Շաբաթ, փետրւարի 2-ին ազգային բարերար պրն. Լեւոն Ահարոնեանի մեծարման առիթով՝ Իրան ժամանած Արցախի «Գանձասար» համոյթը այցելեց եւ ելոյթ ունեցաւ Թեհրանի Հայ կանանց բարեգործական ընկերութեան հովանու ներքոյ գտնւող «Ս. Գէորգ» ծերանոցում:
Խմբին դիմաւորեց նոյն միութեան նախագահուհի Անահիտ Զարգարեանը, ով համապարփակ, բայց միաժամանակ բովանդակալից բացատրութիւններով տեղեկութիւններ փոխանցեց եկեղեցու եւ ծերանոցի մասին: Ներկայ էին խորհրդի անդամներ՝ Կարինէ Ղամբարեանը, Օդետ Ասլանը եւ նաեւ ծերանոցի վարիչ-տնօրէն Արմինէ Բուդաղեանը:
Ծերանոցում բնակւող մեր սիրասուն հայրերը ու մայրերը սկզբում թախծոտ էին, բայց քիչ անց խանդավառութեամբ ուրախացած, ժպիտ բացւեց նրանց դէմքին ու սկսեցին պարել: Կեցցէ Արցախը, կեցցէ: Անընդհատ կանչում էր ծերերից մէկը: Հաճելի է, որ գոնէ այդ կարճ պահերում հնարաւոր եղաւ ջերմացնել նրանց սրտերը:
Ծերանոցի պատասխանատուները ակնկալում են գեղարւեստական խմբերի յաճախակի այցելութիւնը՝ ծերանոց, որով հնարաւոր կը լինի ստեղծել նման ջերմ ու հոգեհարազատ մթնոլորտ ու մեր մեծահասակներին կը պարգեւի նաեւ հոգու ջերմութիւն:
Լուրը «Ալիք»-ից