Sunday, 20 November 2022
Բարեկենդան Յիսնակի Պահոց
Սուրբ Ծննդեան տօնից առաջ յիսնակաց Պահքն է, դրանից առաջ՝ Բարեկենդանը: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ծիսակարգում տարւայ մօտ կէսը պահոց օրեր են՝ բաժանւած օրապահքերի, շաբաթապահքերի եւ Քառասնօրեայ կամ Մեծ պահքի, նախատեսւած ապաշխարութեան համար: Ըստ առաքելական կանոնի՝ իւրաքանչիւր չորեքշաբթի եւ ուրբաթ, բացառութեամբ Ս. Զատկից մինչեւ Համբարձում ընկած չորեքշաբթի եւ ուրբաթ օրերի, օրապահքեր են: Չորեքշաբթի պահք ենք պահում ի յիշատակ Քրիստոսի մատնութեան, իսկ ուրբաթ՝ ի յիշատակ Նրա խաչելութեան: Շաբաթապահք է կոչւում, քանի որ տեւում է մէկ շաբաթ՝ երկուշաբթիից մինչեւ ուրբաթ: Այն նախորդում է եկեղեցական որոշ մեծ տօների՝ ինչպիսիք են Սուրբ Վարդավառը, Սուրբ Վերափոխումը, Սուրբ Խաչվերացը, Վարագա Սուրբ Խաչի տօնը եւ այլն:
Ինչպէս այսօր Քառասնօրեայ կամ Մեծ Պահքի շրջանն ընդգրկում է Սուրբ յարութեան տօնին նախորդող քառասուն օրերը, այնպէս էլ քրիստոնէութեան վաղ շրջանում Սուրբ Ծննդեան տօնի համար նոյնպէս սահմանւած էր պահքի երկարատեւ շրջան, որը տեւում էր 50 օր: Այդ շրջանը կոչւում էր յիսնակ եւ սկսւում էր Սուրբ Ծննդեան տօնին նախորդող 50-րդ օրւայ մերձաւոր երկուշաբթի օրը: Այժմ 50-օրեայ այդ շրջանը բաժանւած է երեք շաբաթապահքերի՝ երկշաբաթեայ ընդմիջումներով միմեանցից առանձնացւած:
Պահքերին նախորդող կիրակի օրերը կոչւում են բարեկենդան, որը նշանակում է բարի կենդանութիւն եւ ենթադրում հոգեւոր ուրախութիւն: