Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՈՂՋՈ՜ՅՆ 85-ԱՄԵԱՅ ԱԼԻՔԻՆ

Քրիստոնէական ջերմ սիրոյ եւ գոհունակութեան ու գնահատանքի անարատ զգացումներով ողջունում եմ իրանահայ գաղութի պատմութեան մէջ իր ինքնուրոյն եւ բացառիկ դերով ու առաքելութեամբ յատկանշւող, հայ մտքի լուսաւորութեան նւիրական գործով բնորոշւող եւ հայոց լեզւի, պատմութեան, մշակոյթի, պահանջատիրական պայքարի անմար ջահը վառ պահող 85-ամեայ Ալիքին եւ ՛՛ԱԼԻՔ՛՛- ի մեծ ընտանիքին, որի օճախի անշէջ կրակը միշտ բոցավառեց ու բոցավառում է եւ վստահաբար դեռ շատ երկար բոցավառելու է մեր կեանքը նոյնինքն Ալիք օրաթերթի միջոցով։

Մամուլի դերն ու առաքելութիւնը զանգւածների, ժողովուրդների կեանքի լուսաւորութեան գործում եղել է անգնահատելի։ Այսօր, առանց թերագնահատելու զանգւածային-հասարակաց էլէկտրոնային բազմաթիւ միջոցների առկայութիւնն ու նրանց ժխտական դերի կողքին նաեւ դրական դերակատարութիւնը, մամուլը իր բազմաբովանդակ հրապարակումներով դեռեւս մեծ ու նւիրական առաքելութիւն ունի մարդկային զանգւածները ճիշդ կերպով կողմնորոշելու եւ առաջնորդելու։

Հայ մամուլը, ինչպէս վկայում է իր պատմութիւնը, վճռական ու վճռորոշ դեր է ունեցել մեր ժողովրդի վերջին աւելի քան երկու հարիւր տարիների կեանքում։ Հայ մամուլը եղել է եւ է՛ լուսաւոր անշէջ ջահ, որ լուսաւորեր է մեր ժողովրդի կեանքը, եղել է յոյսի եւ լոյսի աղբիւր, որի դիմեր են լոյսի ու գիտութեան սիրահարներն ու ռահվիրաները ի խնդիր ճշմարիտ գիտութեան ձեռքբերման եւ մտքի ու հոգու լուսաւորութեան։

Հայ մամուլը, հաւատարիմ իր առաքելութեան եւ միաժամանակ գիտակից իր կոչումին, նախանձախնդիր ուսուցչի նման, փորձեց ու փորձում է ամէն բանից առաջ, լինել հայոց լեզւի պահապանն ու այն բիւրեղ կերպով փոխանցողը ժողովրդին. չմոռանանք, որ լեզուն մի ազգի զաւակների միջեւ մի կողմից հաղորդակցութեան, կապի միջոց է եւ միւս կողմից էլ իր հայրերի հոգեւոր ու մշակութային հարուստ ստեղծագործութեան հետ հաղորդակցւելու անփոխարինելի միջոցը։

Արդարեւ Ալիք օրաթերթը որպէս հայ մամուլի երիցագոյն անդամներից մին, անցեալ ութսունհինգ տարիների ընթացքին գործեց այն խոր գիտակցութեամբ, որ ինք իբրեւ բարեկամ ամէն մի հայ ընտանիքի, մուտք պիտի գործի այնտեղ նրան փոխանցելու իր լեզւի, հաւատքի, պատմութեան, մշակոյթի եւ ինչու չէ նաեւ պահանջատիրական իր պայքարի ոգով ու հոգով շաղախւած սնունդ. մի սնունդ, որը զօրացնելու եւ ամրացնելու է այն ընկալողին միտքն ու հոգին այլեւ կամքն ու եռանդը իր կեանքը հայօրէն ապրելու եւ ստեղծագործելու վճռակամութեամբ։

Ալիք օրաթերթը իրանահայ եւ յատկապէս թեհրանահայ կեանքում եղաւ, է եւ մնալու է որպէս մի դպրոց, աւելին իբրեւ մի դարբնոց, որ իր բիւրեղ ազգասիրութեամբ ու հայրենասիրութեամբ ջանաց իր ընտանիքի զաւակների աչքերը միշտ յառած պահել Արարատին ու քառագագաթ Արագածին, որի կատարից անպարան կախւած Լուսաւորչի կանթեղը հաւատքի ու յոյսի ճառագայթներով պայծառացնում է մեր ժողովրդի կեանքը։ Իբրեւ այդպիսին Ալիքը անցեալ ութսունհինգ տարիների ընթացքին յատկանշւեց։-

1- Առաջին, իր համապարփակ եւ ամբողջական ներկայացումով գաղութային մեր կեանքին կապւած իրողութիւնների, դէպքերի։ Բնականաբար հեշտ գործ չի եղել սա։ Ալիքը գիտակից իր առաքելութեան բծախնդիր յանձնառութեամբ կարողացաւ լինել մեր անցեալ ութսուն հինգ տարիների գաղութային ազգային-եկեղեցական եւ մշակութեային կեանքի գլխաւոր աղբիւրներից մին։

2- Երկրորդ Ալիքը հնարաւորութեան սահմաններում եղաւ կապ ու կամուրջ իրանահայ գաղութի եւ սփիւռքեան մեր միւս գաղութների եւ ինչու չէ նաեւ հայրենիքի միջեւ, իր ընթերցողներին պարբերաբար փոխանցելով հայկական գաղութներից ու հայրենիքից ՛՛խապրիկ՛՛ներ։

Ներքին կարգով, լինելով Թեհրանում, Ալիքը նախանձախնդրօրէն եղաւ ողջ իրանահայութեան օրաթերթ, հանդիսանալով ոսկեայ այն շղթան, որ իր օղակներով իրանահայ երեք թեմերը իրենց ազգային-եկեղեցական, մշակութային ու միութենական կառոյցներով իրար հաղորդակից դարձրեց, որպէս նոյն ազգի ու եկեղեցու զաւակներ։

3- Ալիքը, հաւատարիմ իր առաքելութեան, իր բովանդակութեամբ ջանաց միշտ նոր սերունդի հոգում վառ պահել սէրը իր հայրենիքի նկատմամբ եւ երկրորդ հաւատարմութիւն իր ազգային արժէքներին բայց մանաւանդ հայ դատի եւ անոր առնչւող բոլոր հարցերին։

Սփիւռքեան մեր գաղութների հայապահպանման, հայակերտման առաքելութեան կողքին կայ ամենանւիրականն ու ամենաէականը, որ մեր ժողովրդի պահանջատիրութեան ու մեր անժխտելի ու անժամանցելի իրաւունքների ձեռքբերման ի խնդիր յառաջ տարւող աշխատանքն է։

Հայաստանի վերանկախացումով ու Արցախի Հանրապետութեան գոյառումով մեր ողջ կեանքը հիմնովին կերպարանափոխւեց։ Դարերի երազը մեր ժողովրդի մի մասով իրականացւեց։ Արցախի հերոս ժողովուրդը իր կարգին, մեզ սովորեցրեց, թէ երբ մի ժողովուրդ տէր է կանգնում իր հողին, իր իրաւունքներին, նա անպայմանօրէն ձեռք կը բերի այդ։

Ալիք օրաթերթը անցեալ վերջին քսանհինգ տարիներին ի տես եւ ի լուր վերոյիշեալ իրողութեան, եղաւ շեփորհարը վերանկախացած մեր երկու հանրապետութիւնների տէր կանգնելու, նրանց զարգացման, խաղաղութեան ամրապնդման համար անխոնջ աշխատանք տանելու եւ վերջապէս սերունդները դաստիարակելու եւ ուղղորդելու դէպի հայրենիք։ Ի վերջոյ մի ժողովրդի, ազգի յաւերժութեան գլխաւոր կռւաններից մէկն իր հայրենիքն է։

4- Ալիքը իր ծննդեան առաջին օրւանից եղաւ նաեւ խօսնակը իր ծննդավայր հայրենիքի՝ Իրանի եւ հաւատարմօրէն ծառայեց իրանեան հայրենիքին։ Վտանգի ու պատերազմի պահերին Ալիքը իմաստնօրէն կողմնորոշեց ժողովրդին պաշտպանելու իր հայրենիքը։

Այո՛, Ալիքը Իրանում հրատարակւող իր ՛՛գործակից՛՛ների հետ ու միասին եղաւ նաեւ հայելին իրանեան ընկերութեան եւ հայրենիքին։

5- Ութսունհինգամեայ Ալիքը առանցքային դեր խաղաց ու խաղում է մեր նոր սերունդի եւ յատկապէս մտաւորականութեան գնահատելու, խրախուսելու դաստիարակիչ աշխատանքում։ Ալիքի էջերում հանդիպում ենք տարէց ու նոր սերունդի ստեղծագործութիւնների լինի դա արձակ կամ բանաստեղծութիւն. նորահաս սերունդի ներկայացուցիչների համար Ալիքը մի պատուհան է, որով նա մտնում է հայ գրականութեան անդաստանից ներս։

6- Ի վերջոյ Ալիքը եղաւ եւ է հաղորդակցութեան կապ եւ միջոց իր ընթերցողների եւ աշխարհի միջեւ։ Ալիքի էջերում ընթերցողը հանդիպում է օգտաշատ եւ մարդու միտքը հարստացնող գիտելիքների, կարդում է օգտաշատ տեղեկութիւններ ու զրոյցներ առնչւած գիտութեան եւ աշխարհի բազմաթիւ բնագաւառներին եւ դրանցով նա հաղորդ է լինում այժմէականօրէն հետաքրքրական ու դաստիարակիչ երեւոյթների։

Ութսունհինգամեայ Ալիքը եղաւ հայելին նաեւ մեր համայնքի, որին նայելիս տեսնում ենք մեր գաղութի կեանքը իր բազմերես, բազմագոյն ու բազմերանգ պատկերով, որ սակայն իր բազմազանութեամբ ու այլազանութեամբ հանդերձ կազմում է մի գեղեցիկ մոզայիք։

Ալիքը անցնող ութսունհինգ տարիներին ՛՛ալեկոծեց՛՛ մեր ժողովրդի կեանքը իր էջերից ժայթքող ալիքներով, ու այդ ալեկոծումից յառաջ եկած փրփուրները քնքշօրէն շոյեցին խաղաղութեան տենչով գործող ու ստեղծագործող մեր ժողովրդի զաւակների երեսը նրան ներարկելով առաւել ուժ, եռանդ ու կամք, հաւատք, յոյս ու սէր, որպէսզի իր կեանքը ապրի միշտ տեսիլքովը իր ամբողջական հայրենիքին իր ամբողջական ժողովուրդով։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ 

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ