկ լեզուն զօրաւոր զրահ դարձաւ և մեզ պաշտպանեց ամէն տեսակ դաժան ու բարբարոս ցեղերի հարւածներից:
Ամէն անգամ երբ խօսում ենք մեր մշակութային արժէքների մասին, որոնք դարեր ի վեր հարստացրել են մեր հոգեմտաւոր գանձերի շտեմարանը, մեր դէմ յառնում են նւիրեալ անձինք, որոնք փայլատակելով հայոց մտքի ու արւեստի երկնակամարում, իրենց անջնջելի դրոշմն ու հետքն են թողել մեր գոյատևման վրայ:
Հայերէն գրաւոր լեզւի ռահվիրա՝ Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթեւ կաթողիկոսը, Ղեւոնդ Երէցը, Եզնիկ Կողբացին, Կորիւնը և նւիրեալ Թարգմանիչ վարդապետներն ամենագէտ, անմահական և հանճեղ այրեր:
5-րդ դարի թարգմանական գրականութիւնը հիմք է հանդիսացել հայ ինքնուրոյն աստւածաբանական, դաւանաբանական, պատմական եւ այլ գրականութեան ստեղծման համար, այս դարում է, որ սկսւեց Հայ Մշակոյթի «Ոսկեդարեան Շրջանը»:
Հայ Թարգմանիչների նւաճումներից մէկն էլ Մաշտոցեան Դպրոցների հիմնումն էր, որոնք դարձան գրականութեան, քաղաքկրթութեան, գիտութեան ու մշակոյթի հետագայ զարգացման և հայ ժողովրդի ինքնութեան պահպանման հիմքերը:
Ս. Գրքի թարգմանութիւնը կարեւոր դեր խաղաց հայ իմացական կեանքի մէջ։ Եւ ամենակարևորն այն է, որ Հայոց մատենագրութիւնը սկսւել է Աստւածաշնչի թարգմանութեամբ։
Մենք իբրև Կրթական խորհուրդ, մեր ուսերին ենք զգում Մեսրոպ Մաշտոցի արժանի ժառանգորդը լինելու կարևոր պարտականութիւնը, այն է՝ պահպանենք և յաջորդ սերունդներին յանձնենք այս Սրբազան ջահը:
Անհերքելի է հայ դպրոցի դերը, յաջորդող սերունդներին հայի ինքնութեան դիմագիծը պահպանելու գործում: Հայ դպրոցն այն միջավայրն է, որ իր հայաբոյր մթնոլորտում մեր սերունդներին հրամցնում է մայրենիով մտածելու կարողութիւն, ազգային, հոգևոր, մտաւոր և մշակոյթային արժէքներ:
Կրթական խորհուրդն իր գործունեութեան ժամանակահատւածում հետևողական քայլեր է ձեռնարկել մշակութային, գիտակրթական և մարզական ծրագրերի իրականացմամբ, հիմնական շեշտը դնելով այնպիսի խնդիրների վրայ, ինչպիսիք են ուսումնական մակարդակի բարձրացումը, հայեցի դաստիարակութեան կարևորութիւնը, որոնք միտւած են առավելագոյնս նպաստելու մեր համայնքի բարգաւաճմանը:
Խորհուրդն իր կեանքի կոչւելու օրւանից որպէս ծրագրող և համակարգող մարմին, իր առջև խնդիր է դրել հնարաւորինս արդիւնաւէտ օգտագործելով ունեցած հնարաւորութիւնները հասնել առաւելագոյն արդիւնքների:
Մեր կարևոր պարտականութիւներից է եղել ղեկավարութեան մօտ ամրակայելու Կրթական խորհրդի առանցքային դերը, մեր հասարակութեան առաջադիմութեան գործում:
Կրթական խորհուրդը հաւատացած է, թէ հնարաւոր է դիմակայել բոլոր դժւարութիւններին և հարցերին, իր կողքին ունենալով երկու կարևոր գործօններ, առաջին գործոնը՝ հայ ընտանիքն է, իսկ երկրորդը՝ հայ տեսուչ, փոխտեսուչ և հայ ուսուցիչը:
Հայ դպրոցն իր առաջապահ դերի մէջ պահելու համար, անհրաժեշտ է ունենալ ազգային խոր գիտակցութեամբ ուսուցիչներ: Նրանց ստանձնած իւրայատուկ առաքելութեամբ է իրականանում հայապահպանումն ու հայեցի դաստիարակութիւնը մեր դպրոցներում: Դպրոցի առաջխաղացման գործում իրենց կարևոր նշանակութիւնն ունեն նաև մեր Ծնողական խորհուրդները:
Յանձնախմբերի միջոցով հայոց դպրոցներում ուսուցիչների և աշակերտների մասնակցութեամբ ծրագրւել ու գործադրւել են հայեցի դաստիարակութեանը աշակերտների աշխուժացմանը նպաստող գիտելիքների մրցոյթներ, արտադասարանական երկսեռ արշաւներ և ալյազան ծրագրեր:
Իրականացւել են մրցոյթներ՝ ասմունքի, երգի և նւագարանների բնագաւառում, որոնք հնարաւորութիւն են ընձեռնում աշակերտների մօտ բարձրացնելու իրենց ինքնագնահատումն ու ինքնավստահութիւնը:
Կրթական Խորհուրդը դպրոցների իրավիճակն ուսումնասիրելու համար կիրառելով տարբեր մեթոդիկաներ փորձում է գտնել ուսման համակարգի թոյլ և ուժեղ կողմերը, հզօրացնելով համակարգը:
Օրւայ հրամայականից ելնելով Կրթական Խորհրդի նախաձեռնութեամբ դպրոցներ են գործուղւել հոգեբան-խորհրդատուներ, հանդիպումներ ունենալով ծնողների և աշակերտների հետ, կազմակերպելով կենցաղային հմտութիւնների թեմայով դասարաններ:
Նշելի է նաև, որ մենք ջանք չենք խնայել Ազգային իշխանութեան բոլոր օղակներին ատակ պահելու աշխատանքների ընթացքից, միշտ ունեցել ենք Սրբազան Հօր և Թեմական խորհրդի աջակցութիւնը, որոնք սատար են հանդիսացել կրթական կարևորագոյն խնդիրների լուծմանը:
Պարբերաբար հանդիպումներ ենք ունեցել Իրանի ընդհանուր Կրթադաստիարակչական նախարարութեան, ինչպէս նաև Թեհրանի 8–րդ և 6-րդ շրջանների կրթադաստիարակչական տեսչութիւնների հետ, ունենալով որոշակի յաջողութիւններ:
Խորհուրդս մեծ ուշադրութիւն է դարձնում նաև կրօնական ծէսերին և ազգային տօներին, որոնք մեծ շուքով և առանձնակի ուշադրութեամբ են նշւում ազգային դպրոցներում:
Առիթը պատեհ համարելով շնորհակալութիւն ենք յայտնում Գերշ. Սրբազան Հօրը, Թեմական Խորհրդին, դոկտ. Կարէն Խանլարեանին, բոլոր ազգայիններին և յանձնախմբերի կազմերում իրենց նպաստն ունեցած անհատներին, վերոնշեալ բոլոր աշխատանքներն իրականացնելու գործում:
Մենք հաւատում ենք, որ միասնական ուժերով կարող ենք, ու կը նւաճենք ազգակրթական գագաթը ի պատիւ մեր ժողովրդի և մատաղ սերնդի:
Սիրելի ներկաներ, գիտութեան ու կրթութեան գործի նւիրեալներ, Շնորհաւորում ենք ձեզ նոր ուսումնական տարւայ, գիտելիքի, գրի, թարգմանչաց եւ դպրութեան օրւայ առթիւ:
Յաջողութիւն ենք մաղթում ձեզ ուսումնառութեան, ազգային կրթութեան ու հայեցի դաստիարակութեան հայրենանւէր գործում:
Շնորհակալութիւն