Ի.Ի. Հանրապետութեան Նախագահի փոքրամասնութիւնների գծով օգնական՝ Հոջ. Իւնէսին, շաբաթ դեկտտեմբերի 31-ին, Նոր Տարւայ առիթով այցելեց պարտադրեալ պատերազմի նահատակ զինւոր՝ Ժոզէֆ Շահինեանի ընտանիքին:
Հանդիպմանը ներկայ էին Շահինեան ընտանիքի անդամները, Արժ. Տ. Կոմիտաս քհն. Ղարախանեանը, Թեմական Խորհրդի ներկայացուցիչներ՝ պրն. Վարուժ Յովհաննիսեանը և պրն. Վարդան Բաբախանեանը, անձնուրացների յանձնախմբի ներկայացուցիչ՝ պրն. Շահէն Միրզայեանսը և Հոջ. Իւնէսիի գրաւենեակի վարիչ՝ դոկտ. Զարէին:
Այցելութեան ընթացքում Հոջ. Իւնէսին շնորհաւորեց Ս. Ծննդեան և Նոր Տարւայ տօների առիթով, ապա դրւատանքով խօսելով հայ նահատակների մասին նշեց, որ այսօր Ժոզէֆը և միւս նահատակները համայն Իրանի ժողովրդին են պատկանում: Խօսքերի այլ բաժնում ընդհանրապէս խօսելով Իրանահայութեան մասին, Հոջ. Իւնէսին շեշտեց, որ հայերը իրանական մշակոյթի անբաժանելի մասն են համարւում և նրանց չի կարելի զատել ընդհանուրից:
Թեմական Խորհրդի ներկայացուցիչ՝ Վարուժ Յովհաննիսեանը շնորհակալութիւն յայտնելով Հոջ. Իւնէսիի ուշադրութիւնից, ընդհանուր ներկայացրեց իրանահայութեան կարողականութիւնները նշելով, որ եթէ երկրի պետական հովանաւորութիւն աւելին լինի, ապա հայ համայնքը շատ աւելին կարող է դրսևորել իր հնարաւորութիւնները տարբեր բնագաւառներում:
Այցելութեան ընթացքին արտայայտւեցին նահատակ զինւորի մայրը, քոյրը և ընտանիքի միւս անդամները: Շնորհակալական խօսքով հանդէս գալով Տէր Կոմիտասը մաղթեց, որ նոր տարին լինի բարեբեր տարի համայն Իրանի ժողովրդի և պետութեան համար:
{gallery}201701/2017010201{/gallery}