Ս. Գէորգ Զօրավարի տօնի առիթով, եռօրեայ ուխտագնացութիւն և եկեղեցական արարողութիւններ կատարւեցին Թեհրանի Ս. Գէորգ եկեղեցում, սեպտեմբերի 27, 28 և 29-ին:
Ուխտատեղին ողողւել էր բազմահարիւր ուխտաւորներով, որոնք եկել էին իրենց քրիստոնէական պարտականութիւնը կատարելու սրբի հանդէպ, ինչպէս նաև հաղորդւելու աստւածային ներկայութեան և մասնակից դառնալու օրւայ խորհրդին:
Հինգշաբթի և ուրբաթ երեկոյեան, կատարւեց հսկումի արարողութիւն, նախագահութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի և մասնակցութեամբ քահանայ հայրերի:
Շաբաթ առաւօտեան ժամերգութեան աւարտին, պատարագեց և յաւոր պատշաճի քարոզեց թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:
Թեմակալ առաջնորդն իր քարոզի ժամանակ գնահատելով ժողովրդի խուռներամ մասնակցութիւնը եռօրեայ ուխտագնացութեանը և օրւայ պատարագին, ընդգծել է. «Վստահ եմ, որ դուք էլ այսօր այդ հաւատքով էք եկել: Եկել էք Ս. Գէորգ Զօրավարի հաւատքով հաղորդւելու, իր անձից և հաւատքից ճառագայթող լոյսով լուսաւորւելու և պայծառակերպելու ձեր միտքը և ձեր հոգին և այդ հաւատքով շարունակելու ձեր կեանքը»:
Սրբազան Հայրն անդրադառնալով Ս. Գէորգի անհատականութեանն ընդգծեց, որ Ս. Գէորգն իր կեանքի առաջին օրերից եղաւ օրինակելի սուրբ, որին նայեցին հազարաւոր և միլիոնաւոր մարդիկ և սրբի անձից ճառագայթող քրիստոնէական հաւատքով ապրեցին, գործեցին և թշնամուն յաղթեցին:
Քարոզի այլ բաժնում, Առաջնորդ Սրբազանը դիմելով հայ ժողովրդի կեանքին ընդգծեց՝ «Եթէ մեր ժողովորդը կայ իր հայրենիքում, Արցախում և սփիւռքեան ողջ տարածքում, դա շնորհիւ իր հաւատքին է, որովհետև քիչ տառապանք չտեսաւ մեր ժողովւորդը, սակայն շարունակեց իր կեանքը, հաւատալով, որ այն ինչ որ աշխարհից և մարդկանցից գալիս է, ժամանակաւոր է և չի կարող իր կեանքի ընթացքը կասեցնել»:
Պատարագի աւարտին Ս. Գէորգի մասունքը կրող արծաթեայ աջով և Միւռոնի հեղումով՝ կատարւեց Ջրօրհնէքի արարողութիւնը: Որից յետոյ, հաւատացեալները խուռներամ յառաջ գալով՝ հաղորդւեցին, օրհնւած ջուրն առան և վերանորոգւած իրենց քրիստոնէական հաւատքի մէջ, յագեցած և գոհունակ սրտով վերադարձան իրենց տները:
Յետ պատարագի, օրւայ առիթով պատրաստւած օրհնւած հարիսա (հալիմ) բաժանւեց հաւատացեալներին, այնուհետ եկեղեցական խորուրդը յատուկ հիւրասիրութեամբ պատւեց առաջնորդ Սրբազան Հօրը, եկեղեցական դասն ու հրաւիրեալ հիւրերը՝ թեմական խորհրդի և շինարարական մարմնի ներկայացուցիչները: