Saturday, 20 February 2021
Թէոդորոս Զօրավարի յիշատակման օր։
Ծնւել է Ամասեայ քաղաքի գիւղերից մէկում՝ քրիստոնեայ ընտանիքում: Վաղ հասակում կորցրել է մօրը և հօր խնամատարութեան տակ մեծացել: Նա մեծացաւ որպէս առաքինի և ուժեղ երիտասարդ, և այդ շրջանի բանակի հրամանատարը, այս տեսնելով, իր բանակի մէջ վերցրեց նրան: Բուն վիշապասպան Թէոդորոսը հէնց ինքն է համարւում և դէպքը հետևեալ կերպ է պատմւում. հերթական ճամփորդութեան ընթացքում, երբ նա մի գետի մօտ աճած ծառի ստւերում հանգստանում էր, մի հսկայ վիշապ օձ նրա վրայ յարձակւեց: Թէոդորոսը, վեր ցատկելով, իր սրի հարւածով երկու կէս անելով, սատկացրեց դրան:
304 թ.-ին հրապարակւեց Դիոկղետիանոսի հալածանքների հրովարտակը: Թէոդորոսը, որպէսզի հաստատի, որ կուռքերի քարից կամ մարմարից լինելը նրանց աստւածներ չի դարձնում, նոյն օրը հրկիզեց իր քաղաքի մեհեանները և կուռքերը փոշիացան: Այս սխրագործութեան համար դատարան տարւեց և փաստելու համար, որ կռապաշտների պաշտելիքները չեն տարբերւում սովորական մարմարից և որ յիմարութիւն է անշունչ քարը և մարդու ձեռագործը կուռք՝ աստւած, համարելը, խոստովանեց մեհեանների հրկիզելը: Ծանր չարչարանքների ենթարկւելով բանտարկւեց: Բանտում, ձեռքերը և ոտքերը ծանր կապանքների մէջ, չէր դադարում օրհնութեան սաղմոսներ երգել Աստծուն: Եւ քանի որ նա այրել էր մեհեաննները, ի վերջոյ, դատաւորն էլ այրելու մահավճիռ է կայացնում: Նահատակւեց 306 թ.-ին: Ս. Գրիգոր Նիւացին մի հրաշալի ներբող ունի գրած այս Թէոդորոսի մասին: Եւ այս Թէոդորոսն է, որ շփոթութեամբ «զօրաւար» անւան տակ մենք տօնում ենք Մեծ Պահքի առաջին շաբաթ օրը։