Ուրբաթ, 14 ապրիլի 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ գերշ. Ս. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը ընկերակցութեամբ Թեմական խորհրդի փոխատենապետ Վահէ Թարոյեանի Անզալի կատարած այցի ընթացքում, ծանօթացել է շրջանի Ս. Աստւածածին եկեղեցու յարակից շէնքում բռնկւած հրդեհի պատճառած վնասներին:
Անզալի շրջանի եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան ատենապետ Սիմոն Տէր Յովսէփեանի մանրամասն զեկոյցի համաձայն, ուրբաթ օրը, առաւօտեան եկեղեցու մօտ գտնւող սննդի խանութից նկատւել է ծուխ, եւ քանի որ այդ ժամին խանութը չի աշխատել անմիջապէս զանգահարել են հրշէջ ծառայութիւն: Թէեւ հրշէջները շատ արագ են արձագանգել եւ ժամանել դէպքի վայր, այդուհանդերձ արդէն իսկ հրդեհը տարածւել է այդ շէնքի վերնայարկում գտնւող խանութներում, որոնք մեծամասնաբար Թեհրանի հայոց թեմի ազգապատկան եւ վարձակալութեան տրւած խանութներ են եղել, սակայն, բարեբախտաբար պատմական արժէք ներկայացնող Ս. Աստւածածին եկեղեցին, չի վնասւել:
Նշելի է, որ նոյն առիթով հինգշաբթի, ապրիլի 13-ին, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ՝ Իսակ Իւնանէսեանի ընկերակցութեամբ այցելութիւն են ունեցել դէպքի յիշեալ վայր, որտեղ հանդիպումներ են ունեցել պատկան պատասխանատուների հետ:
Սրբազան Հօր եւ Թեմական խորհրդի փոխատենապետի երկօրեայ այցելութեան ընթացքում, շաբաթ, ապրիլի 15-ի առաւօտեան, հանդիպում է կայացել Անզալի քաղաքի կուսակալութեան դահլիճում: Հանդիպմանը ներկայ են եղել Անզալիի կուսակալը, քաղաքապետը, Մշակութային ժառանգութեան նախարարութեան Անզալիի վարչութեան գլխաւոր տնօրէնի տեղակալը, դատախազը եւ մի քանի ապահովագրութեան կազմակերպութիւնների ներկայացուցիչներ:
Հանդիպման սկզբում հիւրընկալները բարի գալուստ են մաղթել եւ իրենց ուրախութիւնն են յայտնել Սրբազան Հօր եւ Թեմական խորհրդի փոխատենապետի այցելութեան համար: Սրբազան Հայրը իր հերթին իր գոհունակութիւն եւ գնահատանք է յայտնել շրջանի ղեկավարութեանը՝ իրենց ցուցաբերած նախանձախնդիր վերաբերմունքի համար:
Հանդիպման ընթացքում Կուսակալը, Քաղաքապետը, Դատախազը եւ Ապահովագրութեան ընդհանուր ներկայացուցիչը լուսաբանիչ բացատրութիւններ են տւել դէպքի մասին եւ խոստացել են, որ համատեղ գործակցութեամբ կաշխատեն որքան հնարաւոր է պատմամշակութային արժէք ներկայացնող շէնքի վերականգնողական աշխատանքներին աջակցել եւ վնասները փարատել:
Նշելի է, որ Անզալի քաղաքի վերադարձին նրանք այցելել են նաեւ Ռաշտ քաղաք, որտեղ հանդիպում է կայացել շրջանի եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան ատենապետ՝ Մաքսիմ Յովսէփեանի եւ շրջանի հայ համայնքի հետ:
Հանդիպման ընթացքում խօսւել է հայ համայնքի բնակչութեան թւի նոսրացման պատճառով առաջացած մտահոգութիւնների մասին:
Սրբազան Հայրը եւ Թեմական խորհրդի փոխատենապետը բարձրացրած մտահոգութիւնները բաժանելով վստահեցրել են, որ միասնական ջանքերով հնարաւոր կը լինի բոլոր խնդիրները դրական հանգուցալուծում տալ եւ լաւագոյնս տնօրինել:
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ