Շաբաթ 12 նոյեմբեր 2016-ի կէսօրին Առաջնորդ Սրբազան հայրը ընդունեց Հայաստանից ժամանած ճառագայթային բուժման մասնագէտ բժիշկների պատւիրակութեան:
Այցելութեանը ներկայ էին նաև գիտաժողովի կազմակերպիչ, Երևանի «Վառան Արմենիա» նորակառոյց ընկերութեան խորհրդի նախագահ՝ դոկտ. Մոհամմադ Շահրամին, նոյն ընկերութեան ներկայացուցիչ՝ պրն. Շանթ Շահնազարեանը և «Ալիք» հաստատութեան տնօրէն՝ պրն. Արա Շահնազարեանը։
Խումբն եկած է Իրան, մասնակցելու ճառագայթային բուժման գիտաժողովին, որտեղ երկու երկրների մասնագէտներ ջանանում են ռադիօթռափի մասնագիտութեան գիտելիքներ փոխանցել միմեանց:
Ողջոյնի և բարեգալստեան խօսքից յետոյ, Սրբազան Հայրը նախ համառօտ բացատրութիւններ տւեց Թեհրանի Հայոց Թեմի և ընդհանրապէս հայերի Իրանում ունեցած իրաւունքների, հայ եկեղեցիների և ազգային դպրոցների մասին:
Սրբազան Հայրն իր խօսքերի մէջ արտայայտւեց նաև որ կրօնական փոքրամասնութիւնների միմեանց հետ գոյակցութեան մշակոյթն Իրանում գալիս է պատմութիւնից, կրօնական փոքրամասնութիւններն այստեղ ունեն իրենց իրաւունքները: Աւելացնելով որ հայերը, լինելով քրիստոնեայ փոքրամասնութիւն այս երկրում, ևս ունեն իրենց եկեղեցիները, կրօնական և ազգային արարողութիւնները և դպրոցները:
Առաջնորդ Սրբազանը նաև շեշտեց, որ իրանահայերն ունեն հնարաւորութիւն հայերէն լեզւով գրքեր տպելու, ապա Իրանում տպւած «Նոր Կտակարան»-ը և Մեծ Եղեռնի վերաբերեալ տպւած երկու գրքերից մէկական օրինակ նւիրեց իւրաքանչիւրին: