Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՆՇՒԵՑ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ ԵԿԵՂԵՑՈՒ ՕԾՄԱՆ 40-ԱՄԵԱԿԸ

Սրանից 40 տարիներ առաջ Թեհրանի Զէյթուն քաղաքամասը համալրւեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիով, որը դարձաւ քաղաքամասի հաւատացեալ հայրենակիցների հոգեւոր սնունդը ապահովող եկեղեցի: Ահաւասիկ եկեղեցու օծման 40-ամեակին նւիրւած միջոցառում էր կազմակերպւել թւականիս՝ դեկտեմբերի 22-ին, նոյն եկեղեցում:

Նոյն օրը առաւօտեան սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց, իսկ պատարագի աւարտին կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն եկեղեցու բարերարների եւ սպասաւորների հոգիների խաղաղութեան համար:

40-ամեակի միջոցառման երկրորդ բաժնում երեկոյեան եկեղեցու յարկի տակ իրականացաւ բանախօսական-գեղարւեստական յայտագրով յատուկ միջոցառում:

Ծրագիրը մեկնարկեց Տէրունական աղօթքով, որից յետոյ օրւայ հաղորդավար՝ Արսինէ Խաչատրեանը ողջոյնի խօսք փոխանցելով հրաւիրեց Ս. Գրիգոր եկեղեցու խորհրդի նախագահ Սեդա Խաչատրեանին, ով փոխանցեց իր շնորհաւորանքը անդրադառնալով եկեղեցու կարեւոր դերակատարութեանը:
Օրւայ բանախօս հրաւիրւեց եկեղեցու ծխատէր քահանաներից Տ. Գրիգորիս Ներսիսեանը: Քահանայ հայրը իր ելոյթի ընթացքում համապարփակ գծերով անդրադարձաւ Հայ Առաքելական Եկեղեցու, հաւատքի, եւ հայ ժողովրդի կեանքում Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարեւոր դերակատարութեանը: Օրւայ բանախօսը համապարփակ գծերով անդրադարձաւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու հիմնադրման եւ օծման պատմական անցեալին: 1975 թւականին Թեհրանի Մաջիդիէի (Զէյթուն) հայաբնակ քաղաքամասում առաջացաւ եկեղեցի հիմնելու անհրաժեշտութիւնը: Այդ նպատակով քաղաքամասի բնակիչների հանգանակութիւններով գնւեց հողամաս, իսկ շինարարութեան, շինանիւթերի, արհեստաւորների, շինարարի եւ վերահսկող ինժիների ծախսերը հոգաց բարերար՝ Գրիգոր Մելիքեանը եւ իր կինը Հրաչուհի Մելիքեանը, որ իրենց բարեգործութիւնը կատարեցին ի յիշատակ իրենց ծնողների Մկրտում եւ Ծաղիկ Մելիքեանների: Եկեղեցու կառուցման նպատակով ներկայացւած 18 նախագծերից ընտրւեց երիտասարդ ինժիներ՝ Ժիրայր Սիմոնեանի նախագիծը: Այս նախագիծը ի կատար ածւեց որոշ փոփոխութիւններով եւ 1983-ի յունւարի 14-ին եկեղեցին օծւեց երջանկայիշատակ Տ. Արտակ արք. Մանուկեանի ձեռամբ: Այդ թւականից ի վեր այն գործող եկեղեցի է:

Միջոցառմանը իրենց ներկայութեամբ պատւել էին Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը եւ խորհրդի անդամներ, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի քաղաքամասի պատգամաւորներ, Թեհրանի եկեղեցիների խորհրդների, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ:

Օրւայ գեղարւեստական յայտագրում շարականների եւ ազգային երգերի կատրմամբ հանդէս եկան, Կիրակնօրեայ դպրոցի պատանեկան ու երիտասարդական երգչախմբերը: Վերջում հոգեւոր երգերով հանդէս եկաւ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու հոգեւոր եղբայրակցութեան Գրիգոր Նարեկացի երգչախումբը, ղեկավարութեամբ Ժոզէֆ Տէր-Գալստեանի:

Միջոցառման եզրափակիչ խօսքի համար հրաւիրւեց հիւրաբար Թեհրան ժամանած Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան միաբան՝ հոգեշնորհ Տ. Վիգէն վրդ. Տալգլըճեանը: Հայր Սուրբը իր ելոյթի ընթացքում կարեւորութեամբ անդրադարձաւ հաւատքի մասին, եւ եկեղեցու բարերար Գրիգոր Մելիքեանի ծառայութեանը, ում բարերարութեամբ եւ ժամանակի առաջնորդ երջանկայիշատակ Տ. Արտակ արք. Մանուկեանի, ում ձեռամբ կառուցւեց ու օծւեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին, որը ծառայում է Թեհրանի հայկական համայնքին, ինչպէս Գրիգոր Լուսաւորիչը լուսաւորեց հայ ժողովրդին: Իր ելոյթի ընթացքում Տ. Վիգէն վրդ. Տալգլըճեանը Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ իր կողմից շնորհաւորելով եկեղեցու օծման 40 ամեակը ընդգծեց, որ աշխատանքների յաջողութիւնը երաշխաւորւած է սիրով եւ եկեղեցին է, որ մեզ փոխանցում է սէրը եւ յաւելեց, որ հայ ժողովրդի պատմութեան ընթացքում եկեղեցին եղել է ազգի, իսկ ազգը եկեղեցու համար:

Վերջում եկեղեցու Եկեղեցական խորհրդի նախաձեռնութեամբ եկեղեցու բակում կազմակերպւել էր ընդունելութիւն:

Լուրը՝ «Ալիք»-ից

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ