Թ.Հ.Թ.-ի Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքի եւ Քրիստոնէական Դաստիարակութեան Յանձնախմբի միատեղ համագործակցութեամբ կազմակերպւած զանազան դպրոցական աշակերտների հետ, դպրոցներում, հանդիպումների լոյսին տակ, որն անկացրել էր Թեմիս առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը անցնող դպրոցական 2016-2017, տարեշրջանի ընթացքում, եւ մեծ խանդավառութիւն էր ստեղծել աշակերտների եւ ուսուցիչների մօտ, առաջարկ էր ներկայացւել, որ աշակերտների ծնողների հետ էլ նոյնպէս հանդիպումներ տեղի ունենան:
Հայաստանի հանրապետութեան 99-րդ տարեդարձի առիթով ուրբաթ մայիսի 26-ի առաւօտեան Թեհրանի Հայ առաքելական եկեղեցիներում մատուցւել է Հանրապետական մաղթանք, ապա հոգեհանգստեան արարողութիւն Սարդարապատի, Բաշ Ապարանի,Ղարաքիլիսայի եւ այլ ճակատամարտերում, 1918 թւականին իրենց կեանքը նւիրաբերած հայազգի մարտիկների հոգիների խաղաղութեան համար:
Այսու յայտնում ենք մեր թեմի ժողովրդի սիրեցեալ զաւակներին, որ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան Ուրբաթ 26 մայիս 2017-ի կէսօրին մեկնեց Հայաստան մասնակցելու Հայաստան Համահայկական Հիմնադրամի հոգաբարձուների 26-րդ ժողովին եւ Մայիսեան տօնակատարութեանց, որպէս ներկայացուցիչ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան եւ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսին։
Մեր եկեղեցու տօնացոյցի համաձայն թւականիս հինգշաբթի մայիսի 25-ը մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի երկինք Համբարձման տօնն էր: Բոլոր քրիստոնեայ եկեղեցիները յիշատակում են յիշեալ տօնը և օրւայ առիթով նաև պատարագներ են մատուցում:
Երկուշաբթի 22 մայիս 2017-ին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում, ընդունեց «Մարի Մանուկեան» օրիորդաց միջնակարգ դպրոցի փոխտեսչուհի՝ տկն. Արսինէ Մկրտիչեանին և ծնողական խորհրդի ներկայացուցիչներին:
Այսու համայնքիս հաւատացեալ ժողովրդին տեղեկացնում ենք, որ Թեմիս բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան Ռամազանի ծոմապահութեան առիթով շնորհաւորական նամակներ է յղել՝ Իրանի Իսլ. Յեղափոխութեան առաջնորդ Այաթօլլահ Խամենէի-ին, առաջնորդի խորհրդական Այաթօլլահ Թասխիրի-ին, Իրանի Իսլ. Հ. նախագահ դոկտ. Ռոհանի-ին, Ի. Իս. Հ. Խորհրդարանի նախագահ դկտ. Լարիջանի-ին եւ Դատական ուժի ատենապետ Այաթօլլահ Ամոլի Լարիջանի-ին եւ նախարարներին ու վարչակարգի այլ պաշտօնեաներին:
Թեհրանահայ երկրորդ պատւիրակութիւնը, կազմւած ազգային որոշ մարմինների և միութիւնների ներկայացուցիչներից, Էմամ Խոմէյնիի մահւան 28-երորդ տարելիցի առիթով, երեքշաբթի Մայիսի 23-ի երեկոյեան ներկայ գտնւեց հանգուցեալ Էմամի դամբարանում, մասնակցելու Իրանի փոքրամասնութիւնների համար կազմակերպւած ծրագրին:
Երեքշաբթի Մայիսի 23-ի կէսօրին Թ.Հ.Թ.-ի Թեմական Խորհրդի պատւիրակութիւնը Էմամ Խոմէյնիի մահւան 28-երորդ տարելիցի առիթով այցելեց Իսլամական Հանրապետութեան հիմնադիր և Իսլամական Յեղափոխութեան առաջնորդ՝ հանգուցեալ Էմամ Խոմէյնիի դամբարան և հանդիպեց Էմամ Խոմէյնի թոռ՝ Սէյէդ Հասան Խոմէյնիի հետ:
Երկուշաբթի, մայիսի՝ 22-ի երեկոյեան աւելի քան երեք տասնեակ պատգամաւորների մասնակցութեամբ գումարւեց Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի 4-րդ նիստի առաջին բաժինը նախագահութեամբ՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ ատենապետութեամբ՝ Ժոզէֆ Մեհրաբեանի: Նիստը մեկնարկեց Տէրունական աղօթքով:
Ցրւած Սկլերոզ (M.S.) հիւանդութեան համաշխարհային շաբաթւայ առիթով, երկուշաբթի մայիսի 22-ի առաւօտեան, Իրանի Ցրւած Սկլերոզ Հիւանդների Հիմնարկի (انجمن ام.اس. ایران) նախաձեռնութեամբ, սոյն հիւանդութիւնից տառապող մի խումբ անդամներ, հիմնարկի պատասխանատուների և իրենց ընտանիքի անդամների հետ միասին այցելեցին Ս. Սարգիս Եկեղեցի: