Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, նոյն ժամանակ Հայաստանում գտնւող Թեհրանի Պատգամաւորական Ժողովի ատենապետ՝ պրն. Ժոզեֆ Մեհրաբեանի ընկերակցութեամբ, չորեքշաբթի յունիսի 28-ին հանդիպեց Հայաստանում հաստատւած մտաւորական, քաղաքական գործիչներ և գործարարից մի խումբ իրանահայերի:
Սրբազան Հայրը նախ լսեց նրանց հիւր-հրաւիրեալներին, որոնք իրենց անցեալից և փորձառութիւններից խօսեցին:
Իր կարգին Սրբազան Հայրը գերմօրէն ողջունեց ներկաներին գնահատեց նրանց անցեալի գրական, հասարակական, քաղաքական և մշակութային ծառայութիւնները իրանահայ գաղութում և յատկապէս Թեհրանում:
Սրբազան Հայրը նաև մեծապէս գնահատեց իրենց հայրենիքում հաստատւելը և ասաց՝ «Պատիւ ձեզ սիրելիներ, որովհետև դուք այստեղ էք, որովհետև սիրեցիք ձեր ծննդավայր՝ Իրանը և Իրանի սիրոյ միջից սիրեցիք ձեր պատմական հայրենիքը և դրա համար փոխադրւեցիք Հայաստան: Վստահաբար ձեզանից իւրաքանչիւրի սրտի մէկ անկիւնում կայ Իրանը և սա մեր հոգևոր գանձն է, որովհետև Իրանը մեր ժողովրդի կեանքում չի եղել լոկ երկիր, այլ եղել է մի հայրենիք, որին մեր ժողովուրդը կապւած է եղել հոգով և մշակոյթով»:
Այնուհետև եղան հարցումներ և Սրբազան Հայրը լուսաբանիչ բացատրութիւններ փոխանցեց ներկաներին:
Մեծապէս գնահատելի և հպարտացուցիչ հանդիպում էր: